Բարիկադներ և կապիտուլյացիա․ հեղափոխության կարճ ճանապարհը

83

1in.am — Հոկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը հանգամանալից նկարագրեց այն մեխանիզմը, որով մտադիր է հասնել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն արդեն դեկտեմբեր ամսին։ Վարչապետի հրաժարականի ու խորհրդարանի կողմից երեկու անգամ անընդմեջ նոր վարչապետ չընտրելու մեխանիզմը, որը նկարագրված է 149-րդ հոդվածի 3-րդ մասում, այս պահին, ըստ էության, միակն է, իհարկե, եթե մենք հետամուտ ենք խորհրդարանի արձակման և արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացում օրինականության պահպանմանը։

Փաշինյանի հայտարարությունից հետո քաղաքական և հասարակական շարջանակներում բուռն հակազդեցություն է առաջացել խորհրդարանի լուծարման այս տարբերակի հանդեպ․ մարդիկ կարծում են, որ արտահերթ ընտրություններին պետք է հասնել առանց Փաշինյանի հրաժարականի։ Հասարակության մտահոգություններն, իհարկե, շատ դեպքերում տեղին են, սակայն դրանց կանդրադառնանք մի փոքր ավելի ուշ։

Մյուս կողմից՝ առաջարկվող այլընտրանքային լուծումները՝ ինչքան էլ դրանք «անվտանգ» լինեն, սահմանադրական չեն և, ի վերջո՝ կասկածի տակ են դնելու արտահերթ ընտրությունների ու նոր խորհրդարանի լեգիտիմությունը։

Օրինակ՝ Ժիրայր Սեֆիլյանը երեկ պնդում էր, թե ճիշտ կլինի խորհրդարանը լուծարել հանրաքվեի միջոցով։ Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ սահմանադրությունը նման ընթացակարգ չի նախատեսում՝ չնայած կոնկրետ «ծռերը» կարծում են, որ գործող սահմանադրությունը կեղծ ու ապօրինի փաստաթուղթ է ու պետք է մի կողմ դրվի։ Սա շատ վտանգավոր մտայնություն է, որն, ի վերջո, հեղափոխությունը դուրս է բերելու լեգալության հարթությունից՝ չեղարկելով դրա քաղաքական և իրավական հետևանքները, լեգիտիմացնելով հետագա ռեպրեսիաները։

Երեկ գտնվել էր մի նոր «լուծում»․ ակտիվորեն քննարկվում էր տարբերակ, որ եթե «Ելք» դաշինքի բոլոր պատգամավորները ու ցուցակում նրանց փոխարինողները հրաժարվեն մանդատներից, ապա խորհրդարանը կարող է օրենքի ուժով արձակվել, որովհետև պատգամավորների թիվը չի կարող 105-ից պակաս լինել։ Նման տարբերակը նույնիսկ քննարկելը մեծ շառայլություն է, որովհետև հաջորդ Ազգային ժողովի խորհրդարանական փոքրամասնությունը կարող է նույն կերպ մանդատները վայր դնելով Ազգային ժողովն արձակել և այդպես շարունակ: Սա սահմանադրական պերմանենտ ճգնաժամի ճանապարն է, որը հակասում է քաղաքական ու իրավական տրամաբանությանը։

Կարելի է, իհարկե, փոփոխություն կատարել Սահմանադրության մեջ և Ազգային ժողովի արձակման նոր հիմքեր ստեղծել։ Սակայն, մեր կարծիքով, դրա մասին պետք է  մտածել արդեն խորհրդարնական ընտրություններից հետո․ սահմանադրական փոփոխությունները որևէ կերպ չի կարելի հարմարեցնել քաղաքական կոնյուկտուրային, որովհետև թեկուզև Հայաստանի վերջին տարիների ու ամիսների ընթացքը ցույց տվեց, որ դա ամենևին էլ լավ տեղ չի տանում՝ հանգեցնելով ցնցումների։

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանն ընտրել է խորհրդարանական արտահերթ ընտրություններին հասնելու միակ սահմանադրական ճանապարհը։ Այլ խնդիր է, որ այդ ճանապահին կարելի էր հասնել ոչ թե հակադրության, այլ՝կոմպրոմիսների ճանապարհով։

Հասարակությունն, իհարկե, մտահոգվելու պատճառներ ունի։ Խորհրդարանը կարող է արձակվելու փոխարեն՝ գնալ նոր վարչապետի ընտրությանը, փաստորեն չեղարկելով հեղափոխության ձեռքբերումները։ Այդ ռիսկը պահպանվում է ու դրան մի քանի անգամ անդրադարձել ենք մեր հրապարակումներում։

Մյուս կողմից՝ հակահեղափոխության ռևաշի տարբերակը հնարավոր է միայն տեսականորեն, իսկ գործնականում Փաշինյանի հարաժարկանից հետո նոր վարչապետի ընտրությունը քաղաքացիական բախումների ու քաոսի տանող ճանապարհ է, որի պատասխանատվությունն իր վրա չի վերցնի որևէ քաղաքական ուժ։ Գագիկ Ծառուկյանը նախօրեին հրապարակավ երդվեց, որ իր կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանին կամ ՍերԺ Սարգսյանին չի բերի իշխանության։ Էդուարդ Շարմազանովը երեկ հասկացրել է, որ եթե նման բան անող լինեին, ապրիլ-մայիս ամիսներին կանեին, իսկ ՀՅԴ-ն հակահեղափոխություն իրականացնելու ռեսուրսներ չունի, եթե անգամ այդ ցանկությունը նրան խորթ չէ։

Բանն այն է, որ մեր քաղաքական շրջանակներում ու հասարակության տարբեր խմբերում սխալ պատկերացում կա հակահեղափախության մասին։ Դա հեղաշրջումից տարբերվող գործընթաց է, որը ենթադրում է հասարակության գոնե փոքրամասնության աջակցություն, քաղաքական կոնկրետ ծրագրի առկայություն։ Հայաստանում նման վիճակ գոյություն չունի․ հին համակարգի ռեստավրացիայի կողմնակից քաղաքական ուժերն ունեն անգամ ընտրություններում անցողիկության շեմը հաղթահարելու խնդիր, էլ չենք ասում այն մասին, որ նրանց ձգտումները բացառապես ռևանշիստական են՝ առանց քաղաքական օրակարգի։

Հայաստանում հակահեղափոխություն, դասական, իմաստով, հնարավոր չէ։ Այս դեպքում բոլորս մտահոգություններ ունենք հնարավոր հեղաշրջման հետ կապված, սակայն նույնիսկ այս սցենարը տեսական է, որովհետև անգամ Ռուսաստանը, որի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռոբերտ Քոչարյանին համարում է իր ընկերը, բացահայտորեն չի գնա Հայաստանի ներքաղաքական կյանքին ուժային մեթոդներով միջամտելու արակծախնդրությանը։

Մյուս կողմից՝ հնարավոր ֆորս-մաժորային իրավիճակների կանխման լավագույն տարբերակը քաղաքական ճգնաժամը երկխոսության և կոնսենսուսի միջոցով հաղթահարելու ճանապարհն էր, որն ամրապնդված էր խորհրդարանի կողմից ընդունված կառավարության ծրագրում։ Նիկոլ Փաշինյանն ինքը գնաց ապահովագրված կոնսեսուսի չեղարկմանը՝ գերադասելով քաղաքական ճգնաժամը հաղթահարել հակադրության դաշտում։ Սա, իհարկե, այնքան էլ ռացիոնալ ճանապարհ չէ, մյուս կողմից՝ իշխանության նկատմամբ տոտալ վերահսկողություն հնարավոր է հաստատել միայն «սպիտակների» ու «սևերի» հակադրության համատեքստում, ինչը ենթադրում է ոչ թե բանակցություններ ու կոնսենսուս, այլ՝ բարիկադներ ու կապիտուլյացիա։ Սա հեղափոխության հաղթանակի ամենակարճ, սակայն ամենևին էլ ռացիոնալ ճանապարհը չէ՝ երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache