«Բա ի՞նչ անենք, Մարտի 1-ը չպիտի քննվի, կասկածյալները չպիտի կանչվեն, որովհետեւ Լավրովը կարող է լեզվի՞ն տալ». Լեւոն Բարսեղյան

59

«Երկու վարկած ունեմ. մեջս կասկած կա, որ երեւի թե Մարտի 1-ի հետ կապ ունի ՌԴ-ն կամ Կրեմլը: Վստահ չեմ, իհարկե, որ կա անմիջական կապ, բացի խորհրդատվությունը: Մյուսն այն է, որ իրենց վաղեմի գործընկերոջն են ուզում պաշտպանել այն համատեքստում, որ իրենց դուր չի գալիս, որ Նիկոլ Փաշինյանն ինքնուրույն քաղաքականություն է վարում, ինքնիշխանության դրսեւորումն իրենց համար տհաճ է: Եթե զանգ տված ու Կրեմլից թույլտվություն ստացած լիներ՝ վարվեմ այսպես, թե ոչ՝ ղժղոցները այսպես չէին ելնելու»,- ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը այսպես մեկնաբանեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ «Այդ հայտարարությունը նախկին կայսրության դժգոհություն եմ գնահատում՝ նախկին գաղութի իշխանությունների ինքնիշխան վարքից: Արժանի պատասխան պետք է ստանան, դիվանագիտական, քաղաքավարի պատասխան, որ սրացումներ չլինեն: Անտեսել չի կարելի»:

Մեր դիտարկմանը, որ ՌԴ-ին արժանի պատասխան տալու մեջ շատերը մեծ վտանգ են տեսնում՝ Լեւոն Բարսեղյանն արձագանքեց. «Պատասխան պետք է տանք Լավրովին: Գուցե Լավրովին կանչեն ասեն՝ ապեր, հաջորդ անգամ սենց կասես, էլի: Հա բա ի՞նչ անենք, դուրս չգա՞նք անձրեւին տնից: Մարտի 1-ը չպիտի՞ քննվի, կասկածյալները չպիտի՞ կանչվեն, որպես մեղադրյալ չպիտի՞ ներգրավեն, որովհետեւ Լավրովը կարող է լեզվի՞ն տալ: Կյանքը ընտրություն է, քաղաքական որոշումները նույնպես ընտրություն են: Հասկանալի է, որ հանրությունը ճնշող մեծամասնությամբ պաշտպանում է հետաքննությունը՝ որպես Հայաստանի ինքնիշխան իրավունք, այլապես մենք կունենանք այնպիսի նախադեպ, երբ ցանկացած իշխանավոր կորոշի, որ կարող է զորք բերել ժողովրդի վրա ու մնալ անպատիժ: Ես չեմ կարծում, որ հեղափոխություն արել ենք, որ այդ պրակտիկան շարունակվի»:

Հարցին՝ ՌԴ-ն չի թաքցնում իր զայրույթը հատկապես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ կապված, մենք այստեղ սխա՞լ ենք թույլ տվել՝ նախապես սահմանված ընթացակարգով ՀԱՊԿ-ից հետ չկանչելով՝ Լեւոն Բարսեղյանը պատասխանեց. «Եթե ինչ-որ սխալ էլ արվել է, դա չի եղել ՌԴ-ի կամ որեւէ մեկի հանդեպ: Ինձ թվում է սխալ տեղի չի ունեցել, մարդը որպես կասկածյալ ներգրաված է, մեղադրանք է ներկայացված, պատշաճ կերպով խափանման միջոց է ընտրված, գրավ է ներկայացված, ազատության մեջ է մարդը: Իրենց ունեցած 20 տարվա եղբայրությունը, գործընկերությունը, անձնական կապերը զգալ են տալու, իսկ գուցե այստեղից ներհայաստանյան ռեսուրսները ոտքի հանեցին, տեսան բան չստացվեց՝ երկու կուսակցություն եւ մի քանի քաղաքական գործիչ, հիմա փորձում են դրսից մա՞րդ բերել Հայաստանի վրա»:

Լավրովի հայտարարությունը Բարսեղյանը դիտարկում է, որպես Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ նրանց թիմերի կողմից «դրսից մարդ բերելու» քայլ, ինչպես փորձեցին անել հեղափոխության օրերին, թե ՌԴ-ն դժգոհ է, գազ է բաց թողնելու եւ այլն. «Դրսից մարդ բերելու հնարքները չեն անցնելու: Գնացեք փակվեք ձեր սենյակներում, մտածեք, թե ձեր սխալները որտեղ են եղել, դասեր քաղեք դրանից, հասկացեք, որ դուք իսկապես իրադրությանը չեք տիրապետում, Սերգեյ Լավրովն էլ չի տիրապետում իրավիճակին: Երկրում իրավիճակ է փոխվել, հասկացե՛ք, ձեր պատրանքներով ապրելու իմաստը չկա»:

Հարցին՝ ասացիք, որ Մարտի 1-ի գործում ՌԴ-ի մասնակցության հետ կապված կասկածներ կան, որտեղի՞ց են այդ կասկածները, զուտ Լավրովի՞ հայտարարությունից, թե՞ այլ հիմք ունեն՝ Լեւոն Բարսեղյանը պատասխանեց. «Պիտի որ հիշեք, Մարտի 1-ից անմիջապես առաջ Քոչարյան Ռոբերտը Կրեմլում էր, ես չեմ կարող հավատալ, որ այդ հարցը չի քննարկվել, թե ի՞նչ պիտի արվի, պիտի արվի ինչպես մի՞շտ, ասենք՝ մի քանի հոգու ծեծել, բռնել տանելով ու ժողովուրդը կցրվի, թե՞ կիրառենք ուրիշ միջոցներ…կա գաղտնի հրամանագիր, որի բովանդակությունից գաղափար չունենք: Դրա համար կասկածներ ունեմ եւ լավ կլինի, որ այդ կասկածները հետաքննությամբ չհաստատվեն, պարզվի, որ Ռոբերտ Քոչարյանը որեւէ այդպիսի գործողություն չի արել այդ օրերին, որը կարող է մեկնաբանվել ՔրՕրով որպես դավաճանություն»:

Ըստ պարոն Բարսեղյանի, Լավրովի հայտարարությունը ոտնձգություն է մեր ինքնիշխանության նկատմամբ. «Պատկերացնո՞ւմ եք, որ ՌԴ-ում մեղադրվի ինչ-որ մի պաշտոնյա սահմանադրական կարգը տապալելու մեջ, խափանման միջոց ընտրվի կալանք ու այստեղից Մնացականյանն ասում է՝ այս ի՞նչ բան է, ձեր հայտարարած քաղաքականությունը հակասում է ձեր գործողություններին, չափի եկեք, կարգի եկեք եւ այլն: Ես չեմ պատկերացնում: Եթե այդպիսի բան լինի, անմիջապես այնտեղից կասեն՝ մեր ներքին գործերին ինչի՞ եք միջամտում»:

Բարսեղյանն ասաց, որ շատ հետաքրքիր է, թե ինչ պատասխան է տալու Զոհրաբ Մնացականյանը Լավրովին. «Մնացականյանը պիտի ապացուցի, որ ինքը Նալբանդյանի քաղաքական վարքի ժառանգորդը չէ, 5 ամիս հետո չհիշի, որ Լավրովը նման բան է ասել, հենց այսօր պիտի արձագանքվի՝ համապատասխան կերպով, քաղաքավարի եւ արժանապատվությամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache