Լրահոս

Բունդեսթագի բանաձևը հարուցել է Պոլսի պատրիարքի «խոր ափսոսանքը»

 

Atesyan-Erdogan-e1465307105439

civilnet.amը գրում է.  Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Բունդեսթագի ընդունած բանաձևի կապակցությամբ: Նամակում Աթեշյանը բանաձևի ընդունումը որակել է որպես «իմպերիալիստական ուժերի կողմից հայ ազգի շահագործում»: Աթեշյանը խուսափել է «ցեղասպանություն» եզրից և 1915թ. տեղի ունեցածը անվանել «Առաջին աշխարհամարտի ողբերգական ժամանակաշրջանում տեղի ունեցած դեպքեր» և «ողբերգություն, որը ցավ է պատճառել հայ ազգին», ինչը միանգամայն համահունչ է պաշտոնական Անկարայի թեզին: 2014թ. Թուրքիայի նախագահն առաջին անգամ ցավակցական ուղերձ էր հղել  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա կապակցությամբ՝ տեղի ունեցածն անվանելով «1915թ. իրադարձություններ» և  «Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունում ստեղծված իրավիճակի արդյունք»: Պոլսի Հայոց պատրիարքության ֆեյսբուքյան էջում հրապարակված նամակը թարգմանաբար, կրճատումներով ներկայացված է ստորև:

«Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին Բունդեսթագի կայացրած որոշումը հարուցել է մեր ազգի տխրությունը: Որպես Թուրքիայի հայկական համայնք՝ մեր տխրությունն ենք հայտնում Ձեր մեծապատիվ գրասենյակին՝ ի նշան մեր անկեղծ զգացմունքների:

Թուրքիայի Հայոց պատրիարքությունը կրոնական հաստատություն է, որը կատարյալ կերպով կատարում է իր իր պարտականությունները պետության առաջ:

Պատրիարքության առաքելությունն է նաև արտահայտել Թուրքիայի քաղաքացի քրիստոնյա հայերի զգացմունքները, որոնք տեղյակ են, թե ինչպես է պետք անհրաժեշտության դեպքում պաշտպանել սեփական իրավունքները: Պատրիարքությունը տեղյակ է, որ որոշ մարդկանց դուր չի գալիս դրա կայուն և ավանդական կեցվածքը:

Հանգուցյալ պատրիարքները ոչ միայն կրոնական ծառայություններ են մատուցել մեր քաղաքացիներին իրենց հայտարարություններով և կառուցողական վերաբերմունքով, այլև իրենց դրոշմն են թողել պատմության մեջ՝ իրենց օրինակելի կեցվածքով, որը մինչև այսօր առաջնորդում է մեզ բոլորիս:

Այս տեսանկյունից անընդունելի է, որ խորհրդարանը, որը ձևավորվել է Գերմանիայի քաղաքացիների քվեի միջոցով և ունի հանուն նրանց խաղաղության, բարեկեցության և անվտանգության օրենքներ մշակելու պարտավորություն, իր կարծիքն է հայտնել, չնայած՝ չունի այդ իրավունքը:

Անընդունելի է, որ այդ խորհրդարանն օրինականացրել է իր որոշումը ամբողջ գերմանացի ազգի անունից և իրեն դատավոր է համարում:

Գերմանիայի Ռեյխի դերակատարությանը հպանցիկ՝ ընդամենը մի քանի նախադասությամբ անդրադարձը և Օսմանյան Թուրքիային որպես միակ հանցագործ մատնանշելը բարոյական տեսանկյունից վիճելի և հակասական մոտեցում է: Կասկածելի է նաև, թե որքանով է այս որոշումն արտացոլում Գերմանիայի քաղաքացիների կամքը:

Ինչպես մի շարք առիթներով նշել ենք, հայ ազգին ցավ պատճառած այս ողբերգության օգտագործումը միջազգային քաղաքականությունում, ցավ և ափսոսանք է հարուցում: Այս և նման այլ բանաձևերը մեզ ծանր են խոցել:

Ցավոք, հայ ազգի պատմական ցավը համարվում է Թուրքիա պետությանն ու ազգին մեղադրելու և պատժելու գործիք:

Այս զարհուրելի մտածելակերպի պատճառով վնաս է հասցվում Թուրքիայի հայերի ենթա և վերինքնություններին:

Թուրք և հայ ժողովուրդները պետք է համագոյակցեն: Հին ազգ հանդիսացող երկու հարևան ժողովուրդները չպետք է վանվեն միմյանցից թշնամանք հրահրող բանավեճերով: Պատմությունը քաղաքականացնելու փոխարեն որպես նպատակ պետք է ընտրվեն բարեկամությունն ու խաղաղությունը»:

***

Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանը, չնայած Թուրքիայից հնչող զգուշացումներին, ընդունեց «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևը: Այն համատեղ մշակել են իշխող կոալիցիայի մաս կազմող Քրսիտոնեա­դեմոկրատական միություն (CDU) և Քրիստոնեական­սոցիալական միություն (CSU), Սոցիալ­դեմոկրատական (SDP) և ընդդիմադիր Կանաչների կուսակցությունները: Վերջինիս համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը,  որը համահեղինակել էր բանաձևը, սպառնալիքների տարափ ստանալու պատճառով գտնվում է ոստիկանության հսկողության ներքո:

Բանաձևի ընդունման նույն օրը և դրանից հետո պաշտոնական Անկարան իր ցասումն է արտահայտում Գերմանիայի քայլի կապացությամբ: Երեկ Թուրքիայի նախագահը խիստ քննադատության է ենթարկել ինչպես Եվրամիությանը, այնպես էլ անձամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որը, նրա խոսքով, խոստացել էր անել «հնարավոր ամեն բան», սակայն արդյունքում ոչինչ չարեց: Էրդողանը սպառնացել է Եվրամիությանը, որ Թուրքիան կդադարի Եվրոպայի համար լինել պատնեշ նրա խնդիրների առաջ» [կասեցնել փախստականների հոսքը դեպի Եվրոպա — ՍիվիլՆեթ] և ԵՄ-ին «միայնակ կթողնի» իր խնդիրների հետ: Նա հերթական անգամ պնդել է, որ Թուրքիան մտադիր չէ տեղի ունեցածը որպես ցեղասպանություն ընդունել և հորդորել է աշխարհին հարցը «թողնել պատմաբաններին»:

Ստելլա Մեհրաբեկյան

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...