Բաքուն ստացավ Երեւանի կոշտ պատասխանն ու նահանջեց

1

Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը ՄԱԿ Մարդու իրավունքի հարցերի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով գտնվելով Ժնեւում, հայտարարել է, որ Ադրբեջանի համար ներկայում արցախյան խնդրի քաղաքական կարգավորումը չունի այլընտրանք:Մամեդյարովի հայտարարությունն անսպասելի է թե Ալիեւի վերջին հայտարարությունների ֆոնին՝ ադրբեջանցիների Երեւան «վերադարձի», թե ընդհանրապես Բաքվի ռազմական դիվանագիտության եւ ագրեսիվ հռետորաբանության, որ օրինաչափություն է դարձել վերջին տարիներին:

Մամեդյարովը հայտարարել է նաեւ, որ հնարավոր է Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահի ընտրություններից հետո երկու երկրների նախագահների նոր հանդիպում: Նա նշել է, որ Կրակովում արտգործնախարարների վերջին հանդիպմանը համանախագահները հետաքրքիր գաղափարներ եւ մշակումներ են առաջ քաշել, եւ իրենք լի են շարունակելու խանդավառությամբ:

Մամեդյարովը հայտարարել է, որ քանի դեռ դիվանագետները չեն հոգնել, պետք է աշխատել: Նա ասել է, որ բոլորը գիտեն, թե ինչ ճանապարհով է պետք գնալ, որ մարդիկ վերադառնան իրենց տները, զորքը վերադառնա զորանոց եւ տիրի խաղաղություն:Ադրբեջանի արտգործնախարարի հռետորաբանությունը թերեւս աննախադեպ խաղաղասիրական եւ հանդուրժողական է: Իհարկե, Մամեդյարովն ինքը երբեք աչքի չի էլ ընկել ագրեսիվությամբ, սակայն մյուս կողմից նրա հռետորաբանությունը գործնականում եղել է Ադրբեջանի հենց ռազմական դիվանագիտության տրամաբանության մեջ:Մինչդեռ, ներկայում լսելով նրա խոսքը կամ ընթերցելով այն, եւ չիմանալով, որ հեղինակը Մամեդյարովն է, շատ դժվար կլինի կռահել, որ դա Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի խոսք է, այն Ադրբեջանի, որի նախագահը խոսում է Երեւանի մասին:Իհարկե չի բացառվում, որ այդ մասին խոսքերից հետո Բաքուն ունի միջազգային հանրության առաջ արդարանալու կարիք:

Բանն այն է, որ Ալիեւի ելույթից հետո Երեւանը մի շարք միջազգային ամբիոններում բարձրացրեց հարցն ու փորձեց օգտագործել այդ ագրեսիվությունը: Մինսկի խմբի համանախագահ երկրները Ալիեւին կոչ արեցին չանել հայտարարություններ, որոնք կբերեն լրացուցիչ լարվածության: Հակառակը, նրան հիշեցրին Ժնեւի պայմանավորվածություններն ու Կրակովի քննարկումները:Թե ինչի համար էր Ալիեւը Բաքվում Մինսկի խմբի համանախագահներին հանդիպելուց հետո իշխող կուսակցության համագումարում հայտարարել Երեւանի մասին, դժվար է միարժեք ասել՝ դա համանախագահների հետ անարդյունավետ հանդիպումից հետո նրանց հասցեագրված շանտաժի փո՞րձ էր, թե՞ զուտ արտահերթ նախագահի ընտրության համատեքստում ներքին սպառման հայտարարություն:

Բայց թերեւս նկատելի է, որ անկախ պատճառից՝ եթե այն շանտաժ էր, ապա չանցավ, իսկ եթե ներքին սպառման համար էր, ապա Ալիեւի համար միեւնույն է պարունակեց միջազգային խնդիրների ռիսկ:Ըստ այդմ Ադրբեջանի նախագահը սկսեց իր հայտարարությունը «մոռացնելու» ջանք, որի գագաթնակետն է Մամեդյարովի հայտարարությունը, որ Բաքուն մտածում է ոչ թե Երեւան «ադրբեջանցիների վերադարձի», այլ զորքերը զորանոց վերադարձնելու հնարավորության մասին:Կասկածից վեր է, որ այդ հայտարարությունները, ռազմական եւ խաղաղասիրական դիվանագիտության այդ զիգզագը Ալիեւի համար մարտավարություն է եւ դրանք երբեք հնարավոր չէ դիտարկել նրա լայն վարքագծի կանխատեսելիության ցուցիչների համատեքստում: Ինչպես որ Երեւանի մասին հայտարարությունը պետք չէ եւ հնարավոր չէ դիտարկել որպես վաղը սպասվող գրոհի ազդարարում, այդպես էլ խաղաղասիրական գերբարձր տոնայնությամբ հայտարարություններից պետք չէ թուլացնել ռազմական շանտաժի սպասումն ու զգոնությունը:

Խոշոր հաշվով, Ալիեւի եւ Ադրբեջանի վարքագիծը անշուշտ պայմանավորված է մի շարք բազմաբնույթ արտաքին եւ ներքին գործոններով, եւ այստեղ հայտարարությունները որքան կարող են լինել ցուցիչ, այդքան էլ քողարկիչ նպատակ հետապնդող միջոցներ:Առանցքային է գուցե մեկ այլ հանգամանք: Մամեդյարովի հայտարարությունը ժամանակագրական առումով հաջորդում է Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի արած մի հայտարարության, որ հնչել է փետրվարի 25-ին Ազատության եթերում: Խոսելով արցախյան կարգավորման գործընթացում իր հնարավոր դերի մասին՝ որպես նոր նախագահ, Արմեն Սարգսյանն ասել էր, որ պետք չէ բացել Երեւանի խաղաքարտերը, բայց միաժամանակ արել ուշագրավ եւ աննախադեպ մի հայտարարություն. «լավագույն բանակցային դիրքը կամ դիրքորոշումը հետեւյալն է, որ դիմացի կողմը պետք է մտածի, որ դու ոչ մի զիջում չես անելու եւ դու ամեն ինչ ուզելու ես»:

Փաստացի, Երեւանի աննախադեպ կոշտ եւ համարժեք հայտարարությունից հետո Բաքուն «նահանջում» է եւ հանդես գալիս աննախադեպ խաղաղասիրությամբ:Անկախ երկու հանգամանքի ուղիղ պատճառահետեւանքային կապից, այդուհանդերձ բավական հստակ է դրսեւորվում աշխարհքաղաքական եւ ռազմա-քաղաքական տրամաբանության կապը, որ հակառակորդի ագրեսիվությունը նվազեցնելու գործուն մեխանիզմը նրան առարկայական կոշտությամբ հակադարձելն է, հստակ ցույց տալով, որ ագրեսիան աշխատող չէ թե դիվանագիտական-քաղաքական, թե ռազմա-քաղաքական հարթություններում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache