Լրահոս

Բան է՝ ասել են, հո կրակը չընկան

 

«Ես հրապարակավ շատ բան եմ ասել, սակայն հիմա մեր հարաբերությունը նորմալ է»: Այդպես է պատասխանել Ծառուկյան դաշինքից նոր պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են նախկինում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հասցեին նրա արած բացասական հայտարարություններին եւ ներկայում միեւնույն խմբակցությունում աշխատելու փաստին
Գեւորգ Պետրոսյանը տվել է հայկական քաղաքական դասի համար չափազանց պարզ մի պատասխան, որը գործնականում նշանակում է՝ դե բան է, ասել եմ: Իսկապես, մարդն ամբողջ կյանքում հո չի դառնալու իր խոսքի գերին: Պետք է եղել՝ ասել է, պետք լինի, էլի կասի, հիմա պետք չի՝ չի ասում: Ամեն ինչ չափազանց պարզ է եւ այդ գրեթե հանճարեղության աստիճան պարզության տրամաբանության մեջ միայն Գեւորգ Պետրոսյանը չէ, այլ նրանից առաջ եւ նրանից անհամեմատ ավելի մի ամբողջ քաղաքական դաս:
Դա հայաստանյան քաղաքականության «փիլիսոփայությունն» է՝ անպատասխանատվությունը սեփական խոսքի համար, խոսքի արժեզրկումը գրեթե անհնարինության աստիճան:
Ի վերջո, Հայաստանում դա հասցված է ընդհուպ պետության բարձրագույն պաշտոնի մակարդակին:
Օրինակ, հրապարակավ ինչքան բան է ասել Սերժ Սարգսյանը: Եվ իր գործունեության ընթացքում այդ ասվածի որքա՞ն մասի համար է եղել պատասխանատու, տեր: Թերեւս իմաստ չունի թվարկել այն ամենը, ինչ ասել է Սերժ Սարգսյանը եւ ինչը կամ չի դարձել իրականություն, կամ իրականությունը եղել է ասվածի տրամագծորեն հակառակը:
Խոսքը վերաբերում է թե տարբեր մեգանախագծերի, մեգանպատակների, թե իշխանության վարքի եւ որակի հետ կապված տարբեր հարցերի, Հայաստանում օրինականության, իրավականության, կոռուպցիայի դեմ պայքարի առնչվող զարգացումների:
Սերժ Սարգսյանն էլ շատ բան է ասել եւ ասում, ու թերեւս էլի կասի: Օրինակ, մայիսի 18-ի հայտնի ելույթում էլ նա շատ բան ասաց:
Ինչ խոսք, ոչ միայն վատ չէ, այլ նաեւ անհրաժեշտ է, որ պետության բարձրագույն պաշտոնյայի մակարդակով հռչակվեն իսկապես խոշոր նպատակներ, մեծ նախագծեր, թիրախներ, որոնց պետք է ձգտել: Այդպես են կայանում պետությունները, առաջընթաց արձանագրում հասարակությունները:
Եվ իհարկե ողբերգություն կամ հանցագործություն չէ, երբ դրանցից որոշները կարող են չկայանալ, կարող են տապալվել: Ի վերջո, պատահում է նաեւ այդպես, որեւէ մեկը կամ որեւէ նախագիծ երաշխավորված չէ: Ի վերջո, անհաջողության վրա նաեւ պետք է սովորել, սովորել սեփական սխալի վրա: Եվ պետք է շարունակել դնել մեծ նպատակներ, անշուշտ ոչ ավելի փոքրերի հաշվին, այսինքն մեծ նպատակները չդարձնել փոքրերից խուսափելու եւ մակաբուծելու միջոց:
Պարզապես, մեծ եւ կարեւոր նպատակը վերածվում է ստի, կամ առնվազն ընկալվում է իբրեւ սուտ կամ խաբեություն, երբ դրա չիրականանալու, դանդաղելու, ձախողվելու վերաբերյալ հանրությանը չեն տրվում հստակ, փաստարկված, համոզիչ, վստահելի պատասխաններ, բացատրություն:
Ի վերջո, որեւէ քաղաքական գործիչ սուրբ կամ մարգարե չէ եւ նրա ասած խոսքը երդում չէ: Բայց երբ խոսքը հնչել է, ապա պետք է լինի դրա համար պատասխանատվություն: Սեփական խոսքի հանդեպ պատասխանատվության բացակայությունը Հայաստանում թե իշխանությանը, թե ընդդիմությանը բնորոշ առանցքային արատներից մեկն է, որը հասարակական-քաղաքական կյանքի, հասարակության եւ պետության զարգացման վրա ունեցել է խորքային բացասական ազդեցություն:
Բան է՝ ասում են, հո կրակը չընկան:
Կրակը պետությունն է ընկնում:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing