Բարձրաստիճան ՀՀԿ-ականներն այսօր խիստ սակավախոս էին

1

azatutyun.am — Իշխող Հանրապետականի բարձրաստիճան ներկայացուցիչները՝ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը և կուսակցության այլ ղեկավար անդամներ այսօր ամեն կերպ խուսափեցին հստակեցնել՝ հետևելո՞ւ են արդյոք իրենց առաջնորդի՝ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի օրինակին՝ նույնպես հրաժարական ներկայացնելով, եթե ոչ՝ ունե՞ն արդյոք վարչապետի իրենց թեկնածուն, կամ սատարելո՞ւ են Նիկոլ Փաշինյանաի գլխավորած ընդդիմադիր շարժման թեկնածուին:

Հանրապետականները լռում էին, կամ ասում, թե ապրիլի 24-ին չեն ցանկանում խոսել քաղաքական հարցերից՝ երբեմն տալով նյարդային արձագանքներ:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի առաջանորդությամբ բարձրաստիճան պաշտոնյաները և հոգևոր հայրերը այսօր այցելել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակին:

ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը այդպես էլ չարձագանքեց «Ազատության» համառ հարցերին, թե ով է լինելու իրենց կուսակցության վարչապետի թեկնածուն, կամ արդյոք ինքը մտադիր է շարունակել պաշտոնավարումը:

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վիգեն Սարգսյանը շարունակ պնդում էր, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը այն վայրը չէ, ուր պետք է խոսել քաղաքական հարցերից․ — «Ամեն ինչը ունի իր տեղը»:

Համաձայնեց որոշ հարցերի պատասխանել ՀՀԿ գործադիր մարմնի մեկ այլ անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Նիկոյանը: Վարչապետի թեկնածուին վերաբերող հարցին ի պատասխան ասաց․ — «Դրա մասին եկեք խոսենք վաղը»:

Իսկ հարցին, թե արդյոք պետք է լուծարվի Ազգային ժողովը և լինեն նոր ընտրություններ, արձագանքեց․ — «Հանրապետականում մտածում են, որ այս քայլը, որ կատարեց Հանրապետության նախագահը, դա հզոր անհատի, պետական մտածողության անձի քայլ էր, և այդ հայտարարությունը իր մեջ մեծ ներուժ էր պարունակում: Մնացած բոլոր խնդիրների մասին մենք կքննարկենք և ձեզ կտեղեկացնենք»:

Հաջորդ հարցին, թե մտադիր չեն արդյոք հրաժարվել պատգամավորի մանդատներից, քանի որ իրենց քաղաքական ուժի առաջնորդը հրաժարական է տվել, Նիկոյանը պատասխանեց․ — «Հանրապետականում մտածում են, որ հանրությունը, մեր ժողովուրդը, որ դուրս եկավ փողոց, մեկ պահանջ էր ներկայացրել, խոսքը վերաբերում էր Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանը գնաց ընդառաջ հանրային պահանջին և հրաժարական տվեց»:

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո երեկ Երևանի Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հրապարակեց ընդդիմադիրների պահանջները՝ նոր վարչապետի ընտրություն մեկ շաբաթվա ընթացքում, որին պետք է հաջորդեն նոր կառավարության ձևավորումը և հնարավոր ամենաշուտ տրամաբանական ժամկետում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache