ԱԺ-ում վստահելի իրավիճակ չունենք

49

ԱԺ-ում վստահելի իրավիճակ չունենք, այսօրվանից խորհրդարանական ուժերի հետ աշխատանքային քննարկումներ կունենամ. վարչապետ

Սահմանամերձ Երասխ, Վահան, Ճամբարակ, Խաչիկ, Խնձորուտ, Նոր Բազմաբերդ, Ոսկեվան, Ներքին Կարմիր աղբյուր, Վազաշեն, Չինարի, Մովսես, Պառավաքար, Բարեկամավան, Կոթի, Բաղավան, Վերին Կարմիրաղբյուր, Կողբ, Արծվաբերդ, Ծաղկավան, Այգեձոր, Այգեպար, Այգեհովիտ եւ այլ համայնքների բնակիչներն աշնանացան ցանքատարածությունների համար կստանան 60 հազար դրամ օգնություն՝ 1 հեկտարի համար: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն գյուղացիները, ովքեր կիրականացնեն աշնանացան, խոսքը ցորենի, գարու եւ կերային մշակաբույսերի աշնանացանի մասին է, այս մշակաբույսերի 1 հա իրականացրած ցանքի համար կստանան 60 000 դրամ սուբսիդիա՝ որպես աջակցություն: Ընդ որում, 1-7 հա կատարված ցանքի մասին է խոսքը: Համայնքների հողատարածքներից կիրականացնեն աշնանացան, 1 հա համար կստանան աջակցություն»,- ասաց նա՝ հավելելով. «Սա մեր քաղաքականության շրջանակներում է, երբ ասում ենք, որ պետք է քաջալերենք աշխատանքը ՀՀ-ում»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախատեսվում են բարեփոխումներ նաեւ այլ ոլորտներում, ծրագրում են կրճատել ծառայողական մեքենաների թիվը, բարձրացնել պետական կառավարման արդյունավետությունը, բարեփոխումներ անել ոստիկանության, պետավտոտեսչության եւ այլ ոլորտներում:

«Մենք քայլ-քայլ, շատ կոնկրետ պետք է առաջ գնանք: Մեր նպատակը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը արդյունաբերական երկիր դարձնելը եւ պետական կառավարման մակարդակը բարձրացնելը»,- ասաց նա:

Ըստ վարչապետի՝ Հեղափոխությունն արեցին ոչ թե քաղաքական առաջնորդները, այլ արեց ժողովուրդը: «Մեր դերակատարումն այն էր, որ ստեղծեցինք դաշտ՝ այդ հեղափոխությունն անելու: Նույնը մենք ցանկանում ենք անել տնտեսության մեջ: Մենք պետք է ստեղծենք բոլորի համար հավասար պայմաններ, որ իրենց հնարավորությունների, իրենց տաղանդի շրջանակներում իրականացնեն իրենց ծրագրերը»,- ասաց նա՝ նշելով, որ այս համատեքստում է կարեւորում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

«Ես այսօրվանից խորհրդարանական ուժերի հետ աշխատանքային քննարկումներ կունենամ, հետո կանցնեմ պաշտոնականի, չնայած դրանց մեջ տարբերություն չկա, որովհետեւ գիտենք, թե ինչի մասին է լինելու: Քննարկելու ենք, թե ինչպես, ինչ կարգով շուտափույթ դիմենք խորհրդարանական ընտրությունների: Ես հույս ունեմ, որ քաղաքական ուժերի հետ կարող ենք համաձայնության գալ եւ քաղաքացիներին դիմելու անհրաժեշտություն չի լինի: Վերջին ամիսները ցույց տվեցին, որ խորհրդարանում վստահելի իրավիճակ չունենք»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache