good-banner
Լրահոս

Ցեղասպանության ճանաչումն ու Բունդեսթագը

 

org_rjox763

hayeli.am-ը գրում է. Հայաստանում գտնվող Գերմանիայի Ձախերի կուսակցության անդամ, Համբուրգ նահանգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլզերի համոզմամբ, Բունդեսթագում հունիսի 2-ին քվեարկվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը, ամենայն հավանականությամբ, կընդունվի, սակայն բովանդակային առումով թույլ կլինի։

«Ես կարծում եմ, որ այս բանաձևը այնքան էլ ամբողջական չէ, ինչպես Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը։ Ձախերի կուսակցությունը արդեն 10 տարի ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ և լավ է, որ, վերջապես, ունենք այդ բանաձևը։ Կարծում եմ, որ Գերմանիան այդ որոշման մեջ շատ չի խոսի իր պատասխանատվության մասին։ Նրանք պատրաստվում են ավելի մեղմ բանաձև ընդունել, որպեսզի չնեղացնի Թուրքիային։ Ես կարծում եմ, բանաձևը կընդունվի, սակայն այն շատ ուժեղ չի լինի։ Սակայն դա առաջին քայլը կլինի ճիշտ ուղղությամբ», – «Ազատության» հետ զրույցում ասել է գերմանացի պատգամավորը՝ ընդգծելով նաև, թե Գերմանիան պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, ինչպես նաև ընդունել իր պատմական մեղսակցությունը։ «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևը, որն առաջիկայում Գերմանիայի խորհրդարանում քվեարկության է դրվելու, մշակվել է Քրիստոնեա-դեմոկրատների և քրիստոնեա-սոցիալիստների միության, Կանաչների ու Սոցիալ-դեմոկրատների կողմից։

Ձախերի կուսակցության մեկ այլ անդամ, ազգությամբ թուրք մտավորական Հասան Բուրգուջուօղլուն ևս համոզված է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը Գերմանիայի խորհրդարանում կընդունվի։ Նրա կարծիքով, բանաձևի ընդունմանը կարող է խոչընդոտել միայն կանցլեր Անգելա Մերկելը, ով չի ցանկանում վտանգի տակ դնել Թուրքիայի հետ հարաբերությունները․ – «Ես վստահ եմ, որ բանաձևը կընդունվի Բունդեսթագում։ Միայն մեկ մարդ կարող է խանգարել դրան՝ կանցլեր Մերկելը։ Քանի որ վերջին շրջանում վարած քաղաքականությունը ցույց է տալիս, որ նա կանգնած է Թուրքիայի, Էրդողանի կողքին։ Չնայած Թուրքիայում լուրջ հանցագործություններ են տեղի ունենում, նա Էրդողանին միայնակ չի թողնում։ Ե՛վ մենք, և՛ գերմանացիները դժգոհ ենք այս քաղաքականությունից։»

Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձևը Բունդեսթագում ներկայացվել էր անցած փետրվարին, սակայն բուռն քննարկումներից հետո այդպես էլ չէր դրվել քվեարկության՝ Թուրքիայի հետ փախստականների հարցով բանակցային գործընթացը չվտանգելու պատճառաբանությամբ։

Կանաչների կուսակցության համանախագահ, օրինագծի հեղինակներից ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը օրերս հայտարարել է, որ բանաձևի ընդունումը Անկարայի հետ հարաբերություններում խնդիր կարող է առաջացնել, սակայն «Բունդեսթագը չի ենթարկվի Էրդողանի պես բռնապետի ճնշումներին»։

Հիշեցնենք, որ Բունդեսթագը 2005թ. արդեն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում` չօգտագործելով, սակայն, ցեղասպանություն եզրույթը: 2015թ. մարտին, երբ այս հարցը կրկին խորհրդարանի օրակարգում էր, խորհրդարանի նախագահ Նոբերթ Լամերտը հայտարարել էր, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում ողջ աշխարհի աչքի առաջ տեղի ունեցածը ցեղասպանություն էր: Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը ևս Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված հիշատակի արարողության ժամանակ օգտագործել էր ցեղասպանություն եզրույթը:

Գերմանիա-Թուրքիա հարաբերություններում Հայոց ցեղասպանության հարցն, իհարկե, որոշակի քննարկումների, լարման առիթ հանդիսացավ: Սակայն միանգամայն հասկանալի է Թուրքիայի ընդդիմացող պահվածքը: Իսկ ինչո՞ւ պետք է Թուրքիան իրեն այլ կերպ դրսևորի, մանավանդ, երբ պաշտոնական Անկարան նաև այլ հարցերում է իրեն բավական պահանջկոտ դրսևորում, հաճախ իր կամքը թելադրում ԵՄ երկրներին, իսկ վերջիններս էլ ստիպված են լինում հանդուրժել Էրդողանին` ինչ-ինչ շահերից ելնելով:

Մենք մեր ուշադրությունը պետք է սևեռենք երկրի ներսում պետականությունն ամրացնելու վրա: Տարբեր երկրների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը, թեև հոգեբանորեն դրական լիցք է տալիս, սակայն ամենևին էլ ողբերգություն չպետք է դարձնենք, եթե որևէ երկրում Ցեղասպանության ճանաչման հարցը կգնա այն ընթացքով, որը կանխատեսվում էր:

Մի օր Թուրքիայի որևէ իշխանություն ինքն էլ կճանաչի Հայոց Ցեղասպանությունը, հնարավոր է դեռ երկար ենք սպասելու այդ օրվան, հնարավոր է, որ այդ օրն այնքան էլ հեռու չէ: Դրանից հետո, համոզված կարելի է ասել, որ բազմաթիվ երկրներ` մեկը մյուսի հետևից, իրար հերթ չտալով կճանաչեն Հայոց Ցեղասպանությունը:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing