Լրահոս

Բացահայտվել է Արցախի դեմ գրոհի պլանը

 

l-104516

lragir.am-ը գրում է. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հայաստանյան այցի ընթացքում փաստորեն բացահայտվեցին Արցախի դեմ ապրիլի 2-ին Ադրբեջանի սանձազերծած գրոհի պլանը, դրա մշակման հստակ ընթացակարգն ու առաջնային շահառուները:
Դա արեց Հովիկ Աբրահամյանը, կամա թե ակամա, Դմիտրի Մեդվեդեւին խնդրելով, որ արագացնեն Հայաստանին 200 միլիոն դոլարի սպառազինության տրամադրումը: Պարզվում է, որ Ռուսաստանը վարկը «դուրս է գրել» արդեն, սակայն դրա դիմաց սպառազինության պայմանագրերը կնքված չեն, սպառազինություն չկա:
Իսկ մի քանի ամիս առաջ ռուսաստանյան լրատվամիջոցները հրապարակում են Հայաստանին իբր թե մատակարարվելիք սպառազինության ցանկը: Դրանից հետո Ադրբեջանը հանդես է գալիս բողոքի նոտայով, ՌԴ ԱԳՆ-ից պահանջելով երաշխիք, որ այդ սպառազինությունը չի կիրառվի Ադրբեջանի դեմ:
Ռուսաստանը լռում է մի քանի օր, մինչեւ Պուտինը հեռախոսազրույց է ունենում Ալիեւի հետ: Հետո մի քանի ժամ անց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան հայտարարում է, թե «հույս ունեն», որ Ադրբեջանն ըմբռնումով կմոտենա Հայաստանին զենք մատակարարելուն, քանի որ ՌԴ-ն ունի դաշնակցային պարտավորություններ: Զախարովան միաժամանակ ասում է, թե սպառազինություն մատակարարելիս հաշվի են առնում հավասարակշռության խնդիրը:
Դա բացահայտ եւ ուղիղ երաշխիք էր Ադրբեջանին, որ Բաքուն չունի մտահոգվելու առիթ: Այսինքն, Ադրբեջանին միլիարդավոր դոլարների մահաբեր սպառազինություն մատակարարած Ռուսաստանը այդ կապակցությամբ ոչ մի հանգամանալից բացատրություն չի տվել Հայաստանին, սակայն հանգամանալից բացատրում է իրավիճակն Ադրբեջանին: Իսկ ի՞նչ էր բացատրում ՌԴ-ն: ՌԴ-ն բացատրում էր, որ Ադրբեջանը չունի անհանգստանալու կարիք, քանի որ Հայաստանի հետ սպառազինության պայմանավորվածությունը այնպիսին չէ, որ անհանգստություն պատճառի Ադրբեջանին: Այլապես, ի՞նչ հավասարակշռության մասին կարող է լինել խոսքը, եթե Ադրբեջանին մատակարարվում է ընդհանուր առմամբ մոտ 6-7 միլիարդ դոլարի արդիական սպառազինություն, իսկ Հայաստանին դրա ընդամենը մոտ 5 տոկոսի չափով, այն էլ ոչ այնքան արդիական, եւ այն էլ՝ ինչպես պարզվում է՝ չի էլ մատակարարվում:
Եվ անկասկած է, որ ռուսական կողմը Բաքվին փոխանցել է տեղեկությունը, որ Հայաստանի սպառազինությունը մատակարարված չէ, եւ չեն էլ պատրաստվում դա անել առաջիկայում: Այդ տեղեկությունը Բաքվին փոխանցվել է ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի այցի ընթացքում, որին Պուտինը գիշերով գործուղել էր Բաքու՝ Ադրբեջանին սպառազինության նոր խմբաքանակի հետ կապված Բաքվի դիտողությունները լսելու համար:
Իսկ Բաքուն դժգոհել էր տեխնիկական կոմպլեկտացիայից՝ իբրեւ թե, իսկ իրականում Ռուսաստանի հետ անկասկած քննարկվել են ադրբեջանական եւ հայկական զինուժների ռազմա-տեխնիկական հարաբերակցության հարցերն, ու Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է արդեն առավել անմիջական երաշխիքներ, որ Երեւանին մատակարարված չէ արդիական սպառազինությունը, հետեւաբար հնարավոր է պատրաստվել գրոհի:
Այլապես, մեղմ ասած տարօրինակ է, երբ Ռուսաստանը Հայաստանին սպառազինությունն ուշացնում է, չի մատակարարում, իսկ նրա հակառակորդ, նրան պատերազմով սպառնացող Ադրբեջանին ոչ միայն մատակարարում է, ոչ միայն գիշերով թռչում են Բաքու լսելու, թե ինչ դժգոհություն ունի Ալիեւը, այլ նույնիսկ ՌԴ նախագահի մակարդակով են արձագանքում դրան, Բաքվին տալով բարձրագույն երաշխիքներ:
Ադպիսով, ակնհայտ է, որ Արցախի դեմ գրոհից առաջ, մի քանի օրերի ընթացքում Ռուսաստանը Ադրբեջանին տվել է ռազմա-տեխնիկական գործնականում բոլոր երաշխիքները, որ հայկական բանակն ունակ չէ կազմակերպել ռազմա-տեխնիկական համարժեք դիմադրություն, որ հայկական կողմը չի ստացել Ադրբեջանի ստացածի գոնե 5 տոկոսի սպառազինությունը, հետեւաբար Մոսկվան ապահովել է Բաքվի գրոհի՝ բլից-կրիգի «կարմիր գորգը»:
Ռուսաստանի հետագա գործողությունը վկայում է, որ դա եղել է համատեղ պլանավորված հստակ ռազմարշավ, որի նպատակն է եղել տարածք խաղաղապահի դիմաց ռուսական գաղափարի վերակենդանացումը, որը երկրորդ պլան եւ գործնականում փակուղի էր մղվել շփման գծում հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ամերիկյան առաջարկի պատճառով:
Ռուս-ադրբեջանական հաշվարկը պարզապես հաշվի չէր առել մի հանգամանք՝ Հայաստանի մարդկային ռեսուրսը: Ըստ երեւույթին, տարիներ շարունակ Ռուսաստանի հակահայկական քաղաքականությունն արդարացնող ռուսական կայսրության քարոզչական սպասարկող անձնակազմը՝ տարատեսակ քաղաքական գործիչներ, նրանց կից փորձագետներ, տարբեր մասնագետներ, հավատացրել են մետրոպոլիային, որ հասարակական դիմադրունակության ռեսուրսը ոչնչացված է վաղուց:
Ի դեպ, հավանաբար առաջիկայում Ռուսաստանը կսկսի լրջորեն զբաղվել իր այդ ապոլոգետներով, որոնք փաստորեն վրիպել են, կամա թե ակամա ձախողելով ռուս-ադրբեջանական գործարքը: Գոնե դրա «ակնթարթային» բնույթը, քանի որ ներկայում ակնհայտ է Մոսկվայի եւ Բաքվի ջանքը՝ տարածք խաղաղապահների դիմաց գործարքը առաջ մղելու հարցում:
Ընդ որում, աստիճանաբար բավական շոշափելիորեն նկատվում է նաեւ «ապոլոգետների» ջանքի ակտիվացումը, ըստ երեւույթին ինքնապաշտպանության նպատակով՝ Հայաստանում Ռուսաստանի ոչնչացված դիրքերը վերականգնելու, եւ այդպիսով «մետրոպոլիայի» առաջ արդարանալու, այսպես ասած ինդուլգենցիա ստանալու համար:
Բանն այն է, որ ռուս-ադրբեջանական պլանի համաձայն, բլից-կրիգը պետք է ոչնչացներ հայկական դիրքերն Արցախում, բայց փաստացի ստացվեց, որ Ադրբեջանին ժամացույցի ճշտությամբ մատակարարված ռուսական սպառազինությունը սպանել է մի քանի տասնյակ հայ զինվոր ու հրամանատար, բայց ոչնչացրել է Հայաստանում ռուսական դիրքերը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am