Բաց թողնված կարևորագույն խնդիրը. Հունան Պողոսյանի նշանակման հետքը

88

1in.am — Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնին առաջացրել է հասարակության մի ստվար մասի դժգոհությունը, այն առումով, որ նոր Հայաստանում պաշտոնների են նշանակվում մարդիկ, որոնք բարձրաստիճան դեր են ունեցել նախորդ իշխող համակարգում, առավել ևս՝ իրավապահ կառույցներում: Համանման դժգոհության տեղիք տվել էր, օրինակ, Վալերի Օսիպյանի նշանակումը ոստիկանապետի պաշտոնում: Նիկոլ Փաշինյանն այսօր բացատրել է, որ խնդիրը նոր ու հին համակարգը չէ, այլ պրոֆեսիոնալիզմը, և չպետք է դրսևորել քաղաքական ռասիզմ, այլ կադրային ներուժը ծառայեցնել նոր Հայաստանին:

Այստեղ, թերևս, մի իրավիճակ է, երբ իրավացի են թե՛ վարչապետը, թե՛ հասարակությունը, որ դժգոհում է: Դա անցումային, միջանկյալ իրավիճակին բնորոշ հատկանիշ է, որտեղ միախառնված են նորն ու հինը, ու միաժամանակ նաև նույն վարչապետի, այսպես ասած, հեղափոխական հռետորաբանությունը պետական վարքագծի հետ: Ընդ որում՝այստեղ էլ ակնառու է, որ Փաշինյանն էլ ստիպված է համադրել այդ երկուսը, քանի դեռ հեղափոխությունն ու իշխանափոխությունն ավարտված չէ: Իրականում այստեղ խնդիրները բավականին խոր հոգեբանական են և առնչվում են նախորդ համակարգի թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր սուբյեկտների գործունեության խորքային հետևանքներին: Դրանք պետք է հաղթահարել, այլապես կա մտավախություն, որ թավշյա հեղափոխության ամբողջ իմաստը կգա ու կհանգի ընդամենը նախորդ համակարգի հանդեպ հանրային ատելության, այսպես ասած, հագուրդ տալուն ու վրեժխնդրության ծարավը հագեցնելուն:

Մինչդեռ դրանից հետո ոչ միայն չի առաջանալու որևէ նոր բան, այլ հանկարծ կարող է առաջանալ հանրության էմոցիոնալ դատարկություն, վակուում, երբ հասարակությունն ինքն իր համար կարող է սարսափով բացահայտել, որ տարիներ շարունակ ներսում կուտակվել է միայն ատելություն, և իրականում ոչ մի ստեղծագործական էներգիա էլ ճնշված չի եղել, այլ ճնշված է եղել ատելությունը: Հայաստանում նախորդ իշխանական կամ քաղաքական համակարգի գործունեության հետևանքը մեզանում դիտարկվել է միայն իրավական, տնտեսական, քաղաքական ասպեկտներով, իսկ առանցքայիններից մեկը՝ հոգեբանականը, մնացել է հիմնական դիտարկումներից դուրս: Մինչդեռ, ինչպես անհատի կյանքում մի շարք տնտեսական, կենցաղային, կարիերային և մասնագիտական խնդիրներ գալիս են առաջին հերթին հոգեբանությունից, հետո նոր այլ հատկանիշներից ու կարողություններից, այդպես էլ հասարակությունների կյանքում առանցքայինը հոգեբանությունն է, հետո նոր դրանից բխող մնացյալ վարքագծային շեղումները և հատկանիշները:

Այս տեսանկյունից իսկապես կա հասարակությանը հոգեբանական հանգիստ ռեժիմի բերելու խնդիր, որովհետև սա կոնցեպտուալ նշանակություն է ունենալու հասարակական-պետական կյանքի զարգացման հեռանկարի, արդյունավետության համար: Սրանով են, ի դեպ, պայմանավորված նաև վախերը նախկին համակարգից, որով, չնայած այդ համակարգի հանդեպ մի քանի ամիս առաջ տարած հաղթանակին, այդուհանդերձ, մինչ այժմ ապրում է հասարակությունը: Եվ սա արդեն արտահերթ ընտրությամբ չէ, որ կարող է անցնել: Անգամ արտահերթ ընտրությունից հետո հասարակությունը կշարունակի ապրել այդ վախով, եթե հասարակական և պետական էլիտաները հանրությանը չսնուցեն հեռանկարային գաղափարներով ու նախագծերով, այլ շարունակեն վախեցնել նախկինի ռևանշով:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache