Լրահոս

Բաքվի «մեսիջը»` պատերազմի շարունակման մասին

 

serj

hayeli.am-ը գրում է.  Էլ ինչ պետք է լինի, որ ռազմական փոխօգնության պայմանագիրն ընդունվի
Հունիսի սկզբին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն առանձին հանդիպումներ կունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, սակայն, դրանց ընթացքում Ղարաբաղի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ստորագրվի, երեկ խորհրդարանում հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Որևէ ստորագրման մասին խոսելն այս պահին ոչ միայն վաղաժամ է, այլև անիմաստ է, որովհետև այդպիսի մշակված փաստաթուղթ չկա, որը կարող է ստորագրվել: Այդ բանակցությունները պետք է նվիրված լինեն հենց դրան՝ շարունակել մշակել գլխավոր ուղղությունները՝ հիմնախնդրի կարգավորման: Ժամանակին մենք դա կոչում էինք սկզբունքներ, հիմա էլ կարող ենք ասել սկզբունքներ կամ հիմնախնդրի կարգավորման շրջանակային ձևաչափ, որպեսզի հնարավոր լինի մշակել այն իրավապայմանագրային փաստաթուղթը կողմերի միջև, որը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հնարավորություն կտա», պարզաբանել է արտգործնախարարը:
Ըստ նրա, այդ հանդիպումների ժամանակ, որոնց անցկացման վայրը դեռ որոշված չէ, քննարկվելու են միայն ղարաբաղյան բանակցությունները վերսկսելու հետ կապված հարցեր: «Բանակցությունները վերսկսելու համար պետք է նախ պայմաններ ստեղծվեն, այսինքն՝ լիովին կատարվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայի գագաթնաժողովի ժամանակ»,- ասել է ԱԳ նախարարն ու հավելել. «Եթե այդ պայմանները ստեղծվեն, եթե ստեղծվի այդ մեխանիզմը և եթե ստեղծվի մշտադիտարկման՝ մոնիտորինգի հնարավորությունը, և ընդլայնվեն նաև ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի գրասենյակի և թիմի կարողությունները, այսինքն՝ բացառվեն նոր զարգացումները, ինչպիսին եղան ապրիլի սկզբին, ապա, իհարկե, հնարավոր կլինի սկսել այդ բանակցությունները: Այս պահին ջանքեր են գործադրվում հենց այդ ուղղությամբ»: Նալբանդյանը նաև նշել է՝ եթե Վիեննայի պայմանավորվածությունները կատարվեն, ապա «գուցե հնարավոր լինի» նաև բարձր մակարդակով հանդիպում կազմակերպել:
Բացի պաշտոնական հայտարարություններից, որն անընդհատ անում են ՀՀ իշխանությունները, լավ կլիներ, եթե նաև հասարակությանը ներկայացնեին, թե ինչ դիվանագիտական կոնկրետ քայլեր են իրականացվում, որպեսզի Ադրբեջանին միջնորդ պետությունները բերեն-նստեցնեն բանակցությունների սեղանին, որպեսզի շփման գծում կամաց-կամաց նույն իրավիճակը չստեղծվի: Իսկ լարվածության աճի միտումն արդեն իսկ 2 օր է, ինչ առկա է:
Ինչպես հայտնի է, ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե հանձնարարել է ԱԳՆ-ին աշխատել Հայաստանի և Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության պայմանագրի կնքման ուղղությամբ: Երեկ Նալբանդյանը սրա վերաբերյալ ասել է, թե փաստաթուղթը դեռևս մշակման փուլում է. «Դրա հետ կապված հաջորդ քայլերը կախված կլինեն ապագա զարգացումներից և համապատասխան գործոններից»:
Էլ ի՞նչ զարգացումներ ու համապատասխան գործոններ են անհրաժեշտ, որպեսզի ռազմական փոխօգնության այդ պայմանագիրը ընդունվի… Նալբանդյանը հույս ունի, որ Ալիևը խելքի՞ է գալու… Թե՞ ինչ-որ արտաքին խաղացողների, օրինակ` Ռուսաստանին ձեռնտու չէ, որպեսզի Հայաստանն իրավական հիմք ունենա պատերազմի բռնկման պայմաններում աջակցել Արցախին:
​​Բաքուն փուլային բանակցությունների մասին է խոսում
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է Միացյալ Թագավորության և Իռլանդիայի նորանշանակ դեսպան Քերոլ Քրոֆթսին: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության` ներկայացնելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին տեղեկությունը՝ Մամեդյարովն ասել է, որ Վիեննայի հանդիպումը բարենպաստ պայմաններ է ստեղծել բազմակողմ ու առարկայական գործընթացի համար՝ փուլային կարգավորման հիման վրա: Մամեդյարովի խոսքով՝ ապրիլյան սրացումը ևս մեկ անգամ ապացուցեց ստատուս քվոյի անընդունելիությունն ու անկայունությունը:
Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համապարփակ բանակցությունների, սակայն այդ կարգավորմանը խանգարում է Հայաստանի դիրքորոշումը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Գաջիևը: «Հայկական կողմը կրկին խեղաթյուրում է Վիեննայի հանդիպման էությունը: Բառախաղերի ժամանակը վաղուց անցել է: Վիեննայի հանդիպման արդյունքում առաջ քաշված առաջարկությունները փոխկապակցված են միմյանց հետ: Կրակի դադարեցման ռեժիմի նպատակը համապարփակ և բովանդակային բանակցությունների համար հող նախապատրաստելն է, որին իր պատրաստակամությունն է հայտնել Ադրբեջանը»:
Ինչպե՞ս է նախապատրաստվում Ադրբեջանը «բովանդակային բանակցություններին»… Բաքուն նախապայման է առաջ քաշում` եթե Հայաստանը կրակի դադարեցում է ցանկանում, պետք է վերջ տա «հայկական օկուպացիային ու ադրբեջանական տարածքներում հայկական զորքերի ներկայությանը, ինչը կրակի դադարեցման ռեժիմի խախտման պատճառ է»,- ասել է Գաջիևը:
Այսինքն, պաշտոնական Բաքուն ուղղակի ֆիքսում է, որ կրակը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ «գրավյալ տարածքները» չեն վերադարձվել Ադրբեջանին…
Դե ինչ, միջնորդների համար, հատկապես Վիեննայի հանդիպումից հետո, սա խիստ կարևոր ուղերձ է Բաքվից:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing