Բժշկի ուղղորդած դեղատանը 9 000 դրամի դեղերը վաճառել են 40 000 դրամով

57

hetq.am — Ապրիլի 11-ին մասնագիտությամբ հաշվապահ Լիլիթ Հարությունյանը 5 շաբաթական հղիությամբ դիմել է «Մոր  և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» (Մարգարյան հիվանդանոց)՝ ընթացիկ զննություն անցնելու համար: Մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Թադևոսյանը Լիլիթին ասել է, որ սաղմը դեռ փոքր է և չեն կարող ուլտրաձայնային հետազոտություն անել՝ պտուղը ստուգելու համար: Բժիշկն այդ օրը սաղմի մեծացման համար Լիլիթին մեկ շաբաթվա դեղ է նշանակել:

Մեկ շաբաթ անց արդեն Լիլիթ համար հիվանդանոցում անկետա են բացել, ուլտրաձայնային հետազոտություն արել, որտեղ երևացել է երեխայի սիրտը: Զննությունից օրեր անց՝ կիրակի օրը, Լիլիթն արյունահոսություն է ունենում, զանգահարում է բժշկին, որը նրան դեղ է նշանակում, սակայն հաջորդ օրը կինը վիժում է: Բժիշկը արգանդի խոռոչի մաքրման համար Լիլիթին «Միրոպրիստոն» և «Սայտոտեկ» դեղահաբեր է նշանակել, որոնք, Լիլիթի խոսքով, «ստիպել է» գնել հիվանդանոցի դեղատնից. «Բժշկուհին ստիպեց, որ ես իրենց մոտի դեղատնից գնեմ էդ դեղերը: Ասաց՝ դեղերն ամբողջությամբ արժեն 40 000 դրամ, և շատ թանկ դեղեր են ու պարտադիր պետք ա խմեմ, թե չխմեմ, ինձ ինչ-որ բան կլինի»:

Լիլիթի խոսքով՝ բժիշկ Թադևոսյանն իրենց ներկայությամբ զանգահարել է դեղատուն և դեղատան աշխատակցին ասել, թե ինչ դեղեր պետք է տա ամուսիններին: Այդ 5 դեղահաբի համար Լիլիթն ու ամուսինը՝ Միքայել Ջզդանյանը, վճարել են 40 000 դրամ: Սակայն, տուն հասնելով` արդեն վիժել է, և դեղերն ընդունելու կարիք չի ունեցել:

Հետագայում արդեն ամուսինները պարզել են, որ իրենց գնած դեղերի համար այլ դեղատներում 9 000-10 000 դրամ կարող էին վճարել՝ 40 000 դրամի փոխարեն, և որ այդ դեղերը վաճառվում են դեղատոմսով, այնինչ իրենք հիվանդանոցի դեղատնից դրանք գնելու համար դեղատոմս չեն տվել:

Ամուսիններն իրենց պետք չեկած դեղերը դեղատուն են հանձնել հաջորդ օրը: Վճարած 40 000 դրամը հետ ստանալու համար Միքայելը 20 օր սպասել է, եւ ստացել միայն այն ժամանակ, երբ դեղատանը մեծ աղմուկ է բարձրացրել. «Իմ գումարը վերադարձրել են, բայց ես ուզում եմ փոխանցել, որ իրենք ուրիշի վշտի, ցավի վրա գումար են աշխատում: Էդ դեղերն արժեն 9 000 կամ 10 000, ես շատով եմ ասում ձեզ, ընդամենը 5 հատ տաբլետկան, բայց իրենք մեզանից վերցրեցին 40 000 դրամ»:

Միքայելը բժշկին հայտնել է, որ դեպքի մասին տեղեկացնելու է լրատվամիջոցներին, որից հետո հեռախոսազանգեր է ստացել, իր աշխատավայր է եկել նաև Մերի Թադևոսյանի որդին և խնդրել չբողոքել, որ իրեն ամեն ինչով կօգնեն:

«Հետք»-ի հետ զրույցում մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Թադևոսյանը նշեց, որ ամուսինների` դեղահաբերի համար վճարած 40 000 դրամը նախատեսված է եղել երկու չափաբաժնի համար, սակայն այդ օրը այդ մասին չի ասել Լիլիթին և Միքայելին, ինչն էլ թյուրըմբռնման պատճառ է դարձել. «Ես նույնիսկ նրանցից մի քանի անգամ ներողություն եմ խնդրել, ասել եմ՝ կներեք, որ չեմ ասել դա երկու չափաբաժնի համար է նախատեսված»:

Բժշկի փոխանցմամբ՝ մի չափաբաժնով ամուսինները ապրիլի 23-ին պետք է ստանային 2 դեղահաբ «Миропристон» և 4 դեղահաբ «Սայտոտեկ», նույն քանակի դեղեր օրեր անց կրկին վերցնեին: Սակայն, բժշկուհին տեղյակ չէ, թե ամուսինները դեղատնից ինչ քանակի դեղ են վերցրել. «Ես ձեռ առ ձեռ ո՛չ տվել եմ, ո՛չ գումարի հետ գործ ունեմ: Կարևորն այն է, որ հիվանդը, եթե դեղը ընդուներ և դրանից նրան վնաս լիներ կամ օգուտ լիներ կամ պատճառ լիներ, կարելի էր ձեզ հետ քննարկել` մեկն է, երկուսն է, թե երեքն է: Բայց քանի որ դեղորայքը չի ընդունվել, և դեղորայքի գումարը բոլորը վերադարձվել է, ես անմիտ եմ համարում նման քննարկումը»,-ասում է Թադևոսյանը:

Միքայելի խոսքով` երկրորդ չափաբաժնի մասին իրենց որևէ բան չեն ասել, անգամ դեղատանը 8000 դրամ արժողությամբ «Миропристон» դեղահաբից մեկ հատ են տվել, ոչ թե երկուսը, ինչպես բժշկուհին է ասում:

Մերի Թադևոսյանը պատճառաբանում է, թե ամուսիններին մոտակա դեղատուն է ուղղորդել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ օրերին երկրում խառը իրավիճակ է եղել. «Ապրիլի 23-ին կաթվածահար վիճակում էր, և չորս կողմը փակ էր, այդ իսկ պատճառով հարմար գտա ամուսիններին դեղերը գնելու համար ուղղորդել հիվանդանոցի ներսում գործող դեղատուն»:

Մանկաբարձ-գինեկոլոգի նշանակած երկու դեղերն էլ 2014 թվականի օգոստոսի 1-ից հանվել են ազատ վաճառքից և հիվանդներին տրամադրվում են միայն բժշկի դեղատոմսի հիման վրա: Դիտարկմանը, թե նման պարագայում ինչպես են ամուսինները կարողացել դրանք ձեռք բերել առանց դեղատոմսի, գինեկոլոգն ասաց, որ դեղատան աշխատակցին հեռախոսով է ասել. «Բայց հիմա այնպիսի իրավիճակ է, որ դեղատոմս կարող ենք գրել, կարող ենք՝ չգրել: Էդ դեղատոմսերի հարցը հիմա կարող է օրակարգից դուրս գա: Դե, էն ժամանակ էլ էր տենց խառը, դա ամսի 23-ին էր: Դուք գիտեի՞ք մի ժամ հետո ձեզ հետ ինչ է լինելու, ես չգիտեի: Ենթադրենք բժիշկը դուրս չի գրել դեղատոմսը, թող լինի բժիշկը մեղավոր է այն չափով, որ ինքը դեղատոմս չի գրել: Եթե բժիշկը խորհուրդ է տվել գնալ մոտակա դեղատուն, թող բժիշկը մեղավոր լինի այդ չափով: Ուրիշ մեղավորություն ես այս դեպքում չեմ տեսնում»,-ասաց Մերի Թադևոսյանը:

Տեսանյութը` Դավիթ Բանուչյանի



Загрузка...