LifeStyle Առողջություն

Բուլղարական պղպեղի օգտակար հատկությունները

 

pepper1

Բուժիչ նամակներ

Սեղանի վրա աղի հետ ընդունված է դնել նաև սև պղպեղը, ընդ որում` այն ճիշտ է մատուցել հատուկ աղացի մեջ։ Սև պղպեղը պատկանում է պղպեղազգիների ընտանիքին (Piperaceae), հայրենիքը Հնդկաստանն է։
Պղպեղ բուլղարական (բիբար, ծիծակ կամ տաքդեղ) անվանումն առաջացել է հետևյալ ձևով. 1493թ. Հաիթի կղզուց Եվրոպա է բերվել Capsicum annuum պատիճապղպեղը, որը հայտնի է եղել Էկվադորում 6000 տարի առաջ։ Հնագույն ժամանակներից մշակվել է նաև Պերուում և Մեքսիկայում։

Սա մորմազգիների ընտանիքին պատկանող բույս է (Solanaceae)։
Իսպանիայում սկսեցին մշակել տաքդեղը որպես դեկորատիվ և դեղաբույս։ Պտուղները աչքի էին ընկնում կծու, դառը համով և ուտելի չէին։ 16-17-րդ դարերում տաքդեղը սկսեցին մշակել եվրոպական մի շարք երկրներում, սակայն առավել լավ արդյունքներ ստացան Հունգարիայի և Բուլղարիայի բանջարագործները. նրանց հաջողվեց ստանալ պղպեղի քաղցր տեսակներ, որոնց մեջ քիչ է ալկալոիդ կապսաիցինի պարունակությունը` մոտ 0,03 տոկոս։ Հայտնի են բուլղարական պղպեղի բազմաթիվ տեսակներ, որոնք ուտում են թարմ կամ ջերմային մշակման ենթարկված վիճակում։

Վաղուց ի վեր ընդունված է մսեղենը համեմել չորացրած պղպեղի փոշիով։
Քաղցր կամ չափավոր կծվության պղպեղից ստացված փոշին կոչվում է «պապրիկա»։
Առավել կծվահամ է C. frutescens պղպեղից ստացվող համեմունքը, որը պարունակում է մինչև 0,5 տոկոս կապսաիցին։ Այս տեսակը մշակվում է Մեքսիկայում, Չինաստանում և Թաիլանդում։ Կծվահամ պղպեղից ստացված համեմունքը կոչվում է «չիլի» կամ «կայենյան»։ Հին ացտեկների լեզվով «չիլի» նշանակոմ է կարմիր, իսկ Կայենը նավահանգիստ է, որը գտնվում է Գվիանայում։ Հյուսիսային Կովկասում և Միջին Ասիայում մշակվում են մինչև 0,2 տոկոս կապսաիցին պարունակող տեսակներ։

Բուլղարական պղպեղի առանձնահատկությունները
ՀՀ-ում մշակվող տեսակները (թվով 5 կամ ավելի) պարունակում են մոտ 1,3 տոկոս սպիտակուց, 0,1 տոկոս ճարպ, 4,8 տոկոս շաքարներ, 1,9 տոկոս բջջանք, 0,1 տոկոս օրգանական թթուներ (կիտրոնաթթու, խնձորաթթու), սապոնին, օսլա, մոխիր, զգալի քանակությամբ կալիում (163 մգ 100 գ պտղամսի մեջ), նատրիում (2 մգ), ոչ մեծ քանակությամբ ֆոսֆոր, կալցիում և մագնիում։ Նաև մարդու օրգանիզմի մեկօրյա պահանջարկի բետա-կարոտինի 30 տոկոսը, A վիտամինի 27,8 տոկոսը, ասկորբինաթթվի 22,2 տոկոսը, պիրիդոքսինի (B6 վիտամին) 15 տոկոսը, B1 և B2 վիտամինների մոտ 5 տոկոսը, երկաթի 2,8 տոկոսը, կալիումի 10 տոկոսը, նաև ֆոլիաթթու, նիացին, E վիտամին և այլն։
C վիտամինը ավելի շատ է պտղակոթունին կից հատվածում։

Կարմիր և դեղին պղպեղը C վիտամինի պարունակությամբ գերազանցում է ցիտրուսներին, մրցունակ է հաղարջ սևի հետ, զիջում է միայն չիչխանին և մասուրին։ Բացի դրանից, պղպեղը պարունակում է զգալի քանակությամբ ռուտին, որն ուժեղացնում է C վիտամինի ազդեցությունը և չի պարունակում C-ն տրոհող ֆերմենտներ, ինչի շնորհիվ լավ է յուրացվում օրգանիզմում։
Կարևոր է իմանալ, որ ջերմային մշակման ընթացքում օգտակար նյութերի կեսից ավելին տրոհվում են։
Կապսաիցինը հիմնականում կուտակվում է սերմերի և միջնապատերի մեջ։

Կապսաիցինի օգտակար հատկությունները
Այս ալկալոիդով է բնորոշվում պղպեղի յուրահատուկ համը և կծվությունը։ Այն ունի ցավազրկող, ախորժակը և մարսողությունը լավացնող, հակաբորբոքային, նիհարեցնող հատկություններ, ըստ որոշ տվյալների, ազդեցիկ աֆրոդիզիակ է (սակայն ոչ ջրային կամ ոգեթուրմերի մեջ)։

Չինացի գիտնականները կարծում են, որ կծու պղպեղը իջեցնում է ճնշումը, սակայն չեն կարողանում ճշտել կապսաիցինի բուժիչ չափաբաժինները։
Աշխարհի գիտնականները ոււսումնասիրում են նաև կապսաիցինի հնարավոր հակաօնկոլոգիական ազդեցությունը.

  • Նոթինգեմի բժշկական կենտրոնի գիտնականները հայտնաբերել են, որ կապսաիցինը ազդում է չարորակ բջիջները էներգիայով մատակարարող «միտոխոնդրիաների» վրա` առաջացնելով դրանց քայքայումը։
  • Մինեսոտայի բժիշկները պարզել են, որ օնկոլոգիական հիվանդությունների նախնական փուլերում կապսաիցինը հանդես է գալիս որպես քաղցկեղածին նյութ։
  • Կարծես այս երկու տրամագծորեն իրար հակասող արդյունքները բացատրվում են հետևյալ հանգամանքով. ճապոնացի գիտնականները հայտնաբերել են պղպեղի մեջ «դիգիդրոկապսիկատ» նյութը, որը չունի այրող համ ու հոտ և ի զորու է տրոհել քաղցկեղի բջիջները։

Քաղցր պղպեղի օգտակար հատկությունները
Որոշ սննդաբաններ անվանում են պղպեղը «բալասան», որն առողջացնում է արյունատար մազանոթները, երակները, անոթները։ Խորհուրդ է տրվում ուտել օրը 50-100 գրամ` հում վիճակում` աթերոսկլերոզի, թրոմբոֆլեբիտի, էնդարտերիիտի նաև անեմիայի, մետեորիզմի, անուժականության դեպքում։ Կան մասնագետներ, որոնք կարծում են, որ քաղցր պղպեղը օգտակար է հիպոտոնիկներին։

Ինֆեկցիոն հիվանդությունների, բրոնխիտի և տուբերկուլյոզի բուժման ընթացքում օգտակար է քաղցր պղպեղի հյութը. Առաջին օրը խմեք 10 մլ, հաջորդ օրերին ավելացրեք 10-ական մլ, հասցրեք 100 մլ (կարելի է մինչև 150 մլ)` խմեք 1 ճ/գ մեղրի հետ, ուտելուց 10-15 րոպե առաջ, օրը 2-3 անգամ։

Հյութը հանգստացնում է նյարդային համակարգը, ինչի շնորհիվ օգտակար է մաշկային հիվանդությունների դեպքում. Խմեք վերոգրյալ ընթացքով, առանց մեղրի, շարունակեք 2 ամիս։

Թարմ պղպեղը և հյութը օգտակար են հիպովիտամինոզի, A, B, C6 վիտամինների անբավարարության դեպքում, կա կարծիք, որ հյութը շատ օգտակար է օնկոլոգիական հիվանդությունների և առնականության թուլացման դեպքում։
Շագանակագեղձի բորբոքում. Խառնեք հավասար քանակության կարմիր պղպեղի, գազարի, բազուկի, վարունգի թարմ հյութերը։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Հանգստացնող. 50 մլ հյութի մեջ լուծեք 2 թ/գ մեղր։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 4-5 անգամ ուտելուց 30 րոպե։
Զգուշացում։ Աղեստամոքսային համակարգի, լյարդի, երիկամների հիվանդությունների, խոլեցիստիտի, թութքի, նյարդային անհանգստության դեպքում պետք է սահմանափակ պղպեղի չափաքանակը։ Շաքարային դիաբետի դեպքում կարելի է ուտել միայն կանաչ պղպեղ։

Աղբյուրը


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing