Չարաբաստիկ պատասխանատվությունից խուսափելու միտումով. Սերժ Սարգսյանը ավելի խոցելի է դարձրել ՀՀ անվտանգությունը

0

Աշխարհաքաղաքական հիմնական գործընթացները մեծ մասամբ կենտրոնացած են եվրոպական տարածաշրջանում, ինչի պատճառով հաճախ կարելի է մոռանալ, որ մեզանից արեւելք նույնպես երկրներ կան, որտեղ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում: Այդ համատեքստում հիշարժան է Ճապոնիան, որին սպառնում են Հյուսիսային Կորեայի առաջին հրթիռները: Եվ ահա, արտաքին այդօրինակ վտանգի պայմաններում այս պետության ներսում յուրօրինակ տեղաշարժեր են ընթանում:

Դեռեւս սեպտեմբեր ամսին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հարաբերությունները հրապարակավ հասել էին սարսափելիի եզրագծին, առաջինը անհանգստացան Հարավային Կորեան ու Ճապոնիան: Վերջիններս են համարվում Հս. Կորեայի առաջին թիրախները, եթե հանկարծ ճգնաժամը խաղաղ մեթոդներով այլեւս հնարավոր չլինի զսպել:

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի վերջին հայտարարությունն այն մասին, որ դիվանագիտությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն թափվել առաջին ռումբերը, ցուցիչ է, որ անգամ դիվանագիտական մակարդակում պատերազմի հավանականությունը չափազանց բարձր է գնահատվում:

Նման իրավիճակներում ժողովրդավարությունները խնդիր ունեն ուղիղ իմաստով հասկանալու հասարակական տրամադրությունները եւ հաշվի առնելու դրանք քաղաքականության մշակման հարցում: Անշուշտ, հայկական իրականության համար սա բավականին խորթ երեւույթ է, որտեղ Սերժ Սարգսյանն ու նրա իշխանությունը բառի ուղիղ իմաստով հասարակության կարծիքը գնելուց զատ, այլ կերպ չեն հարաբերվում վերջինի հետ: Ճապոնիայում, սակայն, իշխող ընտրանին, ի հեճուկս արեւելյան ավանդույթների, խելամտորեն խուսափում է ավտորիտարիզմից, ինչի վառ դրսեւորումներից մեկն էլ վարչապետ Շինզո Աբեի որոշումն էր արտահերթ ընտրությունների մասին:

Այդուհանդերձ, ճապոնական հասարակությանը կարծես կանխատեսելի ընտրություն է սպասվում: Գործող վարչապետը ներկայացնում է Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը, որի խոստումները՝ տնտեսությունը փակուղուց հանելու ուղղությամբ, հաջողությամբ չեն պսակվել: Դրա հետ մեկտեղ՝ Աբեն պաշտպանում է միջուկային տերություն դառնալու գաղափարը, որով իբրեւ պետք է հակակշռվի հյուսիսկորեական վտանգը: Սակայն հաշվի առնելով ճապոնացիների հետ պատահած արհավիրքը 1945թ., ինչպես նաեւ 2011թ. Ֆուկուսիմայի ատոմակայանի պայթյունը, հասարակությունը բնական հակազդեցություն ունի ատոմային զենքի նկատմամբ:

Աբեի կուսակցությանը կարող էր լուրջ մրցակից ստանալ հանձին Ճապոնիայի ժողովրդական կուսակցության, սակայն ամռան ընթացքում ներկուսակցական խնդիրները վերջինիս քայքայման դուռը հասցրին՝ հանգեցնելով կուսակցության գործիչների լուրջ արտահոսքին ու որպես անկախ թեկնածուներ առաջադրվելուն: Մի շարք այլ կուսակցություններ նույնպես դրսեւորվում են ասպարեզում, սակայն իրենց թուլությամբ ու ցրվածությամբ, դրանք չեն կարող էական հակակշիռ լինել Աբեի ԼԺԿ-ի համար: Նախնական կանխատեսումներով Ճապոնիայում Աբեի կուսակցությունը կրկին կգրավի առաջին տեղը՝ ստանալով մեծամասնության վստահությունը: Իսկ մնացած ձայները կբաշխվեն ընդդիմադիր մանր կուսակցությունների միջեւ: Շինզո Աբեն երրորդ անգամ թերեւս կդառնա Ճապոնիայի վարչապետ եւ հետպատերազմյան շրջանի պատմության մեջ կմնա որպես ամենաերկար կառավարած վարչապետը:

Ճապոնիայի վարչապետը արտահերթ ընտրությունների գնալու պատճառ, թվում է, չպետք է ունենար՝ հաշվի առնելով իր կուսակցության ստացած ձայները 2014թ. ընտրություններում ու ձեւավորած կոալիցիոն կառավարությունը: Սակայն Աբեի համոզմամբ՝ կարիք է առաջացել վերաթարմացնելու հասարակության տված մանդատը Հս. Կորեայի պատճառով ծագած համազգային ճգնաժամը հաղթահարելու համար: Արտահերթ ընտրությունների պատճառներից մեկն էլ նրա վարկանիշի նվազումն է, որը կրիտիկական կետի էր հասել ամռանը:

Ըստ էության, Աբեն ճապոնական հասարակությանն առաջարկում է կողմնորոշվել՝ իրեն կրկին վստահության քվե տալով: Ի տարբերություն այլ երկրների, որտեղ, օգտվելով առիթից, ընտրություններում հաղթելուց հետո իշխող կուսակցությունների կոալիցիան ու դրանց ձեւավորած կառավարությունն ատամներով կպահեր իշխանությունը, Ճապոնիայում խնդիր է դրվում ստանալ նոր մանդատ՝ անհրաժեշտ պահին հիմնվելով հասարակության վստահության վրա, վճռական որոշումներ կայացնելու համար: Աբեն ցանկանում է փոխել Ճապոնիայի Սահմանադրությունը, որը Համաշխարհային երկրորդ պատերազմի ծնունդը լինելով եւ թելադրված մեծ տերությունների շահերից, արգելում էր ճապոնական զորքերի օգտագործումը միջազգային հակամարտություններում:

Ըստ Սահմանադրության՝ ճապոնական զինված ուժերը կարող են ռազմական գործողությունների մեջ ներգրավվել միայն պետությունը արտաքին ագրեսիայից պաշտպանելու համար: Այժմ, երբ Ճապոնիան կանգնած է Հս. Կորեայի սպառնալիքի առաջ, սահմանադրական վերանայման կարիք է առաջանում: Սրա պահանջով հանդես են գալիս Ճապոնիայի գործող վարչապետն ու իշխող կուսակցությունը, որը այսժամ մեծամասնություն ստանալուց հետո կկարողանա գործադրել իր ծրագիրը եւ վերափոխել պետության մայր օրենքը:

Հետաքրքիր է, որ եթե Ճապոնիայում մայր օրենքը կարող է փոփոխվել միայն պետության անվտանգությունն ապահովելու համար, ապա Հայաստանում սահմանադրական փոփոխությունները արվում են մեկ մարդու իշխանության ամրապնդման համար՝ ի հեճուկս անգամ հարեւան Ադրբեջանի հետ պատերազմի վտանգի: Աշխարհում սահմանադրությունները փոփոխելու խնդիրն առաջանում է հասարակական կյանքը արդյունավետորեն կազմակերպելու ու պետության կառավարումը ավելի դյուրացնելու համար, այնինչ Հայաստանում դրա հիմքում ընկած է բացառապես մեկ անձի շահը: Սերժ Սարգսյանն իր անձնական իշխանության շարունակականությունն ապահովելու, ինչպես նաեւ չարաբաստիկ պատասխանատվությունից խուսափելու միտումով փոխեց ՀՀ Սահմանադրությունը, եւ արդյունքում ոչ թե ամրապնդվեց, այլ ավելի խոցելի դարձավ ՀՀ անվտանգությունը:

Ն. Հովսեփյան



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache