ԲՀԿ-ն գնալով դառնում է թիրախ երկու կողմերի համար

85

Մեր զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը

Պարոն Սաֆարյան, կառավարության ծրագիրը ԱԺ-ում հաստատվեց 62 կողմ ձայներով, սակայն նիստի ընթացքը շատ թեժ էր, հնչեցին փոխադարձ վիրավորանքներ։ Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը, հատկապես ՀՀԿ –ԲՀԿ բախումը։

Ես չեմ ուզում ծրագրի բովանդակության հարցերի մեջ մտնել, որովհետև ինքը՝ ծրագրի տեսքը, ոճը, ամեն ինչը խոսում է այն մասին, որ այս կառավարությունը շատ կարճ է գործելու։ Պարզապես արտահերթ ընտրություններ է կազմակերպելու։ Մինչև արտահերթ ընտրություններ երկրի օպերատիվ կառավարում է իրականացնելու, այդ թվում  փորձելով օրինականություն հաստատել և խնայողաբար կամ իրենց պատկերացրած ձևով տնօրինելով բյուջեի միջոցները։Հասկանալի է նաև,  թե ինչու քաղաքական մրցակցության դաշտում քաղաքական մրցակիցները փորձում են պահանջել թվեր, ցուցանիշներ, ավելի մեծ լրջություն, ավելի երկարաժամկետ նպատակներ և այլն։ Նիկոլ Փաշինյանի ելույթը լավն էր, հաջողված էր, միանգամայն տեղավորվում էր նրա մեջ, ինչը ինքն ուզում է անել որպես կառավարության գլուխ։Ինչ վերաբերում է ԲՀԿ-ՀՀԿ փոխհրաձգությանը, թերևս, դա էլ իր բացատրություններն ունի։ Նախ կա հին վիրավորանք, որը ԲՀԿ-ն ժամանակին չէր կարողացել համարժեք պատասխանել։ Խոսքը 2015 թվականին Գագիկ Ծառուկյանին բավականին տգեղ ձևերով քաղաքականությունից հեռացնելու մասին է, և հանուն արդարության պետք է ասել, որ այն ժամանակ Ծառուկյանի թիմը չպաշտպանեց նրան ՀՀԿ-ի կողմից տգեղ պահվածքի դեպքում։ Ստացվեց, որ Ծառուկյանը հեռացավ անձայն՝ կուլ տալով տեղի ունեցածը։ Մի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ներել է բոլորին և ես հիշում եմ, որ այդ հայտարարությանն արձագանքեց, ու ողջունելի է, որ ինքն այդ աստիճան չի իջնում։Հիմա իր թիմակիցները գուցե հիշելով, որ ժամանակին չեն արել, ինչ պարտավոր էին անել՝ լինելով այդ թիմի անդամ, փորձում էին մանրադրամը վերադարձնել ՀՀԿ-ին։ Շատ տգեղ էր և շատ խոցելի, որովհետև, ըստ էության, ԱԺ ԲՀԿ-ական փոխխոսնակը Սերժ Սարգսյանին անվանեց քաղաքական բռնապետ։ Մի մարդու, որին տասնամյակներով ստիպված, ուզելով, թե չուզելով, հաշվարկով, թե  անհաշվարկ, իրենց քաղաքական թիմը սատարել էր։ Ստացվում է, որ իրենց քաղաքական թիմը մեծ ներդրում է ունեցել այդ քաղաքական բռնապետության հաստատման հարցում։Հետևաբար, հարց է ծագում, թե ինչի մասին են հիմա խոսում։ Պատահական չէ, որ Միքայել Մելքումյանի պահվածքի հետևանքը եղավ այն, որ իրավիճակն իջավ տղայական մակարդակի, իրար վրա քշելու տեսարաններով։ Այլ խնդիր էլ կա, ՀՀԿ-ն, կարծում եմ՝ հրաշալի հասկանում է, որ եթե անգամ կարող է հույսեր փայփայել իշխանությունը վերադարձնելու առումով, ապա հաշվարկում էր դա ետ ստանալ Նիկոլ Փաշինյանի կառավարությունից՝ միգուցե հոգում հույսեր փայփայելով, որ ժամանակի ընթացքում կձախողեն։ Այս առումով ԲՀԿ-ն կարծեք թե վտանգ է տեսնում բոլորի համար։

ԲՀԿ-ն վտանգ է տեսնում նաև արտահերթ ընտրությունների դեպքում Փաշինյանի թիմի շատ ձայներ հավաքելու հետ կապվա՞ծ։

Ոչ միայն դա, այլև բոլոր սցենարների դեպքում։ Ասենք, ԲՀԿ-ն մտածում է, որ առավելագույնը աշխատելու է 50+1 տոկոսի ուղղությամբ, այսինքն՝ բացահայտ հայտարարվել է իշխանությունը անգամ Նիկոլ Փաշինյանի ձեռքից վերցնելու հավակնության մասին։ Այսինքն՝ իրենք Նիկոլ Փաշինյանին տեսնում են որպես ժամանակավոր կառավարություն և ժամանակավոր ֆիգուր։ Նվազագույնը նրանք կարող են հավակնել լինել երկրորդը, ինչպես նախկինում էր։ Այդ առումով ԲՀԿ-ի վարքագիծը  տեսանելի և բացատրելի է։Հետևաբար, ԲՀԿ-ն գնալով դառնում է թիրախ երկու կողմերի համար. մի կողմից Նիկոլ Փաշինյանն է տեսնում, որ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է 50+1 վերցնելու հավակնության մասին,  ինչը նշանակում է ձեռնոց նետել Փաշինյանի կառավարությանը, մյուս կողմից ՀՀԿ-ն է տեսնում այդ վարքագիծը և հասկանում, որ իշխանությունը կարող է անցել ոչ թե իր ձեռքը, եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձախողի, այլ ԲՀԿ-ի ձեռքը։ ԱԺ-ում կատարվածի էությունը դա է, որի վառ դրսևորումները կտեսնենք նաև առաջիկայում, որովհետև ԲՀԿ-ն ակնհայտորեն իրեն դիրքավորել է որպես հաջորդ իշխանության առանցք։

Սա ավելի շատ վտանգավոր իրավիճակ չի՞ ստեղծում թավշյա հեղափոխության համար։ Ըստ էության, արտահերթ ընտրությունների արդյունքում Փաշինյանը հնարավոր է մեծամասնություն չլինի՞ խորհրդարանում։

Իրենք հենց դրա մասին են խոսում. ԲՀԿ-ն հայտարարելով, որ հավակնում է 50+1-ի, նշանակում է՝ ուզում է իշխանությունը վերցնել նաև Նիկոլ Փաշինյանից։ Ես չեմ ասում՝ իրենք զավթելու են իշխանությունը, ես ասում եմ, որ իրենք հայտարարում են, որ իրենց դիտարկում են հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո թիվ մեկ քաղաքական ուժը դաշտում։

Այս փաստարկները հաշվի չի՞ առել թավշյա հեղափոխության ղեկավարը։

Ես չգիտեմ, դա իրեն պետք է հարցնեք, բայց մի բան տեսանելի է, որ այդ հայտարարությունը կարող է տեսականորեն անհանգստացնել Նիկոլ Փաշինյանին և իր թիմին, կարող է հավասարապես անհանգստացնել նաև ՀՀԿ-ին, ինչը մենք տեսանք ԱԺ-ում, որը փորձում է տարբեր ձևերով պահպանել դիրքեր Նիկոլ Փաշինյանի կառավարության տապալման դեպքում իշխանությունը վերադարձնելու համար։ Այսինքն՝ սա նաև ՀՀԿ-ի համար է մարտահրավեր։ Կարծեք թե ունենք մի նոր եռանկյունի՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և իր թիմի, ԲՀԿ-ի, որը իշխանությունը վերցնելու հավակնություն ունի և երրորդ բեռևը՝ ՀՀԿ-ն։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գործարարներն իր հետ հանդիպման ժամանակ հայտարարել են, որ նախկինում ճամպրուկներով մուծվել են Բաղրամյան 26-ին։ Սա արդյոք հաղորդում չէ՞ հանցագործության մասին, և արդյոք չպետք է գործեր պատասխանատվության ինստիտուտը։

Իմ համոզմամբ, այո, պետք է կրեին, եթե անգամ նրանք պարտադրված մարդկանց պետք է զոհեն, այնուամենայնիվ, սա հաղորդում է հանցագործության մասին։ Նիկոլ Փաշինյանը նաև ասել է, որ ըստ էության այնքան բան է ներվել գործարարներին, ստացվում է մենք գործ ունենք մեղքերի թողության հետ։ Սա քաղաքական մոտեցում է, և մենք կարող ենք ընդունել կամ չընդունել դա, անվանել դա համատարած համաներում անցյալում կատարածի համար։ Եվ ավելի լավ է Նիկոլ Փաշինյանն ինքը բացատրի տոտալ համաներման հիմնավորվածությունը։ Այդպես չէ, որ դա հանցագործության պարտակում կարող է դիտվել։ Այդպիսի բան կարող է լինել, եթե լեգիտիմություն ունեցող առաջնորդը, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, հայտարարում է, որ գիծ ենք քաշում և այլևս նախկին ձևով չենք ապրում։ Այսպիսի համաներում էլ եղել է պատմության մեջ։ Զուտ օրինականության դաշտում մենք կարող ենք խոսել միայն Քր. օրենսգրքի հոդվածներով։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache