good-banner
Լրահոս

Բազում գլուխները պետք է պարզեն, թե իրենցից որն է «անմահը»

 

serzh-robert

2017 թվականի խորհրդարանի ընտրությանը Հայաստանի իշխող համակարգը փաստորեն ներկայանում է մի քանի դեմքով կամ գլխով: Դրանք ներկայումս առնվազն չորսն են, երբ պարզ դարձավ նաև Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն մուտք գործելու մասին: ՀՀԿ, ՀՅԴ, Գագիկ Ծառուկյանը՝ իր դաշինքով, և Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքը, որը ևս իշխող համակարգը ներառող դաշինք է:

Ընդ որում, պակաս հավանական չէ, որ համակարգի դեմքերը կամ գլուխները, որ այս կամ այն ֆորմատով կմասնակցեն խորհրդարանի ընտրությանը, կավելանան: Առավել ևս, եթե դրանց թվին դասենք նաև ուժերի, որոնք իրենց կենսագրության ընթացքում «անմոռուկի» տերևների նման մեկ իշխանություն են եղել, մեկ՝ ընդդիմություն, ու այդպես մի քանի անգամ:

Այդպիսով, ըստ էության, ստացվում է գրեթե աննախադեպ իրավիճակ, երբ համապետական ընտրություններում իշխանությունն ավելի շատ է, քան ընդդիմությունը, թեև Հայաստանի տնտեսական վիճակն ու ընդհանրապես համակարգային իրավիճակը առավել տրամաբանական են դարձնում լրիվ հակառակը:

Խորհրդարանական ընտրությունների մասնակից սուբյեկտների քանակով իշխող համակարգը մի քանի անգամ գերազանցում է ընդդիմությանը՝ այդպիսով ներկայանալով միֆական հերոսի՝  բազմագլուխ Լերնեյան Հիդրայի կերպով, որի բազմաթիվ գլուխներից յուրաքանչյուրը կտրելիս աճում էր նորը: Այդ իրավիճակում իշխող համակարգը գործնականում դառնում է անպարտելի: Համենայնդեպս, բազմաթիվ գլուխներով մասնակցությունը գործնականում երաշխավորում է համակարգի վերարտադրությունը 2017 թվականի ընտրություններում:

Ակնհայտ է, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտում ներկայումս չկա այն «Հերակլեսը», որը ունակ կլինի հաղթել Հիդրային: Դա, սակայն, չպետք է լինի հուսահատեցնող և հիասթափեցնող հանգամանք: Հակառակը՝ խնդրի առավելագույնս ամբողջական ախտորոշումն է, որ պետք է մոտեցնի այն լուծելու հնարավորությունը կամ մեծացնի այն լուծելու հավանականությունը: Ի վերջո, Հայաստանի իշխող համակարգի ուժը հասարակության հանդեպ նաև հենց այն է, որ հանրության շրջանակներում քաղաքական պայքարը մատուցվել է որոշակի միֆականությամբ, ստեղծվել են ներքաղաքական տարբեր միֆեր, որոնք էլ շահարկվել ու խաղարկվել են՝ այդպիսով իշխանությանը թույլ տալով բազմացնել «գլուխներն» ու տարիներ շարունակ նույն տեխնոլոգիայով կառավարել հասարակությանն ու լուծել իր խնդիրները:

Իհարկե, միևնույն ժամանակ կասկածից վեր է, որ այդ գլուխները խնդիր են նաև հենց իշխանության համար, և ընտրական պրոցեսից հետո նրանք սկսելու են միմյանց հետ հարաբերությունների պարզաբանումը, ինչը անխուսափելի է, քանի որ տնտեսական ռեսուրսների խնդիրը իշխանության համար շարունակում է բավական սուր մնալ:

Ընդ որում, այստեղ հատկանշական է հիշել, որ Հիդրայի բազում գլուխներից մեկն անմահ էր, և տվյալ ընտրություններից հետո բազում գլուխները պետք է պարզեն, թե իրենցից որն է «անմահը», և որոնք պետք է կտրվեն, իհարկե՝ նոր գլուխների համար տեղ բացելու նպատակով:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...