Լրահոս

Բունտի կամակերպիչը. Ինչ փոխվեց վերջին պահին

 

Այսօր Ծառուկյան դաշինքի 12 թեկնածուներ դիմում էին գրել ԿԸՀ՝ պահանջելով չեղյալ անել իրենց անունից գրված մանդատից հրաժարվելու դիմումները: ԿԸՀ-ն 8 թեկնածուների դիմումը բավարարեց, նրանք մանդատներ կստանան:Հայկական ընտրական ավանդույթի համաձայն, թեկնածուները երկու դիմում են գրում՝ թեկնածու առաջադրվելու եւ ինքնաբացարկի:

Պարզվեց, որ այս անգամ նոտարով հաստատված ստորագրություններով թղթեր են եղել, որոնք հետո ինչ-որ մեկը լրացրել է որպես ինքնաբացարկի դիմում: Ինչպես ասել է այդ թեկնածուներից մեկը՝ սատանայական թուղթ է եղել, եւ հայտնի չէ՝ ինչ է գրված, ով է գրել:Այս իրադարձությունը գնահատվեց որպես բունտ Ծառուկյանի դեմ, ով միանձնյա էր որոշել ԱԺ-ում իր խմբակցության կազմը:

Եվ բնականաբար, եթե կա բունտ, ուրեմն կա կազմակերպիչ եւ որոշակի երաշխիքներ, այլապես այդ թեկնածուները նույնիսկ ատրճանակի փողի ներքո չէին գնա ԿԸՀ:Իսկ բունտի կազմակերպիչների պակաս չի զգացվի: ԶԼՄ-ներում արդեն բազմաթիվ անուններ են հնչում, որոնք բազմաթիվ պատճառներ ունեին կազմակերպելու այդ բունտը:

Ըստ էության, Հայաստանի ապաքաղաքական, հակապետական ու հակասահմանադրական համակարգն իր էությամբ «բունտածին» է, եւ այս հանգամանքը հատկապես սրվել է ներկայիս անցումային շրջանում, երբ պետք է ձեւավորվի նոր իշխանություն ու համակարգային նոր ստատուս-քվո՝ դրանից բխող տնտեսա-քաղաքական նոր քվոտաների բաշխմամբ:Երեւում է՝ անաղմուկ ընտրությունն ու հետընտրական զարգացումների բացակայությունը մի քիչ շատ էին այս համակարգի համար, որին միշտ «արյուն» է պետք:

Եթե չկա դրսում, ապա անմիջապես պայթում է ներսում: Եվ չի բացառվում, որ շուտով փողոցում մեկ այլ «հետընտրական զարգացում» կազմակերպվի՝ ներհամակարգային վտանգները չեզոքացնելու կամ իրար դեմ օգտագործելու համար:Ո՞վ է կազմակերպել բունտը: Ինքը համակարգը իր ներքին տրամաբանությամբ ու հարաբերությունների բնույթով: Մնացածը «մարտավարական» խնդիրներ են, որոնք ունեն բազմաթիվ շահառուներ: Օրինակ, դա կարող էր կազմակերպել հենց Ծառուկյանը, վերջին պահին ինչ-ինչ պայմանավորվածություններից խուսափելու համար:

Կարող էր կազմակերպել Հովիկ Աբրահամյանը՝ իր դերը համակարգում վերականգնելու եւ ԱԺ-ում «ենթախմբակցություն ստանալու» նպատակով, առավել եւս, որ դաշինքի ինքնաբացարկի դիմումները վավերացրել էր նրա նոտար դուստրը եւ գուցե հետո էլ լրացրել դրանք:Կարող էր կազմակերպել իշխանությունը՝ Ծառուկյանին լիակատար վերահսկողության տակ գցելով: Եվ հակառակը՝ դա կրող էր ուղղված լինել նաեւ իշխանության դեմ:Կարող էր կազմակերպել «գազպրոմյան օլիգարխիայի» թեւը՝ «սուվերեն օլիգարխիայի» ոչնչացման համատեքստում:
 Դե, իսկ Քոչարյանը կա ու կա, արդեն 10 տարի նա խնդիր ունի անընդհատ իր մասին հիշեցնելու:  Տարբերակներն ու վարկածները բազմաթիվ են: Բազմաթիվ են նաեւ նրանք, ովքեր համապատասխանում են «իսկ ում էր ձեռնտու» հայտնի հարցին: Կասկած չկա, որ առաջիկայում բոլոր այդ տարբերակներն ու վարկածները կհայտնվեն ԶԼՄ-ներում, ինչը «կլցնի» հետընտրական զարգացումների բացակայությունը:
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing