Լրահոս

Բաքուն մոտեցնում է այդ հեռանկարը

 

Ալիեւի շանտաժը Ռուսաստանին եւ Իրանին. Եվրոպան փակեց թակարդը
Ադրբեջանի նախագահ Ալիեւը, ընդունելով Եվրամիության հարեւանության եւ ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Մանին, ասել է, թե Բաքուն պատրաստ է գործադրել ԵՄ հետ կապերն ընդլայնելու ջանք: Մանի այցի ընթացքում խոսվել է գործակցության համապարփակ համաձայնագրի մշակման մասին, որն ըստ նրա պետք է ներառի բոլոր կարեւոր ոլորտները՝ տնտեսությունից անվտանգություն:

Ի՞նչ նկատի ունի Յոհաննես Մանն անվտանգություն ասելով: Բանն այն է, որ Ադրբեջանը եվրոպական անվտանգության սպառնալիք սուբյեկտ է: Բաքուն Եվրամիությանը չի սպառնում պատերազմով, բայց անում է դա Հայաստանի ու Արցախի հանդեպ: Իսկ եթե պատերազմ լինի Հայաստանի եւ Արցախի դեմ, ապա այստեղ արդեն Եվրամիությանը կմնա կամ անմիջականորեն մտնել պատերազմի մեջ եւ պաշտպանել իր հարեւանության սահմանը «անձամբ»՝ այժմ այդ սահմանը պաշտպանում է հայկական զինուժը, զսպած պահելով Ադրբեջանին, կամ զգալիորեն հետ քաշվել ոչ միայն ընդլայնված, այլ նույնիսկ «բնական» սահմաններից:

Եվրամիությունն ամենայն հավանականությամբ գիտակցում է խնդրի լրջությունը: Համենայն դեպս դա են վկայում Արցախի խնդրում Եվրամիության առաջատարների՝ Փարիզի ու Բեռլինի մոտեցումները, որոնք առաջնահերթ են համարում հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրումը, ինչը գործնականում նշանակում է Ադրբեջանին միջազգային պատասխանատվության մեխանիզմով զսպում:

Դա է վկայում ընդհանրապես Եվրոպայի վերաբերմունքը Ալիեւի հանդեպ, որին փետրվարին Բրյուսել կատարած այցի ընթացքում ուղղակի նվաստացրին: Ըստ այդմ, պետք է ենթադրել, որ Ադրբեջանի հետ պատրաստվող համաձայնագրում անվտանգությանն առնչվող գործոնները Եվրամիությունը կուղղի հենց Բաքվի ռազմատենչությունը զսպելուն, այդ խնդրի լուծման մեխանիզմներ ներդնելուն:

Պետք է ենթադրել, որ եվրահանձնակատար Մանը փորձել է օգտվել Ալիեւի բավական անհարմար վիճակից: Ադրբեջանի նախագահը անկասկած լավ օրից չէ, որ հայտարարում է Եվրամիության հետ կապը խորացնելու ջանքի մասին: Դա ասում է այն Ալիեւը, որը մի քանի ամիս առաջ տարբեր առիթներով «գրողի ծոցն էր» ուղարկում Եվրոպան:
Ալիեւն այդ ընթացքում ուներ Ռուսաստանի հետ այսպես ասած եռակողմ ֆորմատը վերականգնելու հույս, որի շնորհիվ տարածաշրջանում կվերականգնվեր նախաապրիլյան վիճակը, որում Բաքուն թելադրող դիրքում էր: Ապրիլին Բաքուն մի քանի մարտական դիրք վերցրեց, սակայն կորցրեց էական, ռազմավարական նշանակության քաղաքական դիրքեր:
Բայց Բաքվի հույսը չարդարացավ: Պատճառներն իհարկե տարբեր են: Ընդհանուր առմամբ Մոսկվան ինքը ապրիլի պատերազմից հետո կորցրել է կարեւոր դիրքեր՝ Հայաստանում ու տարածաշրջանում, հայտնվելով որոշակի փակուղային վիճակում: Բանն այն է, որ Ադրբեջանը փակուղուց դուրս գալու համար ունի Մոսկվայի կարիքը, բայց Մոսկվան փակուղուց դուրս գալու համար ստիպված է մերժել Ադրբեջանին:

Դրանով է պայմանավորված այն, որ Ռուսաստանը վերջին ամիսներին մի քանի կոշտ հայտարարություն է արել Ադրբեջանի ուղղությամբ: Վերջինը բառացիորեն նախօրեին էր, երբ Մանը Բաքվում էր, իսկ Մոսկվայում ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան հայտարարում էր, որ Արցախի հարցում պետք է լինի փոխզիջում, բայց ոչ ի վնաս Արցախի բնակչության ապագայի: Իսկ հարցն այն է, որ անզեն աչքով անգամ տեսանելի է՝ Արցախի բնակչության ապագան նվազագույն անվնասության ռեժիմում է ներկայիս ստատուս-քվոյի պայմաններում, հետեւաբար ստացվում է, որ Զախարովան հայտարարում է, որ փոխզիջում պետք է ձեռք բերվի ստատուս-քվոյի անձեռնմխելիության հիմքով:
Իհարկե ոչ միայն հնարավոր է, այլ նույնիսկ խիստ հավանական է, որ փակուղուց դուրս գալուց հետո, Ռուսաստանը սկսի փակուղուց դուրս բերել նաեւ Բաքվին, քանի որ Բաքվի հետ հարաբերության սառեցումը Ռուսաստանի ծրագրի մեջ չէ: Ապրիլից հետո Մոսկվան մարտավարական առումով ստիպված է մերժել Բաքվի հայցերը, սակայն ռազմավարության տեսանկյունից Մոսկվայի մոտեցումը շարունակում է մնալ նույնը, գոնե առայժմ:
Դրա վրա էլ փորձում է խաղալ Ալիեւը, ընդ որում ոչ միայն Ռուսաստանի ուղղությամբ, այլ նաեւ Իրանի՝ հայտարարելով ԵՄ հետ կապը խորացնելու պատրաստակամության մասին: Մի կողմից Ալիեւն ունի դրա անհրաժեշտությունը օբյեկտիվորեն, մյուս կողմից դա իհարկե շանտաժ է Ռուսաստանին, ու նաեւ Իրանին, որը եւս Ադրբեջանին արգելում է պատերազմել: Արգելում է նաեւ Եվրամիությունը, բայց Ալիեւը չունի Ռուսաստանին ու Բաքվին հակադրելու այլընտրանք, քան դիվանագիտական շանտաժը, քանի որ հայկական զինուժն էլ էապես սահմանափակել է ռազմական շանտաժի հնարավորությունը:

Ասում են, որ անկյուն քշված առյուծը դառնում է վտանգավոր: Բայց Ալիեւը հաստատ առյուծ չէ, հետեւաբար վտանգը ավելի շուտ տեսական է: Վտանգի ունակ լինելու դեպքում նրան անկյուն չէին քշի, քանի որ մասշտաբային ռազմական գործողությունը Կովկասում ներկայում անհրաժեշտ չէ ոչ մեկին: Նույնիսկ Ադրբեջանին: Ալիեւը «պատերազմի իրավունքը» պատերազմելու համար չէ, որ փորձում է վերականգնել: Նա անկասկած լավ է պատկերացնում, որ պատերազմի դեպքում Ադրբեջանը չի լինելու հաղթող, եթե անգամ հաղթող չլինի Հայաստանը: Հաղթողը լինելու է Ռուսաստանը, Ալիեւը դա լավ է հասկանում: Ըստ այդմ նրա համար ավելի կարեւոր է իր միակ՝ «ռազմական դիվանագիտության» գործընթացին նոր շունչ տալը, որ Հայաստանի մինչ այժմ տարած հաղթանակը չստանա միջազգային ձեւակերպում:
Բայց, ըստ երեւույթին որքան աշխույժ է փորձում դրան խանգարել Բաքուն, այնքան մոտեցնում է այդ հեռանկարը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing