good-banner
Լրահոս

Բաքվին ԵՏՄ օժանդակության խոշոր դրսեւորումը

 

arm147047294992

lragir.am — Իրանի առեւտրի եւ արդյունաբերության նախարարը օգոստոսի 8-ին Բաքվում կայանալիք Ռուսաստան-Ադրբեջան-Իրան եռակողմ Վեհաժողովից առաջ՝ օգոստոսի 7-ին կայցելի Ադրբեջան, որտեղ կմասնակցի իրան-ադրբեջանական ավտոգործարանի բացմանը: Նախատեսվում է, որ այն կարտադրի տարեկան տասը հազար ավտոմեքենա:
Իրանը երեւի թե մոռացել է, որ եվրասիական 170 միլիոնանոց շուկա մուտքը, կամուրջը, ցատկահարթակը Հայաստանն է, ոչ թե Ադրբեջանը:
Եթե լուրջ, ապա իրան-ադրբեջանական գործարանն ըստ երեւույթին Թեհրանի պատասխանն է Հայաստանի իշխանության այն հորդորներին, թե Հայաստանը կամուրջ կարող է լինել Իրանի ու Եվրասիական միության միջեւ: Թեհրանը ցույց է տալիս, որ իրեն այդ կամուրջը չի հետաքրքրում, իսկ գուցե չի հետաքրքրում Եվրասիական շուկան ընդհանրապես:
Հայաստանի իշխանության այդ գործնականում միակ փաստարկը՝ կամուրջի մասին, փլվում է ամեն օր ու ամեն ժամ՝ Հայաստանի հանդեպ ներդրումային հետաքրքրության բացակայության տեսքով:
Կարո՞ղ էր Հայաստանն Իրանի հետ պայմանավորվել համատեղ ավտոգործարան կառուցելու, կամ համատեղ որեւէ այլ խոշոր արտադրություն հիմնելու շուրջ: Իհարկե դժվար է ասել: Բայց փաստը, որ, Ադրբեջանն օրինակ պայմանավորվում է, իսկ Հայաստանն իր Եվրասիական «քեյսով» շարունակում է պնդել ոչ մեկի համար հետաքրքրություն չներկայացնող «կամրջի» մասին, արդեն իսկ խոսուն է:
Եթե Եվրասիական միությունը աշխարհում հետաքրքրում է որեւէ մեկին, ապա հաստատ ոչ Հայաստանի միջոցով: Հայաստանը գործնականում որեւէ մեկի համար չի կարող լինել կամուրջ դեպի Եվրասիական շուկա, որովհետեւ այդ շուկայով հետաքրքրվելու դեպքում, որեւէ տնտեսվարող անմիջապես մուտք կգործի այդ շուկա, ոչ թե կգա Հայաստան, որի ճանապարհը դեպի Եվրասիա ավելի շատ փակ է լինում տարվա ընթացքում, քան բաց:
Հայաստանի իշխանությունը չի կարող դա չգիտակցել, պարզապես քաղաքական շարժառիթով, ավելի շուտ իշխանական եւ կուսակցական շարժառիթով գրեթե ազգային համաձայնությամբ բռնակցվելով ԵՏՄ-ին, չունի այլ փաստարկ, քան կամուրջի մասին ոչ մեկին չհետաքրքրող հավաստիացումները:
Այդ կրկնվող հավաստիացումները Հայաստանի ոչ միայն անհետաքրքրությունն են մեծացնում, այլ նաեւ անվստահելիությունը, քանի որ նրանք, ում հասցեագրվում են այդ կրկնությունները, սկսում են կասկածել Հայաստանի կառավարիչների ադեկվատությանը: Որովհետեւ դժվար են պատկերացնում, թե ինչպես կարելի է շարունակ պնդել մի բան, որի դատարկությունն ակնհայտ է:
Եվրասիական միությունում Հայաստանը չունի ներդրումային հեռանկար, որովհետեւ բացի այն, որ ԵՏՄ կոչվող տնտեսական դամբարանը ինքնին անհեռանկար է, այն նաեւ հանդիսանում է Հայաստանում համակարգային փոփոխությունների բացառման ցուցիչ: Եթե Հայաստանը մնում է ԵՏՄ բռնակցմանը հավատարիմ, դա նշանակում է, որ Հայաստանում չկա շոշափելի որակական եւ համակարգային փոփոխության հեռանկար, քանի որ ԵՏՄ-ն այն պարանն է, որի նպատակը հենց հետխորհրդային տարածքի ռուսական ազդեցության գոտում որակական փոփոխության հեռանկարը քարկապելն է:
Ներդրողները չեն կարող հետաքրքրվել քարկապով: Ներդրողներին հետաքրքրում են այն միջավայրերը, որտեղ առկա է ստեղծագործական ներուժի իրացման բաց միջավայր:
Դա չի նշանակում, որ, Ադրբեջանն օրինակ այդ միջավայրն է: Ամենեւին: Բայց, Ադրբեջանը լինելով փաստացի խանական պետություն, այդուհանդերձ իր նավթա-գազային կապիտալի ուժով կարող է լինել ներդրումային քիչ թե շատ ավելի գրավիչ գործընկեր, քան Հայաստանը:
Հայաստանն այդ մրցակցության մեջ ունի կենսունակության, մրցունակության, հաջողության մի ռեսուրս՝ բացությունը, ազատությունը, արդիականությունը: Դրանք կարող են լինել Հայաստանի ոչ միայն տնտեսական, այլ աշխարհաքաղաքական հետաքրքրության գրավականները: Իսկ դրանք թաղվել են եվրասիական ճահճում: Եվ այդ իմաստով, ճեզոքացնելով Հայաստանի մրցունակության հեռանկարը, ԵՏՄ-ն փաստացի օժանդակության գլոբալ դրսեւորում է Ադրբեջանին:
Իրանի հանդեպ պատժամիջոցների զգալի մասի չեղարկման կապակցությամբ հայ-իրանական տնտեսական հեռանկարների մասով ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ԱՄն ու Եվրամիությունը, քան «հարազատ» Եվրասիան: Որովհետեւ Եվրասիայի համար Հայաստանի «իմաստը» ծայրագավառային փակուղին է, ֆորպոստը, ոչ թե հաղորդուղին: Ռուսաստանը՝ Եվրասիայի «կնքահայրը», Իրանի հետ հարաբերության հաղորդուղի կդիտարկի Ադրբեջանը, քան Հայաստանը:
Այլ էմոտեցումը Եվրամիության եւ ԱՄՆ-ի դեպքում, որոնց դիվանագետները վերջին ամիսներին մի քանի անգամ ակնարկել են, որ Հայաստանը դիտարկում են Իրանի եւ Արեւմուտքի տնտեսական հարաբերությունների հետաքրքիր օղակներից մեկը: Դա պայմանավորված է թե տնտեսական, թե նաեւ ընդհանրապես աշխարհաքաղաքական միտումների տրամաբանությամբ:
Բայց, Հայաստանի վրա դրված է եվրասիական փականը, որը զրկում է ինքնիշխան տնտեսական եւ քաղաքական հարաբերության հեռանկարից, ինչը էապես ազդում է հայ-իրանական տնտեսական հարաբերության դինամիկայի ու բովանդակության վրա, միաժամանակ նաեւ զգալիորեն արգելակելով Հարավային Կովկասում ռուս-թուրքական աշխարհաքաղաքական վեկտորների սկզբունքային այլընտրանքի ձեւավորման հեռանկարը:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am