Բանավե՞ճ, թե՞ թամաշա

104

1in.am — Հանրային հեռուստաընկերությունից երեկ փոխանցել են, որ ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրված բոլոր 11 ուժերի առաջին համարները համաձայնել են մասնակցել դեկտեմբերի 5-ին ծրագրվող նախընտրական հեռուստաբանավեճին:

Ֆորմալ առումով՝ այս բանավեճը դառնալու է ընթացիկ քարոզարշավի կարևոր ձեռքբերումներից մեկը։ Արևմտյան քաղաքական մշակույթում բանավեճերի ինստիտուտը կարևոր նշանակություն ունի ու հիմնական կողմնորոշիչ գործոն է ընտրողների համար։ Դեռ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանը կարևորել էր բանավեճի անցկացումը՝ հույս հայտնելով, որ ապագա ընտրությունների համար այն օրենսդրորեն կամրագրվի։

Սակայն շատ ավելի կարևոր է բանավեճերի բովանդակային կողմը, ինչի առթիվ ունենք լուրջ մտահգություններ։ Ինստիտուտը կարևորելով հանդերձ՝ մտավախություններ ունենք, որ այն այս պարագայում բովանդակային հարթության վրա նույնիսկ կարող է արժեզրկվել։

Հանրայինի նախաձեռնած բանավեճը սկզբունքորեն ենթադրում է վարչապետի թեկնածուների ձևաչափ, որովհետև խորհրդարանական կառավարման մոդելում ցուցակի առաջին համարը տվյալ քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն է։ Հայաստանի ընթացիկ ընտրությունների տխուր առանձնահատկություններից մեկն այն է, որ գոյություն ունի վարչապետի մեկ թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանը, ու իշխանության հարցն, ըստ էության, լուծված է շատ վաղուց, երբ մայիսի 8-ին հեղափոխության առաջնորդը ստանձնեց վարչապետությունը։ Ընտրություններին մասնակից մյուս տաս ուժերը պայքարում են՝ խորհրդարանում ներկայություն ապահովելու, լավագույն դեպքում՝ երկրորդ տեղի համար։

Այս համատեքստում բովանդակային առումով բանավեճ տեղի ունենալ չի կարող․ ծրագրային մոտեցումներ ունեցող առաջին համարների թույլ ձայները խլացվելու են Նիկոլ Փաշինյանին քծնող ու նրան սևացնող աղմուկի սոդոմգոմորում։ Այլ խոսքով՝ բանավեճն արժեքավոր է այն ընտրություններում, որտեղ գոյություն ունի մրցակցության բաղադրիչ։ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում մրցակցության բաղադրիչը բացակայում է, կամ՝ եթե անգամ գոյություն ունի, ապա, այսպես կոչված՝ երկրորդ հարկում, որտեղ վիճարկվում է ընդդիմությանը սահմանադրորեն հասանելիք 30%-ը։

Մյուս կարոևոր հանգամանքն այն է, որ բանավեճերն ամփոփում են այն ընտրական կամպանիաները, որտեղ եղել է ծրագրային պայքար։ Հայաստանի այս ընտրություններում բացակայում է նաև այդ բաղադրիչը․ մենք լսում ենք հատուկենտ ծրագրային ելույթներ առաջարկություններ, որոնք ֆոն չեն ստեղծում «սպիտակների» ու «սևերի» հակադրության մեջ։

Մյուս կողմից՝ արդյունավետ չեն ընդհանուր ֆորմատով ու օրակարգով բանավեճերը, որովհետև դրանցում ֆավորիտներն ու աութսայդերները տարալուծվում են ու դիսկուրսի մասնակիցները խոսում են ամեն ինչի մասին, ըստ էության՝ չխոսելով ոչնչի մասին։ Ինչ-որ մեխանիզմով պետք է ի հայտ բերվեն ընտրությունների մի քանի հիմնական ֆավորիտներն ու նրանց առաջին համարների միջև կազմակերպվեն ոչ թե մեկ, այլ մի քանի՝ թեմատիկ բանավեճեր, որոնք թույլ կտան հասարակության հատկապես չկողմնորոշված զանգվածին պատկերացում կազմել կուսակցությունների ու դաշինքների ծրագրային մոտեցումների մասին։

Իհարկե, Հանրայինը նման փորձ անում է ցուցակներում ընդգրկված այլ թեկնածուների մասնակցությամբ, սակայն ակնհայտ է, որ այս անգամ առաջին համարները կհավաքվեն ընդամենը մեկ անգամ ու ընդհանուր օրակարգով։

Սա ավելի շատ նման կլինի ոչ թե բանավեճի, այլ՝ անճաշակ թամաշայի։ Իհարկե, անկեղծ լինելու համար նկատենք, որ այս ընտրություններում հասարակությունը կողմնորոշվելու խնդիր չունի․ նրա մեծամասնությունը քվեարկելու է հեղափոխության օգտին, շատ փոքր մի հատված պաշտպանելու է հին համակարգի ռեստավրացիան ու հուսանք, որ հասարակության մի մասն, այնուամենայնիվ, կատարելու է ծարագրային ընտրություն՝ ի հայտ բերելով դեմոկրատական այլընտրանքին։

Իսկ առայժմ մենք տեսնելու ենք անբովանդակ բանավեճ, լավագույն դեպքում՝ աղմուկ, այն, ինչը բնորոշ է ընթացող քարզոզարշավին։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache