Բանակցություններում չպարտվելու ծանր հետեւանքները. խմբագրական

1

Կարեն Կարապետյանը երեկ հարցազրույց է տվել, որում հայտարարել է, թե ինքը բանակցություններում երբեք չի պարտվել: Դե պարտվելու ամենաթարմ օրինակը թերեւս ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու համար ՀՀԿ-ում նրա բանակցություններն էին: Նա հայտարարեց, թե պատրաստ է ստանձնել վարչապետի պաշտոնը, բայց ՀՀԿ-ի հետ նրա բանակցությունները տապալվեցին, եւ վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրեց Սերժ Սարգսյանին: Ընդ որում, Սերժ Սարգսյանին առաջադրեց անձամբ Կարեն Կարապետյանը:

Բայց պետք է ասել, որ նա նաեւ բանակցություններ է վարել, որոնցում ինքը չի պարտվել, բայց պարտվել է Հայաստանը: Օրինակ, նա բոլորովին չպարտվեց Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկի առուծախի բանակցություններում: Այդ բանակցությունների արդյունքում ռուսական «Գազպրոմը» ըստ էության ձրի տիրացավ 5-րդ բլոկին: Նախ «Գազպրոմը» բարձրացրեց գազի գինը, հետո պահանջեց 5-րդ բլոկը: Չպարտված բանակցությունների արդյունքում 5-րդ բլոկը անցավ «Գազպրոմին», բայց 20 ամիս անց բարձրացավ նաեւ գազի սակագինը Հայաստանում: Ընդ որում, դրանից առաջ մի քանի ամիս նույն 5-րդ բլոկը իրանական կողմին շատ ձեռնտու պայմաններով տրամադրելու որոշում էր կայացվել, սակայն վերջին պահին Կարեն Կարապետյանը չպարտվեց բանակցություններում, եւ 5-րդ բլոկը դարձավ «Գազպրոմի» սեփականությունը: Այսպիսով, Կարեն Կարապետյանը որպես «Գազպրոմի» ներկայացուցիչ չպարտվեց այդ բանակցություններում: Միակ պարտվող կողմը Հայաստանն էր:

Ու ընդհանրապես, Կարեն Կարապետյանը երբեք չի պարտվել բոլոր այն բանակցություններում, որոնց նպատակը Հայաստանի գազի շուկայում ռուսական «Գազպրոմի» մոնոպոլիան բացարձակ ու անվերապահ դարձնելն է: «Գազպրոմը» ժամանակին 40 միլիոն դոլարով գնեց Իրան-Հայաստան գազամուղի՝ Հայաստանով անցնող հատվածը: Մինչեւ հիմա ոչ մեկը չի կարողանում բացատրել, թե որն էր դրա իմաստը: Այդ 40 միլիոն դոլարը հետագայում դրվեց գազի սակագնի մեջ, եւ մենք՝ սպառողներս, վճարեցինք դրա դիմաց: Իսկ նպատակը մեկն էր՝ գազ տեղափոխող ոչ մի մետր խողովակ Հայաստանում չի կարող չլինել «Գազպրոմի» սեփականությունը: Դա տնտեսական որեւէ հիմնավորում կամ նպատակահարմարություն չունի, ուղղակի «Գազպրոմի» մոնոպոլիան  սուրբ կով է Կարեն Կարապետյանի համար: Եվ այդ բանակցություններն էլ վարել է Կարեն Կարապետյանը, լինելով «Հայռուսգազարդի» տնօրեն: Իսկ «Հայռուսգազարդի», այժմ արդեն «Գազպրոմ Արմենիայի» միակ ու մոնոպոլ սեփականատերը ռուսական «Գազպրոմն» է: Նշենք, որ ժամանակին «Հայռուսգազարդի» 45 տոկոսի սեփականատերը ՀՀ կառավարությունն էր: Կարեն Կարապետյանի մեկ այլ, կրկին չպարտված բանակցությունների արդյունքում «Հայռուսգազարդում» ՀՀ կառավարության ունեցած 45 տոկոս փայամասը անցավ «Գազպրոմին»՝ անհասկանալի պայմաններում կուտակված պարտքերի դիմաց:

Նախանցած տարի Իրանի տրամադրած դրամաշնորհով գազիֆիկացվեցին Մեղրի ու Ագարակ քաղաքները: Դրանք լրիվ պատրաստ էին գազամատակարարման միացմանը, սակայն գազ չկա: Եվ ահա անցած տարի Կարեն Կարապետյանի՝ կրկին չպարտված բանակցությունների արդյունքում այդ քաղաքների գազահամակարգը տրվեց «Գազպրոմին» անհատույց օգտագործման: Եթե չտային, այդ երկու փոքր քաղաքների մասով «Գազպրոմը» կորցրած կլիներ իր բացարձակ մոնոպոլիան: Ու էլի Կարեն Կարապետյանը այդ բանակցություններում չպարտվեց, ուղղակի մեղրեցիներն ու ագարակցիները մինչեւ հիմա գազ չունեն:

Ի դեպ, երեկ վերը նշված հարցազրույցում Կարեն Կարապետյանը մեղադրում էր Նիկոլ Փաշինյանին, թե վերջինս իբր քաղաքական մոնոպոլիա է ուզում հաստատել: Այնինչ մոնոպոլիան հենց Կարեն Կարապետյանի ամենակոմֆորտային իրավիճակն է:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache