Լրահոս

Բարդ ընտրություն. Ի՞նչ կանի Վովա Գասպարյանը

 

Եթե իմ քաղաքական թիմը որոշի, որ պետք է մնամ գործադիրում, ապա կմնամ գործադիրում, իսկ եթե որոշի, որ պետք է լինեմ խորհրդարանում՝ ապա կլինեմ այնտեղ: Այդ խոսքերի հեղինակը Գալուստ Սահակյանի որդին է՝ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, որը ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից էր, խորհրդարան անցած թեկնածուներից:
Արման Սահակյանի մասով կա մի քանի ուշագրավ հանգամանք: Նախ ռեյկտինգային թեկնածու էր այն տարածքում, որտեղ ՀՀԿ-ն ուներ այլ մրցունակ թեկնածուներ էլ՝ ՍԱՍ-ի Արտակն ու Վովա Գասպարյանի փեսան՝ Արթուր Գեւորգյանը:
Գեւորգյանը չի անցել խորհրդարան, այսինքն հավաքած ձայները բավարար չեն դրա համար: Բայց նա կարող է հայտնվել այնտեղ, եթե Արման Սահակյանը կամ ՍԱՍ-ի Արտակը չվերցնեն մանդատը: ՍԱՍ-ի Արտակի մասով եղավ հետընտրական աղմկոտ ձայնագրությունը, որը հենց վերագրեցին ոստիկանապետի «ձեռքին»: Առայժմ սակայն պարզ չէ, ՍԱՍ-ի Արտակի համար ձայնագրությունը կունենա ճակատագրական նշանակություն, թե ոչ: Այն իրավապահների տիրույթում է, բայց հասկանալի է, որ հարցը վճռելու է Սերժ Սարգսյանը:
Իսկ ՍԱՍ-ի Արտակը օրերս եղել է Սերժ Սարգսյանի հյուրը, ինչպես գրել էր Հրապարակ թերթը, հայտնելով, որ Արտակը մասնակցել է Սերժ Սարգսյանի թոռնիկներից մեկի կնունքի հանդիսությանը՝ Օջախ ռեստորանում: Նշանակու՞մ է դա արդյոք, որ Արտակի մանդատի հարցը վճռված է, եւ ձայնագրությունը չի ունեցել ճակատագրական նշանակություն:
Առերեւույթ՝ այո, հակառակ դեպքում նա չէր լինի Սերժ Սարգսյանի հյուրը: Մյուս կողմից, Հայաստանի իշխանության համակարգն ու հարաբերությունները չունեն պարզունակ կառուցվածք, դրանք շահերի բարդ հանգույց են, եւ ՍԱՍ-ի Արտակն էլ դա գիտե, հետեւաբար խնդիրը միայն Սերժ Սարգսյան-Արտակ հարաբերության դաշտում չէ, այլ, օրինակ նաեւ Սերժ Սարգսյան-Վովա Գասպարյան, Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան կամ Սամվել Կարապետյան:
Ընդ որում, այդ առումով ուշագրավ էր օրեր առաջ Վովա Գասպարյանի ռեվերանսը վարչապետ Կարեն Կարապետյանին: Երբ Կարեն Կարապետյանը հայտարարեց Մաքուր Հայաստան նախաձեռնության մասին եւ հորդորեց ոստիկանապետին աշխուժորեն պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր կաղտոտեն շրջակա միջավայրը, ոստիկանությունը դրանից մի քանի ժամ անց հայտարարություն տարածեց, որ ձեռնամուխ է լինում վարչապետի հորդորին:
Ըստ ամենայնի, Վովա Գասպարյանը Սերժ Սարգսյանին էր ակնարկում, որ եթե դրական հանգուցալուծում չստանա իր փեսայի՝ Արթուր Գեւորգյանի մանդատի հարցը, ապա իշխանության այսպես ասած վերադասավորման եւ 2018-ի խնդրի համատեքստում ինքը կլինի վարչապետ Կարեն Կարապետյանի կամ Կարապետյանների թիմում՝ ներառյալ նաեւ միլիարդատեր Սամվելը:
Այդ համատեքստում ուշագրավ է նաեւ մամուլում պարբերաբար տեղ գտնող տեղեկատվությունն այն մասին, որ Վովա Գասպարյանը նոր կառավարությունում, մասնավորապես 2018-ից հետո կարող է նշանակվել պաշտպանության նախարար:
Հավանական է, որ Սերժ Սարգսյանն այդպիսով փորձում է ազդել Գասպարյանի տրամադրվածության վրա, անկասկած լավ պատկերացնելով, որ պաշտպանության նախարարի պաշտոնը Վովա Գասպարյանի համար բավական գայթակղիչ կլինի, հատկապես հաշվի առնելով խորհրդարանական կառավարման մոդելի առանձնահատկությունը:
Բայց, Աստծո խոսքով առաջնորդվող ոստիկանապետն էլ ըստ երեւույթին լավ է պատկերացնում՝ «վայ նրան, ով կգայթակղի, եւ վայ նրան, ով կգայթակղվի»:
Այդ հանգույցում է նաեւ Արման Սահակյանի մանդատի հարցը: Այստեղ էլ իրավիճակը իսկապես հակասական է: Ակնհայտ է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը նրան չի ցանկանում տեսնել գործադիրում: Կարապետյանը կառավարության գրեթե ամեն նիստի ընթացքում այս կամ այն կերպ ի ցույց է դնում Սահակյանից իր դժգոհությունը:
Մյուս կողմից, եթե Սահակյանը չլինի գործադիրում, այլ վերցնի մանդատը, ապա դա լինելու է խորհրդարանում Սերժ Սարգսյանի մանդատը: Դա էլ նշանակում է, որ Կարեն Կարապետյանը 2018-ի համար կունենա մեկ մանդատ պակաս: Սակայն, իհարկե չկա երաշխիք, որ եթե Սահակյանը չվերցնի մանդատը, ապա այդ մանդատը վերցնելու է մարդ, որը կլինի Կարապետյանի թիմում:
Ի վերջո, եթե Սահակյանը չվերցնի, ապա մանդատը վերցնելու է Արթուր Գեւորգյանը: Կարեն Կարապետյանը կարող է իհարկե այսպես ասած «խաբուսիկ» հնարքի դիմել եւ ներգրավել Սահակյանին գործադիր, որպեսզի մանդատը վերցնի Արթուր Գեւորգյանը: Բայց դրա համար անհրաժեշտ է վստահություն, որ այդ դեպքում մանդատն ու Վովա Գասպարյանը 2018-ի հարցում կաջակցեն Կարապետյանին: Այլապես չկա Սահակյանին գործադիր վերցնելու իմաստ:
Ի՞նչ կանի Վովա Գասպարյանը՝ կհամարի, որ դա Կարեն Կարապետյանի՞ աջակցությունն էր իրեն, թե՞ Սերժ Սարգսյանի, որը կարող է Արման Սահակյանին հրահանգել մնալ գործադիրում եւ տեղ տալ Արթուր Գեւորգյանին:
Բայց Սերժ Սարգսյանն էլ իհարկե ունի վստահ լինելու անհրաժեշտություն, որ Վովա Գասպարյանը այդուհանդերձ չի ընտրի Կարապետյաններին:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing