Բանկերի միջոցով միլիոնավոր դոլարներ են փոխանցել օֆշորներ. Գյուլնազ տատի հեքիաթները չեն անցնելու

0

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առաջարկում է հարկային մարմնին թույլատրել ստանալ և օգտագործել հաճախորդների բանկային գաղտնիք համարվող տեղեկություններն առանց դատարանի որոշման։ ՊԵԿ-ն ընդգծում է, որ այդ տեղեկություններն օգտագործելու է բացառապես հարկային հսկողության նպատակով։ Այդ նպատակով Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է օրենսդրորեն սահմանել, որ բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրելու է հարկային մարմիններին՝ հարկային մարմնի ղեկավարի օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշման հիման վրա։

ՊԵԿ-ը մեկ այլ հրապարակմամբ հայտարարեց, որ հաշվի առնելով ներկայացված նախագծերի վերաբերյալ հանրային արձագանքը և նկատի ունենալով, որ խնդրի կարգավորմանը հնարավոր է հասնել նշված տեղեկությունների ստացման համար դատավարական այլ ընթացակարգեր սահմանելու միջոցով՝ ՊԵԿ-ն այս փուլում ձեռնպահ է մնում ներկայացված նախագծերի քննարկման հետագա ընթացքից։ Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ։

– Պարոն Մարգարյան, ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված ՊԵԿ-ի առաջարկն ու այնուհետև դրանից առժամանակ հրաժարվելը։

– Ես կարճ կասեմ, որ սա ՊԵԿ-ի բանը չէ։ Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունների նախագիծ կա, որն ընդունվել է, գնացել է նախագահի ստորագրմանը, Սահմանադրական դատարանում  է։ Բայց ես մի բան կասեմ, որ նման նախագծերը պետք է միայն ողջունել։ Եթե մարդը մտահոգություն ունի և չի կարող բացատրություններ տալ, թե որտեղից իրեն այդ մեկ դրամը, այդ մարդուն, այո, պետք է հարցնի հենց հարկային գերատեսչությունը, և ոչ միայն։

– ՊԵԿ-ի այս առաջարկն ինչո՞վ է պայմանավորված, ո՞ւմ է ուղղված, կամ ապօրինի հարստացման մասին օրենքի ընդունումը որևէ կապ ունի՞ այս առաջարկի հետ։

– Եկեք համաձայնեք, որ բոլորն էլ թիրախային խմբում են, ու բոլորն էլ պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները։ Երկրի բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց ունեցվածքը, եկամուտները, գույքը, ակտիվները։ Դրանք պետք է լինեն տեսանելի ու թափանցիկ։ Եթե մարդիկ հայտարարագրում են, և դա տեսանելի ու թափանցիկ է, ապա նման առաջարկների իմաստն էլ է կորում։ Ոմանք միլիարդներ են թալանել, ոմանք՝ հարյուրավոր միլիոններ, ոմանք էլ՝ հազարներ։ Գրանցել են իրենց զարմիկի, սիրուհու, քարտուղարուհու, հարևանի, բարեկամի և այլնի անունով ու ասում են՝ մենք աղքատ ենք, տեսեք մեր ցնցոտիները։ Բայց հո ամբողջ երկիրը գիտի, որ այդպես չէ։ Ինչ-ինչ պաշտոնյաներ անձնական խնդիրներ են փորձում լուծել՝ շանտաժի միջոցով իրենց հարցերը լուծելու համար։ Կոռուպցիոն ռիսկեր կարող են պարունակել։ Բայց որպեսզի նման խնդիրներ չծագեն, նման գործընթացները պետք է լինեն մի քանի տարբեր կառույցների վերահսկողության տակ։ Մեկը Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնն է, որն, իմ խորին համոզմամբ, պետք է դուրս բերվի այդ կառույցից։ Հիմա նախագիծ կա, համաձայն որի՝ տեղափոխվում է ոստիկանություն։ Այնտեղ առանձին հետաքննություն  պետք է սկսել։ Այդքան միլիարդներ են ապօրինի շրջանառվել բանկային համակարգի միջոցով։ Բանկային համակարգի նախկին ղեկավարները չե՞ն տեսել, չե՞ն իմացել։ Ի՞նչ են արել, որպեսզի համապատասխան մարմինները իրազեկվեն ու քննություն սկսեն։ Չեն արել։ Հիմա եկել է ժամանակը, որպեսզի այդ մարդկանց հարցնեն։ Այնպես որ, այս խնդիրը բազմաթիվ կողմեր ունի։ Այո, պետք է լուծումներ ստանա, ու ինչքան շուտ, այնքան լավ։ Այդքան խոսվում է անցումային արդարադատության մասին, երկրից թալանված ակտիվները վերականգնելու մասին, մարդկանց պատժելու մասին, բա ինչպե՞ս եք պատկերացնում։ Մարդիկ ձայն են տվել այս խոստումներին։ Իշխանությունը պարտավորված է անելու։ Իշխանությունը կա՛մ պետք է դա անի, կա՛մ պետք է թողնի հեռանա։ Այնպես չէ, ինչպես օրումեջ հայտարարվում է՝ եթե մենք չլինենք, նախկինները վերադառնալու են. դա բացառվում է։ Եթե չլինեն ներկա իշխանությունները, կգան հաջորդ իշխանությունները ու ոչ միայն նախկիններին կհարցնեն, այլև ներկաներին։ Այնպես որ, պետք է շատ հանգիստ ընդունել փոփոխությունները։ Ես հասկանում եմ, որ նախկին համակարգն ունի քարոզչական ահռելի մեծ մեքենա լրատվականների, համացանցային էջերի, որոնք փնովում ու արժեզրկում են այս կարգի նախաձեռնությունները։ Ես կարծում եմ, որ իշխանությունը չպետք է կանգ առնի։ Ինքը ձևավորել է իր օրակարգը, ձևավորել է ծրագրերը, քվե ստացել է, պետք է առաջ գնա։ Իսկ եթե իշխանության ներսում կան մարդիկ, ովքեր խանգարում են, շատ արագ պետք է չեզոքացվեն ու հեռացվեն։ Սա է օրակարգը՝ շատ պարզ, ցերեկային լույսի նման։

– Պարոն Մարգարյան, ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է այս նախաձեռնությամբ, օրինակ, ֆինանսների նախարարությունը հանդես գա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆինանսական քաղաքականություն մշակող կառույցն է։

– Ես կարծում եմ, որ նման նախաձեռնությունները պետք է մշակի ու ներկայացնի ոչ թե ՊԵԿ-ը, այլ ֆինանսների նախարարությունը։ Այստեղ է, որ ես համաձայն չեմ, որ ՊԵԿ-ը նման նախաձեռնությամբ հանդես գա ու, առաջ ընկնելով, ինչ-ինչ հարցեր փորձի լուծել։ ՊԵԿ-ի խնդիրը պետական եկամուտների հավաքագրումն է։ ՊԵԿ-ը քաղաքականություն մշակող, իրականացնող համակարգ չէ։ Այստեղ, այո, կա խնդիր։ Իրենց նախաձեռնությունը պետք է փոխանցել այլ կառույցի, ինչու չէ՝ նաև արդարադատության նախարարությանը։

– Պարոն Մարգարյան, բանկերը մշտապես դեմ են արտահայտվում նման առաջարկներին, նախագծերին։ Այս դեպքում ի՞նչ եք կարծում՝ դիրքորոշումը նո՞ւյնը կլինի։

– Բանկերը, այո, մշտապես դեմ են արտահայտվել՝ Կենտրոնական բանկից սկսած։ Բանկային կապիտալի մեծ մասը հենց այն անձանց փողերն են, որոնց պետք է հարցեր տրվեն։ Մարդիկ իրենց հաշիվները բացել են օֆշորներում, բանկերի միջոցով ֆռացրել են, հետո օֆշորներից նորից փոխանցել են այս բանկեր ու օրինականացրել լվացել են այս գումարները։ Իրականությունը սա է, որը  մեր կարգի երկրների համար սովորական իրավիճակ է։ Դուք նայեք այն քրեական գործին, որը վերաբերում է Կճոյանին, նոր մեղադրանքը։  Բանկերից մեկը միլիոնավոր դոլարներ է փոխանցել օֆշոր, հետո փոխանցել է հետ։ Հիմա այս բանկին պետք է ասել՝ հարգելի բանկ, դուք, որ այս ամենն արել եք, չե՞ք տեսել՝ ի՞նչ գումարներ են, որտեղի՞ց են ծագել ու ի՞նչ ընթացք են ունեցել։ Սա ընդամենը մեկ օրինակ է։ Նման գործարքները եղել են հազարավոր, ես կասեի՝ հարյուր հազարավոր։

– Իսկ նման մեթոդների կիրառումը իշխանության կողմից արդյունավե՞տ է։

– Սա շատ ծախսատար, ժամանակատար պրոցես է։ Որպեսզի նման ծուղակի մեջ չներքաշվեն իրավապահ համակարգը, հարկային համակարգը, վարույթն իրականացնող հակակոռուպցիոն համակարգը, հարկավոր է հենց սկզբից հայտարարել ունեցվածքի, եկամուտի, ակտիվների համաներում։ Ենթադրենք, այն գույքը, որը կասկածվում է անօրինական ծագման մեջ, սեփականատիրոջն առաջարկվում է ունեցվածքի առնվազն 50 տոկոսը փոխանցել, վերադարձնել պետությանն ու մնացած մասով օրինականացնել։ Եթե ոչ, կբռնագանձվի ողջ գույքը։ Այսինքն՝ կսկսեն գործել այն նախագծերը, որոնք այսօր դրվում են շրջանառության մեջ։ Երկրորդ տարբերակ չկա։ Եթե մարդուն ասում ես՝ քո այսինչ գույքի հիմնավորումը բեր, ու ինքը սկսում է պատմել Գյուլնազ տատի հեքիաթները, դա չի անցնելու։ Հենց այդ պահին, երբ նա չի կարողանա հիմնավորել ունեցվածքի օրինականությունը, կգործի համաներման տարրը։ Իսկ եթե մարդը խուսափում է վարույթից, պետք է բռնագանձել ամբողջ ունեցվածքը։ Երկիրը պետք է առաջ գնա։ Չի կարող հարստությունը գերբևեռացված կուտակվել 1.5-2 տոկոս ընտանիքների ձեռքում, իսկ մնացած մասն ունենա հպատակի կամ աղքատ հպարտի կարգավիճակ։


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները