Բանսարկություն դիսկուրսի փոխարեն. լուրջ մարտահրավեր կառավարությանը

89

1in.am — Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 8-ին սպասվող այցը Մոսկվա ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի հետ հանդիպումը Հայաստանում ակտիվացրել են հայ-ռուսական հարաբերության մասին խոսակցությունները, թեև այս տեսանկյունից, իհարկե, դրանք բավականին կայուն ակտիվության փուլում են թավշյա հեղափոխությունից ի վեր և այդ կայունությունը պահպանվում է, ու հնարավոր է խոսել գերակտիվ փուլերի մասին: Թե՛ ակտիվությունը, թե՛ գերակտիվությունը հասկանալի է լիովին՝ հաշվի առնելով այն, որ հայ-ռուսական հարաբերությունը մի շարք հայտնի պատմա-քաղաքական, ռազմա-քաղաքական, հոգեբանական, տնտեսական իրողությունների ու հանգամանքների բերումով ունի ոչ միայն զուտ արտաքին քաղաքականության կարևոր մի ուղղության նշանակություն կամ կարգավիճակ, այլ հայկական պետականության համար առանցքային մի նշանակություն:

Ըստ այդմ, եթե Հայաստանում տեղի է ունենում պատմական վերափոխումների մի գործընթաց, բնական է, որ առանցքային, ակտիվ դիտարկումների առարկա պետք է դառնա նաև պետականության համար այնպիսի կարևոր մի գիծ, ինչպիսին է հայ-ռուսական հարաբերությունը: Մյուս կողմից, սակայն, հարկ է արձանագրել մի ոչ այնքան դրական իրողություն: Իր միանգամայն բնականությամբ, սպասելիությամբ և անհրաժեշտությամբ հանդերձ հայ-ռուսական հարաբերության և հեռանկարների վերաբերյալ քննարկումներն ու դիսկուրսը կենտրոնացել են նախ քաղաքական, խմբային, անձնային, կոնյուկտուրային շահերի տիրույթում, եթե անգամ դրանք մատուցվում են, այսպես ասած, դեմքի ակադեմիական արտահայտության կամ տեքստի ակադեմիական հանդարտության ձևով: Խնդիրն այն է, որ ցուցիչը բովանդակությունն է, դրա առարկայականությունը, շեշտադրումների հստակությունը, անելիքների վերաբերյալ դատողությունների պարզությունը:

Դիտարկումների ու արձագանքների գերակշիռ մասում, մինչդեռ, առկա է ընդամենը անփաստարկ, կարծրատիպային կամ իներցիոն մտահոգությունների և նենգափոխումների մի մեծ շարան, որի հիմնական նպատակային ուղղությունները երկուսն են. Հայաստանի հասարակության համար ստեղծել տպավորություն, որ նոր իշխանությունը տապալում է հայ-ռուսական հարաբերությունն ու ստեղծում խնդիրներ՝ այստեղ հաշվի է առնվում հենց հանրային պատմա-քաղաքական-հոգեբանական ընկալումների գործոնը, որը Ռուսաստանի հանդեպ ձևավորել է գրեթե ճակատագրապաշտական մի մոտեցում. մյուս թիրախը Ռուսաստանն է, որի նպատակն է հասնել այդ երկրում հնարավորինս շատ շրջանակներում այն մտայնության, որ Հայաստանի նոր իշխանությունը չի տիրապետում իրավիճակին, չի հասկանում հայ-ռուսական հարաբերության կարևորությունը, կատակ է անում, խաղում է Ռուսաստանի հետ կամ, այսպես ասած, հնարամտորեն փորձում է Հայաստանը տանել Ռուսաստանի ազդեցության դաշտից:

Ահա, այսպես ասած, դիսկուրսի գերակշռող հատվածի, այսպես ասած, համառոտ բնութագիրը, որի հիմքերը ընդամենը այն են, որ արդեն մոտ երեք ամիս է՝ բացակայում են հայ-ռուսական հարաբերության մասին պաշտոնական կենացները, և հնչում են հայտարարություններ, որոնք դրսևորում են որոշակի չհասկացվածության և հարցերի առկայություն: Իրականում դրանք եղել են նաև նախկինում, պարզապես մենք՝ հանրությունը, այդ մասին տեղեկանում էր, այսպես ասած՝ պոստֆակտում, երբ, օրինակ, լինում էր Ապրիլյան քառօրյա պատերազմ, և հետո նոր միայն Սերժ Սարգսյանը Մոսկվային համարձակվում էր բարձրաձայնել՝ «բա որ ասում էի»: Այսինքն՝ հայ-ռուսական քաղաքականություն կամ դրա հանդեպ Հայաստանի իշխանության պատասխանատու, փորձառու դիվանագիտական վարքագիծ դիտարկվում էր լռությունը, քանի դեռ մի բան չէր լինի, դանակը չէր հասնի ոսկորին, ու Երևանը չէր ստանա բարձրաձայնելու համարձակություն: Ահա սրա վրա մի շարք շրջանակներ կառուցում են իրենց «փաստարկային» բազան, որ հարաբերությունը լարվել է կամ փչացել: Ընդ որում` հետաքրքիր է այն, որ չկա առարկայական որևէ մատնանշում, թե ինչ է պետք անել:

Բացառությամբ, թերևս, դիտարկման, թե պետք չէր Խաչատուրովին հետապնդել առանց հետ կանչելու: Սա ևս անլրջության վկայություն է, երբ հայ-ռուսական հարաբերության հիմնարար խնդիրը հասցվում է այդ հարցի մակարդակի: Այն դեպքում, երբ հարաբերությունը իսկապես դարձել է լրջագույն երկկողմ, ռեգիոնալ և աշխարհաքաղաքական պրակտիկ մի գործոն, որն ունի հնարավորինս արագ վերաֆորմատավորվելու և նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներին համապատասխանեցվելու խնդիր: Իսկ սրա համար պահանջվում են բովանդակային խորքային քննարկումներ, պարզունակ մակարդակում կոնյուկտուրային բանսարկությունների փոխարեն, որ փորձ է արվում հյուսել Հայաստանի նոր իշխանության դեմ, Կրեմլում: Որովհետև խնդիրը ամենևին հայ-ռուսական հարաբերությունը չէ, մտահոգության առարկան ընդամենը անձնական կամ խմբային շահեր են, այս կամ այն կերպ շաղկապված նաև ռուսական ինչ-ինչ շրջանակների հետ, որոնց համար էլ խնդիրը հայ-ռուսական հարաբերությունը չէ ամենևին:

Բարեբախտաբար, բանսարկություններն առայժմ չունեն ցանկալի էֆեկտ, այլապես դրանք չէին դառնա ավելի ու ավելի ցցուն, այլ կաշխատեին շարունակել առանց ավելորդ աչքի ընկնելու: Մյուս կողմից, սակայն, այս իրավիճակը մեկ այլ մարտահրավեր է Հայաստանի, հայ-ռուսական հարաբերության համար, քանի որ, ի վերջո, Հայաստանի նոր իշխանության համար այն կրկնապատկում է լուրջ դիսկուրսի անհրաժեշտությունը: Դրա նախաձեռնությունը կառավարությունը պետք է վերցնի իր վրա և փորձի ձևավորել այն, ներգրավելով հանրային այն ռեսուրսը, որը կա և որը խնդիրները դիտարկում է նեղ անձնական կամ խմբային կոնյուկտուրայից դուրս, պետականության շահերի ծիրում, առանց կենացների, այլ հայեցակարգերով և համակողմանի մոտեցումներով: Ի դեպ, այդպիսի դիսկուրսի կարիք կա թե՛ հայ-ռուսական, թե՛ այլ կարևորագույն հարցերում, ինչպես, օրինակ, Արցախի խնդիրը: Բայց այստեղ, իհարկե, հնարավոր է ձևավորել, այսպես ասած, փաթեթային ֆորմատ՝ գեներացնելով իրապես բովանդակություն և կոնտենտ, որը հետաքրքիր կլինի ընդհուպ միջազգային մակարդակում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache