Լրահոս

Բաքուն հայտնվել է «մեռյալ կետում» եւ ելք է փնտրում

 

Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հայտարարել է, որ մարտին այցելելու է Մոսկվա, որտեղ ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ կքննարկի նաեւ Արցախի հակամարտության հարցը: Մամեդյարովը հայտարարել է, թե հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել մեկ գիշերում, բայց գործընթացը «մեռյալ կետից պետք է շարժել»:

Մամեդյարովը Մոսկվայում էր նաեւ հունվարին, որտեղից վերադառնալուց հետո հայտարարեց, թե Ռուսաստանը ցանկանում է կազմակերպել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում, որին Բաքուն համաձայն է: Երեւանն անմիջապես արձագանքեց քաղաքավարի անհամաձայնությամբ, իսկ Մոսկվան ԱԳՆ խոսնակի միջոցով հայտարարեց, որ պատրաստ են նպաստել կողմերի միջեւ համաձայնությանը եւ ջանք չխնայել դրա համար, բայց ոչինչ չեն կարող պարտադրել:Մոսկվան այդպիսով Բաքվին ակնարկեց, որ ներկայում պատրաստ չէ կամ պատեհ չէ Երեւանի վրա ճնշում բանեցնել եռակողմ այդ հանդիպման համաձայնություն ստանալու համար:

Դրանից մի քանի շաբաթ անց Մյունխենում անվտանգության միջազգային համաժողովի շրջանակում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հադիպումը, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եռյակի հովանու ներքո:Եռյակը նաեւ հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, պատերազմը չի տա ոչինչ եւ պետք է քայլեր կատարել կարգավորման, առաջին հերթին հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման ուղղությամբ:Դրանից չորս օր անց Մոսկվայում Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդական ձեւաչափը չունի այլընտրանք:Այդպիսով, թե համանախագահները, թե Լավրովը իրենց հայտարարությամբ գործնականում ազդարարեցին, որ ապրիլի անհաջող արկածախնդրությունից հետո Ադրբեջանն իսկապես «մեռյալ կետում» է:

Բաքուն ակնհայտորեն փորձում է դուրս գալ այդ կետից, ընդ որում այդ հարցում ձգտելով մանեւրել Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ, միաժամանակ մերժման արժանանալով երկուստեք: Ալիեւը փորձեց աջակցություն ստանալ Եվրոպայում, որտեղ նրան մերժեցին բավական կոպտորեն:Այժմ Բաքուն հայտարարում է մարտին Մոսկվայում հերթական փորձը ձեռնարկելու մասին, բացահայտ ասելով, որ նպատակը «մեռյալ կետից» դուրս գալն է, որտեղ արգելափակվել է ապրիլի իր ագրեսիայից հետո:Ադրբեջանի համար իրավիճակը ռազմա-քաղաքական առումով փակուղային է ոչ միայն հայ-ադրբեջանական հակամարտության, այլեւ առավել լայն ընդգրկումով:

Բանն այն է, որ ուշագրավ միտում է նկատվում ռուս-վրացական ուղղությամբ, որտեղ հայտարարվում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով ռուս-վրացական տրանսպորտային միջանցքների գործարկման հարցում համաձայնության գալու հնարավորության մասին:Եթե այն իրագործվի, կդառնա նախադեպ, վկայելով աշխարհքաղաքական զարգացման նոր միտումների մասին: Մասնավորապես, խոսքը առանց քաղաքական կարգավորման հաղորդակցությունների գործարկման մասին է: Իսկ դա ադրբեջանական դիվանագիտությունն ու մարտավարությունը կարող է մղել լուսանցք առավել լայն համատեքստում:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing