Բախումներից տուժած 31 մարդ դեռ բուժում է ստանում

0

hayeli.am — Այսօրվա՝ ապրիլի 16-ի ժամը 19։00-ի դրությամբ Երեւանի բժշկական կազմակերպություններում բուժումը շարունակում է 31 քաղաքացի։ Այս մասին հայտարարում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Նշվում է, որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լեւոն Ալթունյանը քիչ առաջ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, հետաքրքրվել տուժածների առողջական վիճակով եւ նրանց բուժման ընթացքով։ Լեւոն Ալթունյանին ներկայացվել է, որ տուժածների մեծ մասի առողջական վիճակը բավարար է, իրականացվում է նրանց շարունակական հսկողություն։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց կապակցությամբ ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։

Ոստիկաններից մեկը վիրահատությունից հետո գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մասնագետների գնահատմամբ նրա վիճակը համապատասխանում է տարած վիրահատությանը։

Առողջապահական համակարգը շարունակում է գործել ուժեղացված ծառայության պայմաններում եւ տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին ժամանակին եւ որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար։

Ցերեկը բախումների արդյունքում վնասվածքներ ստացած անձանց թվում էր նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա փորձել էր անցնել փշալարերը, ինչի արդյունքում վնասել էր ձեռքը: Ոստիկանները լուսաձայնային նռնակներ էին կիրառել: Բախումների հետեւանքով վիրավորվել է ընդհանուր առմամբ 46 հոգի (այդ թվում Փաշինյանը): Վիրավորներից 6-ը ոստիկաններ են։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache