Բաներ են արվում, որոնք տրամաբանական չեն, կարծես կրակի վրա յուղ լցնեն

2

Մեր զրուցակիցն է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը

Պարոն Բագրատյան, «Ելք»-ի ներկայացուցիչները թանկացումների դեմ ուղղված երթի ժամանակ հայտարարեցին, որ ստորագրություններ կհավաքեն հարկային օրենսգիրքը փոփոխելու հարցով ԱԺ  արտահերթ նիստ հրավիրելու համար։ Ողջունո՞ւմ եք այս նախաձեռնությունը՝ հաշվի առնելով, որ ինքներդ էլ կողմ եք Հարկային օրենսգրքում փոփոխություններին։

Նախ պետք է հասկանանք, թե ինչ ռեժիմով են իրենք տեսնում խնդրի լուծումը։ Իրենք կարող են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, ոչ թե ստորագրություններ հավաքել։ Թե ինչու են որոշել ստորագրահավաք կազմակերպել, ինձ համար հասկանալի չէ, որովհետև եթե նպատակը Հարկային օրենսգիրքը վերանայելն է, նրանք կարող են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ՝ առանց ստորագրահավաք կազմակերպելու։

«Ելք»-ը պահանջում է Հարկային օրենսգիրքը փոխել, եկամտահարկը իջեցնել և այլն։ Այս ամենը արտահերթ նիստ հրավիրելու համար բավարար պատճառ չէ՞։

Գիտեք, որ մեր խմբակցությունը նման նախաձեռնությամբ հանդես եկել է, որ եկամտահարկի շեմն իջեցվի։ Հիմա եթե «Ելք»-ը նույն բանն է առաջարկում, այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Պարզապես այստեղ խնդիրը հետևյալն է՝ որքանով են իշխանությունները պատրաստ քննարկելու այդ փոփոխությունները։ Եթե իշխանությունները պատրաստ չեն դրան, իմ կարծիքով, պետք է բանակցել այդ մարդկանց հետ ու հասկանալ, թե իրենք որքանով են պատրաստ ընդունելու այդ փոփոխությունները։ Չե՞ն համարում, որ թանկացումների դեմ ինչ-որ կերպ պետք է պայքարել։ Պետք է պարզել՝ նրանք ունե՞ն այդ քաղաքական կամքը, թե ոչ։ Կարծես մենք մեր անելիքն անում ենք, առանց այդ մարդկանց հետ խնդիրները քննարկելու։ Մենք պետք է կարողանանք փաստարկներ բերել, որ այս վիճակը վտանգավոր է հասարակության համար։ Պետք է խորհրդակցություններ անցկացնել։

Այս թեմայով խորհրդարանական լսումները, ըստ էության, արդյունք չտվեցին։

Այո, այդ լսումներն արդյունք չտվեցին։ Այն ակնկալիքները, որոնք մենք ունեինք, չարդարացան։ Լսումները պետք է իմաստ ունենային, դրանք պետք է միտված լինեին խնդիրների լուծմանը, մինչդեռ լսումները կազմակերպեցին արդարացնելու համար իրենց գործողությունները։ Եթե այդպես է, առանց լսումների էլ կարող էին հայտարարել՝ ձեր ոչ մի առաջարկ չենք ընդունում։ Բաներ են արվում, որոնք տրամաբանական չեն, կարծես կրակի վրա յուղ լցնեն։

Դուք այս կառավարության կողմից կամք ու ցանկություն տեսնո՞ւմ եք, որ ուզում են ինչ-որ փոփոխություններ անել։

Այս պահին իրական ցանկություն ու կամք տեսանելի չէ, ինչը մեզ շատ անհանգստացնում է։

Իշխանության ներկայացուցիչները փորձեցին հիմնավորել, որ թանկացումներն օրինաչափ են, անգամ հնչեցին հայտարարություններ, թե թանկացումներ տեղի չեն էլ ունեցել։

Փաստորեն նրանք լծված են կառավարության քայլերն արդարացնելու աշխատանքին։ Ասում են՝ դիզվառելիքը սուբսիդավորում ենք գյուղացիների համար, որոնք չեն կարողանում ԱԱՀ-ից հաշվանցում կատարել, բայց դա խնդրի լուծում չէ։ Եթե դիզվառելիքը կոնկրետ 20 տոկոսով թանկացել է, ինչ է նշանակում միայն գյուղացիական տնտեսությունների համար սուբսիդավորել, բա մնացա՞ծը։ Ասենք բեռնափոխադրում և ուղևորափոխադրում իրականացնողների համար էլ է թանկացել դիզվառելիքը, և բնականաբար, նրանք թանկացնելու են իրենց ծառայությունը։ Այսինքն իշխանությունները միայն արդարացման ռեժիմում են գործում և ոչինչ չեն ցանկանում անել։

Հիմա «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները չե՞ն միանա «Ելք»-ի ստորագրահավաքին։

Մենք կքննարկենք այդ հարցը և կհասկանանք։ Ես նորից եմ ասում, որ խնդիրը կարելի է լուծել առանց ստորագրահավաքի։ Դեռ պետք է հասկանանք իրավիճակը։ Մենք ցանկացած պայքարի միջոց արդարացի ենք համարում, որովհետև մենք անհանգստացած ենք, մեր ժողովուրդն անհանգստացած է այս թանկացումներով, և պետք է լուծումներ գտնվեն։ Հիմա կընդառաջի մեզ ՀՀԿ-ն, թե չի ընդառաջի, կերևա: Եթե չի ընդառաջի, մենք պետք է այլ մարտավարություն որդեգրենք, որովհետև չի կարելի անընդհատ մերժողական դիրքորոշումներով, ոչ մի տեղ չտանող դիրքորոշմամբ առաջ գնալ։ Դա հասարակության մի ստվար զանգվածի մոտ խուլ դժգոհություն է առաջացնում։ Եթե այս հարցերը չլուծենք, խնդիրներ ենք ունենալու։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache