Լրահոս

Բաքուն նպատակադրել է նվաճել Արցախի տարածքի առնվազն կեսը. հակախաղը քաղաքական մակարդակում է

 

Ադրբեջանական կողմը 2016-ի ապրիլյան ռազմական ագրեսիայի միջոցով կարողացավ որոշ չափով փոխել ոչ միայն 1994-ից ի վեր հաստատված տարածքային, այլև քաղաքական ստատուս քվոն Ղարաբաղյան ճակատում և հիմա նաև ռազմական սադրանքների միջոցով շարունակում է ճնշում գործադրել Հայաստանի ու Արցախի և միջնորդների վրա՝ Արցախյան հիմնախնդիրը իր նախընտրած տարբերակով լուծելու նպատակով: Պաշտոնական Երևանը, ի դեմս ՀՀ ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանի, «Իսկանդեր» համակարգերը գործի դնելու հնարավորության մասին հայտարարությամբ նախազգուշացրել է Ադրբեջանին, որ վերջինիս նախաձեռնությամբ լայնածավալ պատերազմի սանձազերծման դեպքում հայկական կողմերն ունակ են հսկայական և անվերականգնելի կորուստներ պատճառել հակառակորդին: Բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանի ռազմական ակտիվությունը սահմանափակ է, չի վերածվում տոտալ պատերազմի և կոչված է օժանդակելու Բաքվի քաղաքական նպատակների իրագործմանը, հետևաբար հայկական կողմերը պետք է քաղաքական մակարդակում գտնեն հակախաղը և այդ միջոցով կասեցնեն հակառակորդի սահմանափակ ռազմական ակտիվությունը:

Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցերին՝ նման մեկնաբանություն է տվել ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը: Մեր զրուցակիցը ներկայացրել է իր դատողությունները Արցախյան ճակատում և Արցախի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների մասին:

– Պարոն Մելիքյան, ինչո՞վ եք պայմանավորում այս օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանի համար աննախադեպ լարումը։ Ադրբեջանում նոր Սահմանադրության համաձայն՝ իշխանություն է ձևավորվում. Իլհամ Ալիևը տիկնոջը նշանակել է այդ երկրի առաջին փոխնախագահ։ Ղարաբաղյան հիմնահարցով վերջին լուրջ շփումը եղել է Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների մակարդակով։ Առաջիկայում սպասվում է Էլմար Մամեդյարովի այցը և հանդիպումը իր ռուսաստանցի գործընկերոջ հետ։ Առաջիկայում Սերժ Սարգսյանը մեկնելու է Բրյուսել, որտեղ Ադրբեջանի նախագահն արդեն անփառունակ այցով է եղել և աչքի է ընկել։ Բրյուսելից հետո սպասվում է Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա։ Մինչ այդ ռուսական լրատվամիջոցների հետ ծավալուն հարցազրույցով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Այս բոլոր զարգացումներում որևէ հիմնավոր պատճառ տեսնո՞ւմ եք, որը պետք է պաշտոնական Բաքվին ստիպի գնալ արկածախնդրության և միաժամանակ հարձակման և դիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկել։

– Հավանաբար նախ արժե հիշել, որ սահմանադրական փոփոխություններ են տեղի ունեցել ոչ միայն Ադրբեջանում, այլև գրեթե միաժամանակ նաև Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում: Պաշտոնական Բաքուն, Երևանն ու Ստեփանակերտը զուգահեռաբար են կերպափոխում հատկապես պետության բարձրագույն գործադիր իշխանության ինստիտուտները:

Ադրբեջանական գործող վարչակազմն ամրապնդում է երկրում Ալիևների բացառիկ ընտանեկան իշխանությունը և փորձում է ապահովագրել դրա շարունակականությունը անգամ այն դեպքի համար, եթե ինչ-ինչ պատճառներով Իլհամ Ալիևը դադարի լինել պետության ղեկավար: Մյուս կողմից՝ տիկնոջը նշանակելով առաջին փոխնախագահի պաշտոնում՝ պարոն Ալիևը նվազեցնում է նաև հնարավոր հակառակորդների կողմից իր դեմ մահափորձի կազմակերպման նպատակահարմարության աստիճանը, քանի որ այժմ իր ֆիզիկական չեզոքացման պարագայում իշխանության վակուում չի առաջանալու. իշխանությունը անմիջապես կժառանգի տիկին Մեհրիբանը: Նոր իրավիճակում Ալիևների քաղաքական հակառակորդներն իշխանափոխության ուժային սցենարը հաջողությամբ գլուխ բերելու համար ստիպված են լինելու միաժամանակ թիրախավորել և՛ երկրի նախագահին, և՛ առաջին փոխնախագահին: Որքան էլ որ մեզանում ծաղրեն այս մոտեցումը, կարծում եմ, որ Ադրբեջանի ներքաղաքական իրողությունների պարագայում այն կարող է արդյունավետ լինել:

Դրան հակառակ՝ Հայաստանի Հանրապետությունում իրականացված սահմանադրական փոփոխությունները հանգեցնելու են երկրի համար ճակատագրական որոշումների կայացման հետ կապված փաստացի կառավարիչների անհատական պատասխանատվության լղոզման. այդ պատասխանատվությունը բաշխվելու է ԱԺ-ում մեծամասնություն կազմող կուսակցության կամ դաշինքի առնվազն 65 անդամների միջև: Մինչդեռ Արցախում սահմանադրական փոփոխությունները հանգեցրել են գործադիր իշխանության՝ երկրի նախագահի ձեռքում գերկենտրոնացմանը և ԱԺ-ի՝ առանց այդ էլ բավականին խորհրդանշական դերակատարման լրացուցիչ նսեմացմանը, ինչը որոշակի վտանգներ է պարունակում ոչ միայն արցախյան ժողովրդավարության զարգացման, այլև երկրի ներկայիս տարածքային ամբողջականության պահպանման տեսանկյունից:

Այս ամենի հետ միասին պետք է նկատի ունենանք նաև այն, որ ապրիլյան ռազմագործողությունը նախաձեռնելու միջոցով Ադրբեջանը կարողացավ խախտել 1994 թվականից ի վեր հաստատված ոչ միայն տարածքային, այլև քաղաքական ստատուս քվոն և շարունակում է ուժեղացնել իր քաղաքական ճնշումը հայկական կողմերի և միջնորդների վրա՝ Արցախյան հիմնախնդիրն իր նախընտրած տարբերակով լուծելու նպատակով: Դրա համար պաշտոնական Բաքուն իր քաղաքական ձեռնարկումները զուգորդում է նաև շփման գծում ռազմական ակտիվության շարունակական ավելացմամբ:

ՀՀ պաշտպանության նախարարի հարցազրույցը Ադրբեջանին հասցեագրված նախազգուշացում է պարունակում, ըստ որի՝ վերջինիս նախաձեռնությամբ լայնածավալ պատերազմի սանձազերծման դեպքում հայկական կողմերն ունակ են հսկայական և անվերականգնելի կորուստներ պատճառել հակառակորդին: Բայց խնդիրն այն է, որ ադրբեջանական կողմի ռազմական ակտիվությունը սահմանափակ է, չի վերածվում տոտալ պատերազմի և կոչված է օժանդակելու Բաքվի քաղաքական նպատակների իրագործմանը: Հայկական կողմերը պետք է քաղաքական մակարդակում գտնեն հակախաղը և այդ միջոցով կասեցնեն հակառակորդի սահմանափակ ռազմական ակտիվությունը: Կարծում եմ, որ այժմ պաշտոնական Բաքուն նպատակ է դրել, առանց Արցախի անկախությունը ճանաչելու, իր վերահսկողության տակ առնել նրա ներկայիս տարածքի առնվազն կեսը, իսկ Հայաստանի գործող ղեկավարությունը առայժմ խելամտորեն հրաժարվում է քննարկել ադրբեջանական պահանջները, բայց նաև գործնական քայլեր չի կատարում սեփական բանակցային փիլիսոփայությունն ու դիվանագիտական մարտավարությունը վերանայելու ուղղությամբ:

– Ինչպես արդեն նշեցիք՝ Արցախում ևս փոփոխվել է Սահմանադրությունը: Փետրվարի 20-ի սահմանադրական հանրաքվեն ուղղորդվեց մի շարք աղմկահարույց զարգացումներով՝ կապված դիտորդական առաքելություն կատարող անձանց հետ։ Բաքուն նրանցից ոմանց նկատմամբ միջազգային հետախուզում է հրավիրել։

– Լապշինի արտահանձնման հաջողված գործողությունը, թերևս, ոգևորել է Ադրբեջանի իշխանություններին, և վերջիններս ամեն կերպ ձգտելու են քրեական հետապնդման սպառնալիքի միջոցով ահաբեկել այլ երկրների քաղաքացի հանդիսացող Արցախի բարեկամներին:

– Ապրիլյան պատերազմից հետո ինչպես բազմաթիվ փորձագետներ, այնպես և Դուք նշում էիք դիվանագիտական ճակատում ահռելի աշխատանք կատարելու անհրաժեշտության մասին։ Կարծում եք՝ բավարար աշխատանք չի՞ արվել, որ կրկին մենք կանգնած ենք նոր պատերազմի շեմին, թե՞ խնդիրն այլ տեղում է։

– Իմ կարծիքով՝ առայժմ քաղաքական, դիվանագիտական և ռազմական նախաձեռնությանը տիրում է ադրբեջանական կողմը: Միևնույն ժամանակ ես նաև պարտավոր եմ ընդգծել, որ մեր առջև ծառացած խնդիրը բազմաշերտ է և չի կարող ունենալ պարզունակ լուծումներ: Նոր ռազմավարություն և մարտավարություն մշակելիս հայկական կողմերը պարտավոր են հաշվի առնել որոշ ազդեցիկ գլոբալ դերակատարների ռազմավարական շահերը, խորքային և համընդգրկուն աշխարհաքաղաքական գործընթացների ուղղվածությունն ու առանձնահակությունները և դրանց հետ ներդաշնակեցնել մեր ազգային շահերն ապահովող քայլերն ու ծրագրերը: Սա մեծածավալ և լուրջ աշխատանք է պահանջում, որը, իմ կարծիքով, դեռևս անգամ սկսված էլ չէ:

– Ռեգիոնալ նոր իրողություններ և պայմաններ են։ Սիրիական հակամարտությունը բավական մերձեցրել է Թուրքիային Ռուսաստանի, Ռուսաստանին՝ Իրանի հետ։ Ավանդաբար Հարավային Կովկասում մրցակից այս երկրների այս նոր հարաբերությունները ինչպե՞ս կարող են ազդել արցախյան խնդրի հանգուցալուծման վրա։

– Առայժմ Ռուսաստանը ի զորու է ապահովել սեփական ռազմաքաղաքական գերակայությունը Երևանի, Բաքվի և Ստեփանակերտի հետ հարաբերություններում՝ զուգահեռաբար չեզոքացնելով ինչպես Անկարայի, այնպես էլ Թեհրանի՝ իր համար ոչ ցանկալի ակտիվությունը: Այդուհանդերձ, որևէ մեկը չի կարող այսօր երաշխավորել, որ այս իրավիճակը կպահպանվի: Աշխարհաքաղաքական գործընթացների ուղղվածությունն ու տրամաբանությունը հուշում են, որ առաջիկա երեք-չորս տարիները Ռուսաստանի համար լուրջ փորձությունների ժամանակաշրջան են լինելու, և Հարավային Կովկասում ռուսական ներկայության ապահովման խնդիրը Մոսկվայից շատ մեծ ջանքեր կարող է պահանջել: Այդ համատեքստում Արցախյան ստատուս քվոյի պահպանումը Կրեմլի համար թերևս պակաս ռիսկային կլինի, քան Մադրիդյան սկզբունքների հիման վրա բոլոր կողմերի համար անընդունելի լուծման տարբերակի գործարկման փորձը:

– Միացյալ Նահանգները գերկարևոր դերատակատար է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Թրամփի ընտրություններից հետո Վաշինգտոնը, ըստ էության, իր հռչակած առաջնահերթություններում չի դիտարկում ակտիվ ներգրավվածություն ԱՄՆ-ից դուրս հակամարտությունների և պատերազմների մեջ։ Ի՞նչ եք կարծում՝ որչա՞փ ամերիկյան կողմը ներգրավված կլինի կարգավորման գործընթացում Թրամփի օրոք, ի՞նչ փոփոխություններ կարող են լինել ամերիկյան մոտեցումներում՝ հակամարտության կարգավորման առումով: Ինչպե՞ս կհամագործակցի Թրամփի վարչակազմը կամ Պետդեպը (ի դեպ, պե՞տք է արդյոք որոշակի տարանջատում անել, թե՞ ոչ) Ռուսաստանի հետ Մինսկի խմբում: Պետքարտուղար Թիլերսոնը ասել էր, որ Ղարաբաղյան հակամարտությունը, ըստ էության, սպառնալիք է նաև ամերիկյան ազգային անվտանգությանը: Այս պայմաններում ակտիվ քայլեր սպասո՞ւմ եք Վաշինգտոնի կողմից:

– Կարծում եմ, որ Արցախյան կարգավորման մասով ամերիկյան նոր վարչակազմը կորոշակիացնի իր մոտեցումը մի քանի ամիս հետո: Նախագահ Թրամփի արտաքին քաղաքականությունն առավել թիրախային ու նպատակային կլինի. նա կգերադասի ոչ թե ամենուր միաժամանակ ու մշտապես ընդգծել ԱՄՆ քաղաքական, ռազմական ու տնտեսական շահերի անվիճելի առաջնահերթությունը՝ դա արդարացնելով աշխարհի բոլոր ծայրերում իր դավանած համամարդկային արժեքների գերակայությունը հաստատելու անհրաժեշտությամբ, այլ մի քանի առանցքային խնդիրների լուծման վրա կենտրոնանալով՝ մյուս ուղղությունների վրա կստեղծի տարածաշրջանային պետությունների միջև շահերի բախում առաջացնող և Վաշինգտոնի միջամտությունը ենթադրող իրավիճակ: Թե այս նոր քաղաքական մոտեցումն ինչպիսի դրսևորումներ կունենա մեր պարագայում՝ այժմ դժվար է հստակ կանխատեսել:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

1in.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing