Բանակը մասնակցել է Մարտի 1-ին, գումար ստացել օլիգարխներից․ ՀՔԾ պետ

22

Քննությամբ արդեն իսկ հիմնավորվել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ի այս միջոցառումներին, այլ նաև բանակը կրակել է, բանակը կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Նա ներկայացրել է նաև մի մատյան, որտեղ երևում է, թե ինչպես են զինծառայողները հավելավճարներ ստացել Մարտի 1-ի գործողությունների մասնակցելու համար։

«0038 հույժ գաղտնի հրամանի հայտնաբերումից հետո պարզվեց, որ բանակը մասնակցել է այդ իրադարձություններին և մասնակցել է հենց փետրվարի 23-ից։ Ընդ որում՝ դա արվել է ընտրության արդյունքները հրապարակելուց մեկ օր առաջ։ Այսինքն՝ մեկ օր առաջ Ռոբերտ Քոչարյանը և Միքայել Հարությունյանը տեղյակ էին, որ պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Սերժ Սարգսյանին հռչակի հաղթող թեկնածու և ստորագրվում է հրաման, որ բանակը բերվի զորանոցային վիճակի և կանխվեն խաղաղ ցույցերը։

․․․Ասում էին, որ բանակը չի մասնակցել Մարտի 1-ի իրադարություններին, այլ բերվել է զորանոցային վիճակի։

Մեր քննությամբ արդեն իսկ հիմնավորվել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ի այս միջոցառումներին, բանակը կրակել է, բանակը կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ։ Մենք ունենք կոնկրետ ապացույցներ, որ Հայաստանի Հանապետության զինված ուժերի զինծառայողները ավտոմատ հրազեններից կրակ են արձակել Լեոյի փողոցի շենքների պատշգամբների ուղղությամբ, այն բանից հետո երբ պատշգամբներից մեկից վառվող շիշ է նետվել։ Այսինքն՝ բանակը ամբողջ ծավալով մասնակցել է այս գործողություններին։

Ես ցանկանում եմ բացահայտում անել, որ չէի ցանկանում անել, բայց առիթ է։

Այս գաղտնի հրամանից հետո որոշվել է Երևանում հավաքել տարբեր զորամիավորումներից զինծառայողների։

Շաբաթներով սահմանում կանգանած զինվորը հերթապահել է առանց հերթափոխի։ Եվ ստեղծվել են շատ վտանգավոր իրավիճակներ և եղել է անգամ դիվերսիա։ Սա ապացուցված է քրեական գործի նյութերով։ Դա ազդել է բանակի մարտունակության վրա։

Ամենախայտառակ բանը, որ արել են՝ մեր բանակի հետ դա մեր բանակի զինվորներին նախկին պաշտոնյաների կողմից վարձկան դարձնել է։ Քրեական գործով դա հիմնավորվել է», ֊ ասել է Խաչատրյանը։

ՀՔԾ պետը ներկայացրել է բնօրինակ փաստաթուղթ՝ մատյան, որում զինծառայողները ստորագրել են գումար ստանալու դիմաց։

«Օլիգարխների կողմից այս ընթացքում՝ փետրվարի 23-ից մինչև մարտի 8-ը բաժանվել է գումարներ, նրա համար, որ պաշտպանեն իրենց ունեցվածքը և քաղաքական նկրտումները։

Հատ-հատ մատյանում նշված են զինծառայողների անունները և գումարների չափերը, որ տվել են այդ զինծառայողներին, առկա են նրանց և նրանց հրամանատարների ստորագրությունները։ Այդ գումարները հանվել են օլիգարխների և պետական պաշտոն զբաղեցնող անձանց հաշվեհամարներից», ֊ ասել է ՀՔԾ պետը։

Նրանց անունները նա խոստացել է ավելի ուշ հրապարակել՝ ընդգծելով, որ մոտ 180 միլիոն դրամ գումար է բաժանվել։

Խաչատրյանը ևս մեկ կարևոր բացահայտում է արել՝ կապված Մարտի 1-ի գործի հետ։

«Տիգրան Աբգարյանի՝ ներքին զորքերի զինծառայողի մահվան հանգամանքրեը առավել քան մշուշոտ են։ Եվ այդ ուղղությամբ բավական աշխատանք ենք տարել և կարող ենք ասել այսօր, որ Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից։ Այդ մասին ունենք հստակ ապացույցներ։ Այսինքն՝ ինչի մասին է սա խոսում, Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ դեռ արդեն իսկ Քոչարյանը մտցրել էր արտակարգ դրություն, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար։ Եվ մեր տարբերակն է՝ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որ Քոչարյանի այն խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի։ Դա նախաքննությամբ հաստատվել է։ Այս նորությունն արդեն իսկ բավական է, որ իմ և պարոն Վանեցյանի դեմ իսկական որս սկսվեր», ֊ ասել է Խաչատրյանը։

Նա նաև անդրադարձել է այն խոսակցություններին, որ 2008 թվականի մարտի 1-ին օլիգարխների թիկնազորերի անդամներին բաժանվել են բաճկոններ։

«Քրեական գործով արդեն իսկ ձեռք են բերվել ապացույցներ, որ դա իրականություն է։ Պաշտպանության նախարարության պահեստից ստացվել են մեծ քանակությամբ զինվորական հագուստներ, որոնք բաժանվել են օլիգարխների թիկնազորներին։ Ում են բաժանվել, կիմանանք նախաքննության ավարտին, իսկ թե ինչի են բաժանվել… որ չտարբերվեն զինծառայողներից և պռովոկացիաներ անեն», ֊ եզրափակել է Խաչատրյանը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache