Լրահոս

Բելգիայի եկեղեցու հայ հովիվը 1 երեխային կնքում է 200 եվրոյով.

 

89622 (1)

armtimes.com — Բելգիայի հայ հանրությունը շատ դժգոհ է Բրյուսելի միակ հայկական Ս. Մարիամ Մագդաղենացի եկեղեցու հոգեւոր հովիվ Հոգեշնորհ Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանի գործունեությունից:

Պատճառներից մեկն, օրինակ այն է, որ նա Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչներից 200-ական եվրո է պահանջում՝ մեկ երեխային կնքելու համար: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Բելգիայում ապրող ՀՀ քաղաքացի Էլեն Ղուկասյանը: Նա նշեց, որ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները տարիներ շարունակ շատ դժգոհ են Տեր Զատիկից, սակայն Մայր աթոռը ոչ մի քայլ չի ձեռնարկում:

«Ես ուզում եմ իմ երեխաներին հայկական եկեղեցում կնքել, բայց ինքը մի երեխային կնքելու համար ուզում է 200 եվրո: Պատկերացնո՞ւմ եք՝ եթե մի տանը երկու, երեք երեխա կա, այսինքն 400-600 եվրո պետք է նախատեսել միայն եկեղեցու արարողության համար: Մարդիկ էլ մտածում են՝ ավելի լավ է կաթոլիկ եկեղեցում կնքել ու անվճար: Նա ընդհանրապես հովիվ չէ: Հասարակ օրինակ, մի մարդ մոտեցավ՝ ասեց աչքի հուլունք բերեմ՝ կաղոթեք, ասում է դե որ հավատում ես աչքի հուլունքին՝ բեր: Ես սա գրեցի տեր Ասողիկ քահանա Կարապետյանին (Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Արխիվի եւ ձեռագրերի պահոցի տնօրենին-խմբ.): Ասացի, որ նրան (Տեր Զատիկին-խմբ.) հնարավոր չէ հանդուրժել, իմ կողքին հայեր կան, որոնք ստիպված կաթոլիկ եկեղեցում են կնքում իրենց երեխաներին: Մեր հավատն է կորում: Ոչ մի արձագանք չեղավ: Տեր Զատիկը շարունակեց հովվություն անել»,- ասաց Էլեն Ղուկասյանը:

Այնուհետեւ, ըստ ՀՀ քաղաքացու, ինքը եւ հայ համայնքի այլ ներկայացուցիչներ լռել են: Վրդովմունքը կրկնապատկվել է, երբ «Սասնա ծռեր» խմբի հետ կապված բողոքի ակցիային մասնակցելու համար պաշտոնազուրկ է արվել Նիդերլանդների Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը, որն անհրաժեշտության դեպքում Բելգիայի հայ համայնքի կանչով հասնում է Բելգիա՝ պատարագ անելու:

«Երբ, որ մեզ պետք է եղել՝ Տեր Արմենը հասել է Բելգիա: Ես արդեն բավական ժամանակ է՝ կաթոլիկ եկեղեցու պաստորին խնդրել եմ, որ Բրյուսելից քիչ հեռու գտնվող Ինգելմունսթեր քաղաքի եկեղեցում տարածք տա, որ հայկական պատարագ հնչի: Պաստորը թույլ տվեց, ես Տեր Զատիկին ասացի, որ տարածք կա, խնդրում ենք պատարագ մատուցել, նա չի գալիս: Ամեն անգամ ձգձգում է՝ ասելով, թե պաստորի համարն է կորցրել եւ այլն եւ այլն»,- մանրամասնեց Էլեն Ղուկասյանը՝ շարունակելով. «Տեր Ասողիկ, ուրեմն ես ձեզ գրում եմ, դուք մնում եք ձեր դիրքին, բայց երբ Տեր Արմենը Հոլանդիայի հայերի հետ բողոքի ցույցի է դուրս գալիս, իրեն հովվապետությունից զրկո՞ւմ եք: Սա ամոթ է: Սա այսպես չի մնալու, ստորագրահավաք կլինի, միտինգի ձեւով կլինի: Անցել են սփյուռքի հայերի հարցե՞րը լուծելուն: Այստեղ էլ հո Վովա Գասպարյան չկա, նռնակ նետող չկա: Թող իրենց հաշիվ տան»:

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից նշված տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Տեր Վահրամ քահանա Մելիքյանին հետ կապ հաստատել հնարավոր չէ:

Տեր Զատիկը մեզ հետ զրույցում հաստատեց, որ 200 եվրո են վերցնում մեկ անձին կնքելու համար: «Երեխայի կնունքն այստեղ բոլորի համար հավասարապես 200 եվրո է: Այդ գումարը գնում է եկեղեցու գանձանակը, քանի որ եկեղեցին այստեղ նպաստ չի ստանում պետությունից: Մինչդեռ կաթոլիկ եկեղեցին պետությունից նպաստ է ստանում, դրա համար էլ այնտեղ անվճար է կամ ավելի էժան: Իսկ մեր եկեղեցում այդ գինը որոշում է հոգաբարձումների խորհուրդը եւ ստացական է տալիս: Դա ես չեմ որոշել, դա եղել է նաեւ այն ժամանակ, երբ ես այստեղ չեմ ծառայել: Սահմանված գումար կա պսակի համար, թաղման համար եւ կնունքի համար: Մարդիկ հարցնում են՝ ասում ենք այսքան արժե»,- բացատրեց հոգեւոր հովիվը:

Տեր Զատիկը նշեց, որ եթե կան ընտանիքներ, որ չունեն այդ գումարը՝ ձրի են կնքում կամ զեղչ անում: «Շատ շատերը գալիս են, սակարկում են, մեկ էլ տեսնում ես 2-3 լիմուզինով գալիս են պսակի կամ մկրտության: Ինչպե՞ս ընդունել սա: Բայց այդ նվիրատվությամբ եկեղեցու շենք է պահպանվում, լույսը, ջուրը, նորոգությունը, մաքրությունը իրականացվում, մարդիկ աշխատավարձ են ստանում, տուն են վարձում: Մենք Մայր աթոռից գումար չենք ստանում եւ չպետք է ստանանք: Հակառակը՝ մենք պետք է օգնենք Մայր աթոռին: Աշխարհի բոլոր կաթոլիկ եկեղեցիները Հռոմին ամեն տարի օգնություն են տալիս: Մենք նույնիսկ դա չենք անում»,- վստահեցրեց նա:

Խոսելով պատարագները մերժելու մասին՝ Զատիկ վարդապետն ասաց, որ ինքը երբեք պատարագները չի մերժում, եթե հասցնում է: «Ամեն շաբաթ երկու պատարագ այստեղ է լինում, եթե ժողովուրդը դիմում է՝ նաեւ այլ քաղաքներ ենք գնում: Երեւի մարդիկ չարամտությունից են ասում, կներեք»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing