Բենզինը կարող է դառնալ 550 դրամ

0

1in.am — Կիրակի օրը Հայաստանում բենզինը հերթական անգամ թանկացավ 10 դրամով: Թվում է՝ մեծ բան չի, ընդամենը 10 դրամ: Ճիշտ այդքան՝ 2,5 տոկոսով նոյեմբերին բենզինը թանկացել է Ռուսաստանում: Ռուսաստանում АИ 92 բենզինի միջին գինը մոտ 300 դրամ է: Հայաստանում վառելիքի շուկան ԵՏՄ մտնելուց հետո ամբողջովին կապված է Ռուսաստանի հետ, և Հայաստանը վառելիք ներկրում է բացառապես Ռուսաստանից: Բայց կարևորը ոչ թե այս թանկացումն է, այլ միտումը: Առաջիկայում վառելիքի շուկայում ցնցումները կարող են զգալի լինել, և դա կապված է Ռուսաստանում ընթացող պրոցեսների հետ:

Ընդամենը մեկ շաբաթ առաջ ամբողջ ռուսական մամուլը գրեց, որ 2018թ. մարտին այդ երկրում տեղի ունենալիք նախագահական ընտրություններից հետո բենզինի և դիզվառելիքի գները կարող են կտրուկ աճել: Ըստ ռուս փորձագետների՝ վառելիքի գները զսպվում են ադմինիստրատիվ մեթոդներով, քանի որ գների կտրուկ թանկացումը կարող է առաջացնել ավտոմեքենաների տերերի և ամբողջ հասարակության դժգոհությունը, ինչը բացասաբար կանդրադառնա նախագահի իշխանության թեկնածուի՝ Վլադիմիր Պուտինի վարկանիշի վրա: Իսկ որ Պուտինը հաստատ ընտրվելու է նախագահի պաշտոնում, արդեն հայտարարվել է պաշտոնական մակարդակով. ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը նոյեմբերի 24-ին հայտարարել էր, որ մայիսին նախագահ Պուտինը կհանդիպի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ:

Ռուսաստանում բենզինի գնի թանկացման համար մի քանի նախադրյալներ են նշում: Առաջինը կարտելային համաձայնություններն են, երբ նավթավերամշակման խոշոր ձեռնարկությունները միմյանց հետ գները բարձրացնելու համաձայնության են գալիս՝ ավելի մեծ շահույթ ստանալու համար: Կարևոր պատճառ է նաև բենզինի դեֆիցիտը: Ռուսաստանում չեն կառուցվում նոր նավթամշակման գործարաններ, իսկ վառելիքի սպառումը մեծանում է: Վերջերս պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարելու համար կանգնեցվել է մոսկովյան ՆՎԳ-ն, ինչը ևս էապես ազդել է դեֆիցիտի առաջացման վրա: Արտադրողները հասկանում են, որ կարելի է օգտվել պահանջարկի և առաջարկի տարբերությունից, ու բարձրացնել գները: Բացի այդ, բարձր գինը կարող է զսպել պահանջարկի ավելացումը: Ռուսաստանում վառելիքի թանկացումը նաև հայրենասիրական բացատրություն ունի. այդ գումարներն ուղղվելու են Կալինինգրադում և Ղրիմում ճանապարհների կառուցմանը և այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը:

Եթե իսկապես Ռուսաստանում բենզինի և դիզվառելիքի գների 30-տոկոսանոց թանկացում տեղի ունենա, ապա դա նույն կերպ կտեղափոխվի Հայաստան: Հայաստանում բենզինի գները կարող են ռեկորդ սահմանել՝ հասնելով մինչև 550 դրամի մեկ լիտրի դիմաց: Բենզինի գնի վրա կանդրադառնա նաև նոր տարվանից բարձրացվող ակցիզային հարկը: Ի դեպ, Ռուսաստանում ևս ակցիզային հարկը հաջորդ տարվանից բարձրանալու է, բայց անհամեմատ ավելի քիչ, քան Հայաստանում, ընդամենը 4 դրամ 1 լիտրի հաշվով:

Գների բարձրացումը վերաբերում է դիզվառելիքին: Սա իսկապես մեծ անակնկալ կլինի հայ սպառողների համար: Գարնան սկզբին դիզվառելիքի կտրուկ թանկացումը կազդի գյուղատնտեսության վրա: Ռուսաստանում պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական նպատակների համար օգտագործվող դիզվառելիքը, և ռուս ֆերմերներն այնքան էլ չեն տուժում գների բարձրացումից: Հայաստանում, որտեղ մի քանի տարի նմանատիպ ծրագիր էին իրականացնում, եկող տարվանից որոշել են այլևս գումար չծախսել գյուղացիությանը օգնելու համար:

Արդյոք կա՞ ստեղծված իրավիճակից ինչ-որ ելք: Սկզբունքորեն նման ելք կարող էր լինել այլ երկրներից բենզին և դիզվառելիք ներմուծելը: Օրինակ՝ ամենահարմար տարբերակը մեր հարևան Իրանն է, որտեղ վառելիքի գներն անհամեմատ ավելի էժան են, քան Ռուսաստանում: Բայց ԵՏՄ անդամ Հայաստանը իրավունք չունի Իրանից վառելիք ներմուծել, որովհետև Իրանում արտադրված բենզինն ու դիզվառելիքը չեն համապատասխանում ԵՏՄ չափանիշներին՝ իբրև թե ավելի անորակ են: Նման չափորոշիչների սահմանումը ընդամենը միջոց է վառելիքի շուկայում ռուսական մոնոպոլիա հաստատելու համար: Հայաստանի հատկապես հարավի շրջանի վարորդները Իրանից եկած բեռնատարների վարորդներից հաճախ են դիզելային վառելիք գնում և իրենց փորձով գիտեն, որ իրանական վառելիքը ոչ միայն անորակ չէ, այլ շատ դեպքերում ավելի որակով է, քան բենզալցակայաններում վաճառվողը:

Հայաստանը կատարել է իր պարտադրված ընտրությունը, մենք ԵՏՄ անդամ ենք և պետք է համակերպվենք այն բոլոր բացասական երևույթների հետ, որոնք այդ անդամակցության անիջական հետևանքն են:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache