ԲՀԿ-ն իշխանություններին կոչ է անում Փաշինյանի առաջ քաշած օրակարգով բանակցություններ սկսել

0

azatutyun.am -Երեկ՝ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից ժամեր առաջ ցուցարարներին միանալու մասին հայտարարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները այսօր Ծիծեռնակաբերդում ասում էին, որ իրենք Փաշինյանին և մյուս ընդդիմադիր պատգամավորների ձերբակալությունները դատապարտել էին, իսկ խորհրդարանի «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ասաց, որ իրենք նաև կոչ էին անում իշխանություններին Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած օրակարգով բանակցություններ սկսել։

«Նիկոլ Փաշինյանի կողմից շատ հստակ հրապարակվել էր օրակարգ: Եվ երբ որ մենք ասում ենք, որ պետք է գնալ բանակցությունների, և այդ օրակարգի շուրջ քննարկում տեղի ունենա, դա մեր քաղաքական թիմի դիրքորոշումն է եղել», — ասաց Էնֆիաջյանը:

Նշենք, որ Ծիծեռնակաբերդ այցելած ԲՀԿ-ականների հետ չէր կուսակցության առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանը:

Հարցին, թե արդյոք իրենք միացել էին «Մերժիր Սերժին» կոչով բողոքին, Էնֆիաջյանը պատասխանեց, որ ինքը, ինչպես իր շատ գործընկերներ խորհրդարանում, Սերժ Սարգսյանի թեկնածությանը դեմ էին քվեարկել։

«Ծառուկյան» խմբակցության քարտուղարը ասաց, որ նոր վարչապետի թեկնածության հարց դեռ չեն քննարկել: Ինչ վերաբերում է խորհրդարանը լուծարելու և նոր ընտրություններ անցկացնելու Նիկոլ Փաշինյանի ծրագրին, Էնֆիաջյանը ասաց, որ դեռ սպասում են վաղը իշխանության և ընդդիմության միջև կայանալիք բանակցություններին, որից հետո էլ դիրքորոշում կհայտնեն։

«Ժողովրդի կամքն է առաջնահերթ: Մեր համար սա է ամենակարևորը, մեր պետականության անսասանությունն է կարևոր, որպեսզի մեր երկրում դրական փոփոխություններ տեղի ունենան, ինչի հետ կապված բազմաթիվ անգամներ տարիներ շարունակ մենք ասել ենք», — հավելեց նա:

Իսկ հարցին, թե արդյոք իրենց խմբակցությունը կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին, եթե վերջինիս թեկնածությունն առաջադրվի, արձագանքեց․ — «Վարչապետի փոփոխություն հետ կապված՝ երբ որ մեր թիմը կքննարկի, իր դիրքորոշումը կհայտնի»:

Իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կարծիքով, այսօր երկրի կարևորագույն հարցը նոր վարչապետի ընտրությունը չէ։ Դուք կարող եք անձ փոխել, բայց երկրի կարգերը չփոխել, ասաց պատգամավորը․ — «Մենք ուզում ենք, որ գա իշխանության մի մարդը, որը արհամարհանքով չի նայում հասարակության պրոբլեմներին»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache