Լրահոս

«Բայց շեֆին հալալ ա, իրո՛ք հալալ ա․․․»

 

Բացահայտ խաբեությամբ գերշահույթ ստանալը «Yerevan City» սուպերմարկետների ցանցում վարակիչ հիվանդություն է դարձել։ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին (Լֆիկին) պատկանող ցանցի աշխատողները խարդախության գործում սկսել են գերազանցել իրենց սուպերղեկավարին։

Սամվել Ալեքսանյանը մենաշնորհային դիրք է զբաղեցնում ոչ միայն որոշ ապրանքերի ներկրման շուկայում, այլև այդ ապրանքներն իրացնելու գործում։ Ժամկետանց սնունդն իրենց գնորդներին նոր փաթեթավորմամբ ներկայացնելը, հրամցնելն ու այդ խարդախությունը «մարսելու» հմտությունը ևս մենաշնորհային է։

Հետաքրքիրն այն է, որ որքան բացահայտվում են նմանօրինակ դեպքերը, այնքան «Yerevan City»-ների ցանցն ընդլայնվում է, առևտուրը՝ ակտիվանում։ Ստացվում է այնպես, որ «City»-ներից առևտուր չանելու նախազգուշացումները հակառակ ազդեցությունն են ունենում, ու մարդիկ շահագրգռված ու հետաքրքրված շտապում են սուպերմարկետներ։

Է՛լ անորակ սնունդ ու փչացած ապրանք, է՛լ սխալ գնապիտակավորում ու ակնհայտ խաբեություն, բայց միևնույնն է՝ ցանցն աշխատում է զգալի գերշահույթով։

Այս բնագավառում Ալեքսանյանի անպատժելիությունը նրա խանութներում աշխատողների համար դարձել է լծակ, որից օգտվելով, նրանք էլ իրենց հնարավոր տարբերակներով են փորձում խարդախության դիմել։

Շատ պրիմիտիվ, բայց տհաճ ու անցանկալի միջադեպ էլ պատահեց թխվածքաբլիթի և դոնդողի հետ կապված։ Թեև նույնիսկ մանուկները գիտեն, որ դոնդողը կոնֆետ է, իսկ թխվածքաբլիթը խմորից պատրաստված քաղցրավենիք, սակայն սուպերմարկետի աշխատողները փորձում են հակառակը համոզել։

Պատճառն ակնհայտ է․ դոնդողի կիլոգրամն ավելի թանկ արժե, քան այն թխվածքաբլիթինը, որը գնել էինք։ Բայց, վստահելով կշեռքի մոտ կանգնած վարժ ու արագ աշխատող աղջկան, ոչ մեկի մտքով հնարավոր է՝ չանցներ, թե իրենց խաբում են, կամ, ասենք, թխվածքաբլիթը կկշռվի դոնդողի անվան տակ։

Ստանո՞ւմ են աշխատողներն իրենց խաբեության դիմաց պարգևավճարներ, թե ոչ՝ առանձին թեմա է․․․ այստեղ խնդիրն այն է, որ Սամվել Ալեքսանյանի աշխատողները մի տեսակ զոմբիացվել ու ստրուկի են վերածվել, ովքեր մտածում են շեֆին հաճոյանալու և նրա համար գերշահույթ ապահովելու մասին։

Իսկ նրանցից որոշների հետ այդ մասին խոսելիս՝ փոշմանում ես, որ բացել ես խոսակցությունը, քանի որ պատասխանը մեկն է․ «Բայց շեֆին հալալ ա, իրո՛ք հալալ ա․․․»։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

newspress.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing