ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ԾԱՓԱՀԱՐՈՒՄ ԵՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ՝ ՓԱՍՏԱՐԿՎԱԾ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՐ․ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

0

hraparak.am -ՕԵԿ առաջնորդ Արթուր բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին և նրա հետ մեկտեղ փողոցում պայքար ծավալող ժողովրդին․

«Բարև Ձեզ, սիրելի հայրենակիցներ, Դիմում եմ Ձեզ, նախ և առաջ, շնորհավորելու այս գեղեցիկ հաղթանակի առթիվ: Բարձրաձայն ծափահարում եմ մեր հրաշալի ուսանողությանն ու երիտասարդությանը այս փայլուն հաղթանակի համար, Նիկոլ Փաշինյանին` իր խոհեմ քայլարշավի և փաստարկված պայքարի համար:

Վերջապես, այսօր մեր հայրենակիցները համախումբ են և վճռական` կերտելու նոր, ազատ, համախոհ ու արժանապատիվ Հայաստան, և իսկապես օրենքի և արդարության երկիր: 2008թ. նախագահական ընտրություններից հետո երկրորդ տեղում հայտնված Լևոն Տեր-Պետրոսյանը, որպես ընդդիմության առաջատար, չկարողացավ հաղթական ավարտին հասցնել պայքարը, չհաջողվեց նաև մեզ, որ գրավելով երրորդ տեղը և նպատակ հետապնդելով փորձություններից ետ պահել մեր ժողովրդին, հայտնվեցինք իշխանության մեջ` փորձելով այն հիմնովին վերափոխել ներսից, սակայն դա ևս չհաջողվեց և մենք կամովին դուրս եկանք իշխանությունից, չհաջողվեց նաև Ստեփան Դեմիրճյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց հաջողվեց ի վերջո Նիկոլ Փաշինյանին`շնորհիվ իր վստահ հավատի և հարաճուն տեսլականի: 2017թ. զանգվածային և ռեյտինգային ընտրակաշառքները, վարչական լայնածավալ ռեսուրսի չարաշահումները կասեցրին նաև մեր մուտքը Ազգային ժողով` արդյունքում չհանդուրժելով նաև 2014թ. իշխանությունից մեր կամովին հեռանալու փաստը:

Քաղաքական և տնտեսական մենաշնորհները, բարոյալքված և կոռումպացված համակարգը այլևս անհանդուրժելի դարձան նախ և առաջ նոր սերնդի համար և հենց դա էր պատճառը, որ ուսանողն ու երիտասարդը դարձան ժողովրդական այս շարժման դրոշակակիրները` իրենց հետևից տանելով հասարակության մյուս խավերին: 20 տարի շարունակ պայքարի մեջ լինելով ես շատ լավ եմ հասկանում ժողովրդային հաղթանակի բերկրանքը:

Ի սկզբանե, իմ թիմի հետ միասին, լինելով համաժողովրդական այս շարժման մասնակիցն ու աջակիցը թե՛ մեր պայքարով, որի արդյունքում ունեցանք բերման ենթարկված և ձերբակալված կուսակցականներ ու ակտիվիստներ, և թե՛ հրապարակայնորեն մամուլում տարածած շարունակական քաղաքական հայտարարություններով ու հրապարակային դիրքորոշումներով, մենք մեր զորակցությունն ենք հայտնել ազգային այս աննախադեպ ու ժողովրդական պայքարին: Վստահ եմ, որ մայիսի 1-ին ԱԺ-ում ներկայացված բոլոր խորհրդարանական ուժերը կամրագրեն ժողովրդի փայլուն հաղթանակը և Նիկոլ Փաշինյանը կընտրվի վարչապետ` երաշխավորելով ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ, ինչը նշանակում է ուժեղ, մրցունակ և բարեկացիկ Հայաստան: Հ.Գ. Շնորհակալ կլինեմ Ձեր խոհերի ու վերլուծությունների, քննադատության ու գնահատականների համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արթուր Բաղդասարյանը



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache