Լրահոս

Բաքվին այլ ելք չի մնում. Պատրուշեւն Ալիեւին ասել է տարբերակը

 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի Անկարա կատարած այցից հետո Բաքու այցելեց Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւը, որն ըստ տեղեկատվության, Բաքվում Իլհամ Ալիեւի հետ քննարկել է անվտանգությանն առնչվող հարցեր:
Կա՞ արդյոք կապ Պուտինի Անկարա այցի եւ Պատրուշեւի Բաքու այցելելու միջեւ, արդյոք մեկը բխում է մյուսից, եւ Պուտին-Էրդողան քննարկումից հետո տաք հետքով անհրաժեշտ է եղել որեւէ բան ճշտել Ալիեւի հետ, կամ ուղղակի ասել Ալիեւին: Համենայն դեպս հատկանշական է, որ անվտանգության ոլորտում գործակցության հարցեր քննարկելու համար Բաքու է մեկնել Պուտինի վստահելի անձանցից մեկը, ինչը ենթադրում է, որ քննարկման առարկան բավական նուրբ է եւ այսպես ասած նեղ շրջանակի:
Քննարկման ենթակա հարցերն իհարկե բազմաթիվ են, թե Կովկասին, թե ավելի լայն՝ մերձավորարեւելյան տարածաշրջանին առնչվող, հատկապես Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեից հետո:
Ռուսաստանն ու Թուրքիան այստեղ ունեն քննարկելու շատ հարցեր: Կան համատեղ մարտահրավերներ, բայց կա նաեւ ռազմավարական շահերի սկզբունքային բաժանում:
Այդ ամենով հանդերձ, թե Թուրքիայի, թե Ռուսաստանի համար Ադրբեջանը դառնում է բավական խնդրահարույց սուբյեկտ: Թե Անկարային, թե Մոսկվային թերեւս լրջորեն նյարդայնացնում է Ադրբեջանի նախագահն իր անհամեմատ մանր հավակնություններով ու խնդիրներով, որոնք առնչվում են արցախյան խնդրին: Մոսկվայի ու Անկարայի համար այդ խնդիրը շատ ավելի լայն համատեքստով է դիտարկելի, քան Ալիեւի համար:
Այդ տարբերությունը ներկայում առաջ է բերում Մոսկվայի ու Անկարայի մի կողմից, եւ Բաքվի՝ մյուս կողմից, առնվազն միջնաժամկետ տարամիտում հնարավոր զարգացումների կամ սպասումների մասով: Բայց, դրանից բացի, թե Անկարան, թե Մոսկվան «պատասխանատու են Ալիեւին իրենց վարժեցնելու» համար: Մի կողմից նրանք չեն կարող Ադրբեջանի նախագահին հանձնել բախտի քմահաճույքին, մյուս կողմից էլ չեն կարող դուրս բերել նրան այն փակուղուց, որ Ալիեւը ապրիլյան ագրեսիայով մղեց թե իրեն, թե խոշոր հաշվով նաեւ Ռուսաստանին եւ Թուրքիային: Եվ երբ այդ ամենին ավելանում են նաեւ Անկարայի ու Մոսկվայի խնդիրներն Արեւմուտքի հետ, ու նաեւ Պուտինի ու Էրդողանի ներքին խնդիրները 2018-ի եւ 2019-ի բարդ ներքաղաքական գործընթացների մասով, ապա առավել քան նկատելի է դառնում, որ Ալիեւը նրանց համար պարզապես գլխացավանք է:
Մյուս կողմից, Անկարայի եւ Մոսկվայի համար կա մեկ այլ խնդիր՝ Իրանը:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում հիշատակում է ադրբեջանական քարոզչամեքենայի միավորներից մեկի հրապարակած տեղեկությունն ու լուսանկարը Բաքվում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած շիաների սգո Մուհարրամ ամսվա 10-րդ օրվա՝ Աշուրայի արարողությունից, որի վերաբերյալ գրում է, թե մտահոգվում է Ադրբեջանի ապագայի համար:
Այդ կապակցությամբ, իրանագետն անում է ուշագրավ գրառում-արձանագրում. «Իրականում սա դեռ սկիզբն է, քանի որ Իրանն Ադրբեջանում աշխատում է գրեթե անխոցելի և շատ պարզ մեթոդաբանությամբ. այս երկրից Իրանի շիա ճեմարաններում հոգևոր կրթություն ստացած անձինք վերադառնում են իրենց բնակավայրերը և առանց քաղաքական քարոզի և իշխանություններին քննադատելու, սկսում զբաղվել բացառապես կրոնական գործունեությամբ:
Տարբեր մակարդակների տեղական կաշառակեր պաշտոնյաների ֆոնին նման հոգևորականները կամ կրոնի գիտակները վարում են չափազանց համեստ կենցաղ, համայնքի հետ հաստատելով մտերիմ կապեր և աստիճանաբար դառնում տվյալ տարածքի միակ ու անսասան այն հեղինակությունը, որին չեզոքացնելու համար իշխանությունը նույնիսկ ձևական որևէ պատրվակ չունի, քանի որ, պատկերավոր ասած, գյուղացիներին ծիսական լվացում սովորեցնելու համար որևէ մեկին բանտ նետելը գրեթե անհնարին գործ է»:
Թե Մոսկվան, թե Անկարան չեն կարող նկատած եւ արձանագրած չլինեն տեղի ունեցողի ռազմավարական վտանգը եւ Ադրբեջանում Իրանի ազդեցության հետեւողական աճի հեռանկարը: Դրան զուգահեռ, բավական նկատելի կարող է դառնալ եւ այն, որ այդ հեռանկարի հարցում շոշափելի պատասխանատվություն ունի հենց Ալիեւը, որի անարդյունավետ կառավարման հետեւանքը կարող է դառնալ Իրանի ազդեցության աճը հոգեւոր մեխանիզմների շնորհիվ:
Ըստ այդմ, Մոսկվայի եւ Անկարայի համար Բաքվում ուրվագծվում է թերեւս ռազմավարական մի խնդիր՝ Բաքվի իշխանության «ռեֆորմացիայի» կամ պարզապես վերաֆորմատավորման խնդիրը: Դա մի կողմից թույլ կտա ազատվել Ալիեւի անհարկի հարցապնդումներից, մյուս կողմից նաեւ զսպել Ադրբեջանի հանդեպ Իրանի տարածվող ազդեցությունը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing