Լրահոս

Բարձր ճշգրտության զենքը սահմանին. Բաքվի կարծիքը հաշվի չեն առել

 

Հայկական մեդիատարածությունն ակտիվ քննարկում է Վահան Մարտիրոսյանի հետ կապված պատմությունը, որն անցյալ տարվա դեկտեմբերին հանձնվել էր Բաքվին եւ դարձել այսպես կոչված Խաղաղության պլատֆորմի համահիմնադիրը: Նրանից հետո Բաքու տեղափոխվեցին եւս մի քանի հոգի: Օրերս Վահան Մարտիրոսյանը, ով արդեն որոշ ժամանակ ապրում է Ուկրաինայում, զղջման նամակ է գրել, իսկ սոցցանցերում ակնարկում են, որ նա իբր կատարել է հայկական հատուկ ծառայությունների առաջադրանքը:
Մի խոսքով, ինչպես ասում են քրեական-պետական շրջանակներում, պլատֆորմի «ջուրը քաշեցին»:
Պլատֆորմի եւ հայկական ռենեգատների պատմությունն այսքան հետաքրքիր չէր լինի, եթե չհամընկներ մեկ այլ պատմության՝ ղարաբաղյան քաղաքական կարգավորման հետ: Խաղաղության պլատֆորմը ստեղծվել է 2016 թվականի նոյեմբերին եւ պետք է միջազգային հանրությանն ապացուցեր, որ հայերն ու ադրբեջանցիները զսպման լրացուցիչ միջոցների կարիք չունեն:
Բանն այն է, որ 2016 թվականին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարում էին շփման գծում հետաքննությունների մեխանիզմների տեղակայման անհրաժեշտության մասին: Ֆրանսուա Օլանդն անգամ առաջարկեց պատժել նրանց, ովքեր հրադադարի ռեժիմի խախտում թույլ կտան:
Ադրբեջանն այդ նախաձեռնությունն ընդունեց որպես իր ռազմական դիվանագիտության սպառնալիք եւ ամեն կերպ խոչընդոտում է դրան: Խոչընդոտելու տարբերակներից մեկն էլ, ըստ ամենայնի, պլատֆորմն էր, որը պետք է ցույց տար Բաքվի խաղաղ մտադրությունները եւ զսպման «լրացուցիչ միջոցների» անհրաժեշտության բացակայությունը:
Նախաձեռնությունը տապալվել է, համանախագահները պահանջում են մեխանիզմների ներդրում, փորձագետները չեն բացառում անգամ պատժամիջոցները: Ավելին, հայտարարվել է, որ Ղարաբաղում ԵԱՀԿ դիտորդների թիվը կավելացվի, չնայած ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր, որ որոշումն ընդունվել է առանց Բաքվի կարծիքը հաշվի առնելու:
Բաքվում հավանաբար հասկացել են, որ եթե այսօր առանց իրենց կարծիքը հաշվի առնելու մեծացրել են դիտորդների թիվը, վաղը կարող են հայկական կողմում մեխանիզմներ էլ տեղադրել: Իսկ միգուցե արդեն տեղադրել են. հայ գեներալները խոսում են բարձր ճշգրտության ամերիկյան միջոցների մասին, որոնք տեղադրվել են սահմանին ու ապացուցել իրենց արդյունավետությունը:
Վահան Մարտիրոսյանի եւ պլատֆորմի «ջուրը քաշելը» նշանակում է, որ Բաքուն «խաղաղ կարգավորման» այս փուլն ավարտված է համարում եւ ոչ իր օգտին: Հիմա Բաքվում հավանաբար փորձում են այլ նախաձեռնություններ մշակել: Սակայն բոլոր այդ նախաձեռնություններն ապաշնորհ են ստացվում, ինչպես պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի «մեծ գործողությունները», «լրտեսների» գործը եւ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության ղեկավար Մադաթ Գուլիեւի «մեծ» պլատֆորմը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing