good-banner
Լրահոս

Բանակցությունները հայկական կողմը վարում է գաղտնի, իսկ Ադրբեջանականը՝ գրեթե բացահայտ

 
hayk-martirosyan-harcazruyc
hayacq.com — Տարածաշրջանում ակտիվ գործընթացներ են ընթանում: Գլխավոր դերում հատկապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է:  Նա սկզբում Բաքվում էր, այնուհետև ՀՀ և Թուրքիայի նախագահներին ընդունեց Ռուսաստանում: Տարածաշրջանային ակտիվ զարգացումների և արցախյան հիմնախնդրի շուրջ  մեր զրույցը քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի հետ:
-Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ կարող ենք ակնկալել երեկ Մոսկվայում կայացած Սարգսյան-Պուտին հանդիպումից: Այդյո՞ք շրջադարձային փոփոխություններ կլինեն:
-Շրջադարձային փոփոխությսւններ տեղի են ունեցել դեռևս ապրիլի մեկին և այն ինչ տեղի է ունենում այսօր՝ դրա  շարունակությունն է: Ընդհանրապես Հայաստանը մտնում է ոչ միայն շրջադարձային, այլև աղետալի մի փուլ:
-Մինչ այս հանդիպումը ՌԴ նախագահը մեկնել էր Բաքու, քննարկվեցին Իրան-Ադրբեջան-Ռուսաստան նոր առանցքի ձևավորման հարցեր, այնուհետև Ռուսաստանում ՀՀ և Թուրքիայի նախագահների  հանդիպումներ տեղի ունեցան ՌԴ նախագահի հետ: Տարածաշրջանում Ռուսաստանի նման ակտիվացումը ինչո՞վ է պայմանավորված:
-Ռուսաստանի այս ակտիվացումը պայմանավորված է տնտեսական անկման պայմաններում նոր հնարավորությունների բացահայտմաբ: Նաև, թուրքական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի Արևմուտքից հեռացմամբ և հին-նոր գործընկերոջը վերագտնելու ցանկությամբ: Բացի այդ՝ Ռուսաստանը փորձում է կապիտալիզացնել իր բոլոր քաղաքական ռեսուրսները և արցախյան հիմնահարցն այդ ռեսուրսներից մեկն է: Հայաստանի հաշվին Ադրբեջանին սեփական ուղեծիր բերելու փորձը դրա վկայություններից է:
-Քննարկումներում առանցքային թեմա է նաև ԼՂՀ հիմնահարցը: Գործընթացները ի՞նչ հունով կարող են ընթանալ:
-Առկա թեմաների քննարկման շրջանակներում Հայաստանը չի կարող որևէ դեպքում շահող դուրս գալ: Բանակցությունները հայկական կողմը վարում է գաղտնի, իսկ Ադրբեջանականը՝ գրեթե բացահայտ: Ի՞նչ է դա նշանակում. որ սեղանին է Ադրբեջանին ձեռնտու փաթեթ, որը հայ հասարակությունը կարող է սվիններով ընդունել: Եվ հենց այդ է պատճառը, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն լռության կոչ արեց: Ադրբեջանին ոչ թե չստելու, այլ՝ լռելու կոչ արեց: Չնայած Հայաստանի իշխանության ագիտացիոն մեքենայի ջանքերին, առկա և քննարկվող փաստաթղթում ազատագրված մեր հայրենիքի շրջանները հանձնելու թեզի գոյությունը ծաղրելու միջոցով հերքելու և դրա մասին խոսողներին անտեղի աղմկարարներ ներկայացնելու ջանքերին՝ փաստերն ու վկայություններն այնքան շատ են, որ ինչպես ժողովուրդն է ասում՝ մախաթը պարկում թաքցնել չի լինում:
-Տարածաշրջանում Իրանի գործոնը նույնպես պետք չէ բացառել: Իրանը կարծես կողմ չէ տարածաշրջանում ստատուս  քվոի փոփոխությանը: Եռակողմ հանդիպումները ի՞նչ հնարավորություններ են ստեղծում կողմերի համար և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԼՂՀ խնդրի վրա:
-Իրանի գործոնը բացառում է հենց  Հայաստանը: Պաշտոնական Երևանի համար Թեհրանը դարձել է չպահանջված եզակի բարեկամ: Այո, Իրանը դեմ է ազատագրված տարածքների հանձնմանը, որովհետև Թեհրանին շատ ավելի ձեռնտու է  և ապահով՝ սահմանի այն կողմում հայեր քան թուրք-թաթարներ տեսնել: Ի տարբերություն հայերի՝ իրանցիներն իրենց պատմությունը չեն մոռանում: Բայց Հայաստանը, եթե չի հետապնդում սեփական շահը, ապա նույն հարցում իր հարևանի շահը հաստատ չի պաշտպանելու: Հետևաբար Իրանի գործոնն այս խնդրում, վճռորոշ չի կարող լինել:
-Բաքվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գտնեն այնպիսի որոշում, որը փոխզիջումային է, սակայն ընդունելի երկու կողմի համար: Այս պահի դրությամբ նման տարբերակի հնարավորություն կա՞ արդյոք:
-Այդ խոսքերը շատ գեղեցիկ են հնչում, բայց դրանք ռոմանտիկայի ոլորտից են, թեև արտաբերողն ամենևին ռոմանտիկ գործիչ չէ: Իհարկե չկա նման տարբերակ: Եվ հետո ի՞նչ է նշանակում չպետք է լինեն հաղթող և պարտվող կողմեր, դժգոհ կողմեր: Ե՞րբ եք տեսել պատերազմներ, որոնք վարվում են ոչ-ոքի ավարտելու և պարտվողներ չթողնելու մղմամբ: Նման բան անգամ ֆուտբոլում չկա: Հայաստանը հաղթել է արցախյան ճակատամարտում: Եվ հիմա ստացվում է, որ պետք է այդ հաղթանակը հիմար ասպետի պես զիջի թշնամուն, ու տանուլ տա ամբողջ պատերազմը, որպեսզի այդ թշնամին իրեն վատ չզգա: Մի տեսակ աբսուրդի ժանրից է սա՝ սիրողական վատ ֆիլմի մոտիվներով: Հասկանու՞մ են արդյոք Հայաստանում, որ չկա արցախյան հիմնախնդիր: Ուղղակի չկա: Կա մասամբ ազատագրված Արցախ և մասամբ ազատագրված Ուտիք, որ սխալմամբ ազատագրված «տարածքներ» են ասում: Ինչու՞ է հայկական կողմն ընդհանրապես բանակցում, երբ ինքը խնդիրն իր համար լուծել է: Ոչ ԱՄՆ-ը, ոչ Չինաստանը և ոչ էլ Ֆրանսիան Հայաստանին չեն պատժում, որ ազատագրել է իր հողերը և քսանհինգ տարի այդ ուղղությամբ ոչինչ չեն էլ արել: Հիմա եթե Ռուսաստանը հանկարծ որոշել է «արդարացիորեն» «լուծել» խնդիրը, ինչու՞ է Հայաստանը որոշել, որ խնդիրն ինքը չի լուծել ու այն նոր «լուծում» է պահանջում: Անհասկանալի է, անհեթեթ է, ամոթալի է: Որտեղի՞ց այս իմաստուն ժողովրդին հիմա այսքան անխոհեմ, պարտվողական և անարժանապատիվ հոգեբանություն ներշնչվեց: Ինչպե՞ս մարդկանց հիմարեցրեցին այն աստիճանի, որ շատերը սկսեցին անուղղակիորեն, առանց հասկանալու պահանջել ևս մեկ հայրենազրկում, պարտություն և արդյունքում մի նոր ցեղասպանություն:
-Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայնվել է Թուրքիայի ներգրավմանը ԼՂՀ հիմնախնդրում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Սա ինչ վտանգ կարող է առաջացնել Հայաստանի և ԼՂՀ համար:
-Կպատասխանեմ կարճ՝ գոյութենական: Երբ քաղցած գայլին պարարտ գառ են պահ տալիս՝ կարիք չկա հանճար լինելու, որպեսզի հասկանալի լինեն հետևանքները: Անհասկանալին այստեղ այն է, որ պահ տվողը փորձառու հովիվն է, որ կամ գայլին է սիրաշահում, կամ այդ գառան մեջ այլևս արժեք չի տեսնում:
-Ի՞նչ եք կարծում, որքան էլ ճնշումներ լինեն հայկական կողմը չի՞ կարող արդյոք խուսափել միակողմանի զիջումներից:
-Չկա աշխարհում որևէ ճնշում, որն իրեն արժանապատիվ դրսևորող թույլ պետական միավորին կարողանա վերջնականապես կոտրել: Բայց կրկնեմ  դրա համար արժանապատիվ և ազգային քաղաքականություն է անհրաժեշտ: Եվ նույնպիսի իշխանություն: Ավարայրի նախօրեին  հայերին փորձեցին կրոնափոխություն պարտադրել՝ հանուն քաղաքական իշխանության և վերահսկման: Հայկական զորքերը ծանր պարտություն կրեցին, բայց կարծեմ հայերն այսօր դեռ քրիստոնյա են, իսկ պարսիկները՝ արդեն բարեկամ հարևաններ: Եթե դու որոշել ես, որ ճնշումը մեծ է և պարտվելու ես՝ կպարտվես անպայմանորեն: Եթե որոշել ես, որ ճնշումը մեծ է բայց հաղթելու ես՝ գուցեև չհաղթես, բայց հաստատ վերջնականապես չես էլ պարտվի: Օրինակներն անսպառ են:
-Ըստ Ձեզ՝ Ղարաբաղյան հակամարտության լուծման ուժային, թե՞ քաղաքական ճանապարհն է օրվա  հրամայական:
-Օրվա հրամայականը լուծման մասին չմտածելն է: Այս պայքարն այլևս դուրս է Արցախի խնդրից: Ադրբեջանն ու Թուրքիան այլևս լծվել են իրենց ազգային գաղափարախոսության կատարմանը՝ ընդհանրապես հայկական տարրն ու այս փոքրիկ դեռևս պետականաձև միավորը, որ Հայաստանի Հանրապետություն ենք կոչում, մեջտեղից հանելուն: Եթե Հայաստանում գրքեր կարդային, մի փոքր ճանաչեին սեփական թշնամուն, որի դրոշն այրելու փոխարեն կարողանային ուսումնասիրել նրա հոգեբանությունն ու ապագայի տեսլականը, այսօր բոլորովին այլ վիճակում կլիներ այս երկիրը: Եվ Արցախն ու Ուտիքն այդ ազգային գաղափարախոսության իրականացման այս նոր շրջանի առաջին փուլն են: Տարածքներով կամ բուն նախկին ԼՂԻՄ-ով պայքարը չի ավարտվելու, այլ՝ նոր թափով է շարունակվելու: Հայ-թյուրքական հակամարտությունը չունի լուծում, ինչպես որ չունի արաբա-իսրայելական հակամարտությունը: Տարբերությունն այն է, որ նշված չորս կողմերից բոլորը՝ բացի հայկականից, հասկանում են դա և հասկանում են նաև, որ այդ երկու կոնֆլիկտներն էլ ձգվելու են այնքան՝ մինչև կողմերից մեկը դուրս գա հրապարակից: Հայկական կողմում հաշտության և խաղաղության մասին պատկերացումները հանցավոր ռոմանտիկության ոլորտից են: Որևէ մեկը Հայաստանում իրեն հարց տալի՞ս է թե ինչ են մտածում ադրբեջանցիները այդ միֆական հաշտության հնարավորության մասին: Այսպիսի տգիտությամբ և մտայնությամբ այս պայքարում Հայաստանը հաստատ չի կարողանալու գոյատևող և հարատևող կողմ դառնալ: Անհրաժեշտ է փոխել սեփական մտածողությունն ու ինքնասպանության տանող մոտեցումները և վերջապես սկսել իրականությունը տեսնել: Այս ժողովուրդը դրան այլընտրանք չունի:
 Զրուցեց՝ Դիաննա Մանուկյանը
Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing