good-banner
Լրահոս

Ցայտնոտ. Ո՞վ է խախտել պայմանը

 

Սարգսյան-Ծառուկյան դաշինք ընդդեմ Սամվել Կարապետյանի՞

Բոլորը ցայտնոտի մեջ են, Արարատի մարզում քարոզարշավի ընթացքում իր քաղաքականություն վերադարձի մասին հայտարարել է Ծառուկյան դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ու՞մ նկատի ունի նա բոլորը ասելով, պարզ չէ:

Առաջին հայացքից բոլորը շատ պարզ նշանակում է բոլորը, սակայն հաշվի առնելով բոլորի շարքում Սերժ Սարգսյանի հանդեպ Ծառուկյանի բավական զուսպ եւ զգուշավոր մոտեցումը, առաջանում է այդ հարցը՝ նաեւ Սերժ Սարգսյա՞նն է ցայտնոտի մեջ:Ծառուկյանի հայտարարությանը նախորդել էր տեղեկություն այն մասին, որ Սերժ Սարգսյանն ու նա հանդիպել են:

Ըստ այդ տեղեկության, Սարգսյանին անհանգստացրել է այն, որ Ծառուկյանն իր աճող վարկանիշով ձայն չի թողնում ընդդիմությանը, ինչը առաջացնում է հետընտրական զարգացումների ռիսկ:Ներկայում հետընտրական զարգացումների մասին խոսում է միայն ՕՐՕ դաշինքը, չարժանանալով որեւէ այլ ուժի աջակցության: Անգամ անարձագանք մնաց ազգային համաձայնության խորհրդարանական կոալիցիա կազմելու վերաբերյալ դաշինքի առաջարկը մյուս ուժերին: Բայց, եթե մյուս ուժերը չհաղթահարեն 7 տոկոսը կամ 5 տոկոսը, իհարկե կա հավանականություն, որ ՕՐՕ դաշինքի հետ միասին գնան հետընտրական զարգացումների, ինչը կարող է առաջացնել բավական լուրջ խնդիրներ:

Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի կապակցությամբ Սարգսյանը հայտարարել էր, թե չի ողջունում դա: Բայց 2015-ին նրա հանդեպ բավական կոշտ դիրքորոշում ցուցաբերած Սարգսյանը գործնականում որեւէ բան չարեց Ծառուկյանին քաղաքականություն վերադառնալու արգելք հանդիսանալու համար: Ավելին, Սարգսյանը գուցե նույնիսկ խրախուսել է կամ խթանել այդ վերադարձը: Դա չի նշանակում զանգահարել եւ ցուցում տալ:

Բավական էր, որպեսզի Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին չտա իշխանության հետ կապված որեւէ երաշխիք 2018-ի համար՝ թե ինչ է լինելու կամ ով է լինելու դրանից հետո, որպեսզի Հայաստանում խոշորագույն կապիտալի կրող Ծառուկյանն առնվազն իր անձնական անվտանգության եւ բիզնես երաշխիքների համար վերադառնա քաղաքականություն եւ մասնակցի ընտրությանը:Ինչ կլիներ, եթե Ծառուկյանը չմասնակցեր դրան: Նա ունի մի քանի հարյուր հազար ձայն, նվազագույնը կես միլիոն, ըստ 2012 թվականի պաշտոնական տվյալների: Դա ՀՀԿ ձայները չեն, ՀՀԿ-ն չի կարող յուրացնել այդ կես միլիոնը, հետեւաբար առաջանալու էր խնդիր, ինչպես կառավարել կամ տնօրինել այդ դժգոհ ընտրազանգվածը: Մյուս ուժերն անկարող են մարսել այդքան:Եվ այս իմաստով իհարկե դժվար է ասել, Սերժ Սարգսյանի համար Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը մտահոգությա՞ն առարկա է եւ Սարգսյանն իսկապե՞ս ցայտնոտի մեջ է, իսկապե՞ս կարող էր չպատկերացնել իրադարձությունների այդպիսի ընթացք, թե՞ Սարգսյանը պարզապես սպասում էր, որպեսզի Ծառուկյանը կատարի մագնիսի էֆեկտը, հետո հավաքածը բաշխելու հարցում նրա հետ պայմանավորվելու համար:

Ի դեպ, ուշագրավ է, որ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման վերաբերյալ տեղեկատվությանը զուգահեռ հայտնի դարձավ նաեւ, որ մարտի 24-ին Հայաստան է այցելում ամենահարուստ հայը՝ միլիարդատեր Սամվել Կարապետյանը, ռուսաստանցի հայ գործարարների հետ, Հայաստանում ներդրումների մասին հայտարարություն անելու համար, որն ըստ տեղեկության կլինի մարտի 25-ին:Սամվել Կարապետյանն իր ներդրումներով անկասկած կարող է իրավիճակ փոխել Հայաստանում, սկզբունքորեն իրավիճակ փոխել: Ինչպես հայտնի է, Սամվել Կարապետյանը վարչապետ Կարեն Կարապետյանի աջակիցը, մտերիմն ու գործընկերն է, եւ դրա մասին ռուսաստանցի հայ գործարարների հետ փաստացի հայտարարեց դեռեւս հունվարին՝ Կարեն Կարապետյանի Մոսկվա այցից առաջ:

Միեւնույն ժամանակ, Սամվել Կարապետյանը նաեւ 2015 թվականի փետրվարի 16-ին Հովիկ Աբրահամյանի տանը կայացած Սարգսյան-Ծառուկյան հաշտության վկաներից մեկն է: Մյուսը ՀՅԴ-ն էր: Դրանից հետո հաշտության մասնակիցները գործնականում հանդիսացել են ներքաղաքական գործընթացների առանցքային դերակատարներ եւ այդ իմաստով հարց է, թե արդյոք ցայտնոտի մասին խոսելիս Գագիկ Ծառուկյանը կարող է նկատի ունենալ նաեւ Սամվել Կարապետյանին:Երբ Ծառուկյանը վերադառնում էր քաղաքականություն, մամուլում տեղեկություն եղավ, որ Սամվել Կարապետյանը գոհ չէ այդ հեռանկարից:

Արդյոք դա վկայում է, որ Ծառուկյանի վերադարձը Հովիկ Աբրահամյանի տանը ձեռք բերած պայմանավորվածությունների խախտում է, եւ ո՞ւմ է դրա համար պատասխանատու համարում Սամվել Կարապետյանը՝ Ծառուկյանի՞ն, որ վերադարձել է, թե՞ Սերժ Սարգսյանին, որ թույլ է տվել նրա վերադարձը:Եվ արդյոք Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հենց Սամվել Կարապետյանի այցին պատրաստվելու համար չէ, որ հանդիպել են:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing