Լրահոս

Չարթնացնել «միջազգային խուլիգանին». Խաչաձեւ սպասում

 

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ ԵՄ հետ շրջանակային համաձայնագիրը, որի ստորագրումը սպասվում է նոյեմբերին, չի հակադրվում Հայաստանի որեւէ պարտավորության հետ: Եվրամիության դեսպանն անկասկած առաջին հերթին նկատի ունի ԵՏՄ առաջ Հայաստանի պարտավորությունները եւ ակնարկում է, որ ԵՄ հետ նոր համաձայնագիրը ԵՏՄ դեմ չէ:
Ըստ ամենայնի, կա բավական լուրջ խնդիր, կապված Ռուսաստանի վերաբերմունքի հետ: Փորձագետները պարբերաբար բարձրացնում են այն, հարցադրում անելով եւ մտավախություն հայտնելով, թե արդյոք Ռուսաստանը չի խոչընդոտի նոր համաձայնագրի ստորագրումը:
Այստեղ իրավիճակը իհարկե բազմաշերտ է: Մի կողմից, Ռուսաստանի համար գուցե նույնիսկ նախընտրելի է, որ Հայաստանը ստորագրի ԵՄ հետ շրջանակային նոր համաձայնագիրը: Հայաստանը կլինի այդպիսի հարաբերություն ունեցող ԵՏՄ անդամ միակ պետությունը, եւ կստացվի, որ դրա շնորհիվ՝ Հայաստանի միջոցով, ինչ որ իմաստով Եվրամիության շրջանակում լեգիտիմություն է ստանում նաեւ ԵՏՄ-ն:
Այսինքն, ճանաչելով ԵՏՄ անդամ Հայաստանն ու այսպես ասած իրավապայմանագրային հարաբերություն հաստատելով նրա հետ, Եվրամիությունն ինչ որ իմաստով անուղղակիորեն ճանաչում եւ իրավական հարաբերության մեջ է մտնում նաեւ ԵՏՄ հետ: Իսկ ԵՏՄ միջազգային լեգիտիմությունը մի խնդիր է, որ Ռուսաստանի համար նկատելի առաջնահերթություն է: Այդպիսով, Հայաստան-ԵՄ համաձայնագիրը Մոսկվայի համար այդ առաջնահերթության գուցե ոչ մեծ եւ ոչ ուղղակի, բայց նշմարելի քայլ է:
Մյուս կողմից, Ռուսաստանի քաղաքականությունը վերջին տարիներին ունի մր «կարմիր գիծ» կամ «»իդեա-ֆիքս»: Չունենալով համաշխարհային մրցունակության ներուժ, հայտնվելով միջազգային մեկուսացման մեջ, Ռուսաստանը ներկայում իր աշխարհքաղաքական «հավատամքը» կառուցում է «խանգարելու» տրամաբանության վրա, ցույց տալու համար Արեւմուտքին, որ կարող է խանգարել, խնդիրներ ստեղծել այս կամ այն ուղղությամբ: Այդ տեսանկյունից, արեւմտյան դիվանագիտական շրջանակներում բնորոշումը թերեւս դիպուկ է՝ Ռուսաստանն իրեն պահում է միջազգային «խուլիգանի» նման:
Այդ առումով, առկա է ռիսկ, որ Մոսկվայի պահվածքում ինչ որ հետեւանքով կարող է գերիշխել ոչ թե սթափ ու պրագմատիկ հաշվարկը եւ Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի անուղղակի էֆեկտի գերադասումը, այլ «խուլիգանի» բնույթը, եւ Մոսկվան փորձի փչացնել հայ-եվրոպական երկրորդ նոյեմբերը:
Առավել եւս, որ ներկայում բավական ոչ միարժեք իրավիճակ է Ռուսաստանում, եւ դժվար է ասել, թե ով է այնտեղ իշխանությունը, ինչ սկզբունքով են կայացվում որոշումները, ինչ շրջանակներ են ազդում Պուտինի վրա, կամ ինչ խմբեր են կառավարում նրա գործողությունները:
Ռուսաստանում ակնհայտորեն իշխանության ներքին տրանսֆորմացիայի ռեժիմ է, որը թելադրված է հենց միջազգային պատժամիջոցների հետեւանքով ստեղծված ծանր իրավիճակով: Տեղի է ունենում իշխանության ներքին ստատուս-քվոյի փոփոխություն, եւ բավական բարդ է ասել, թե այդ պայքարում մասնակից տարբեր տնտեսա-քաղաքական եւ ֆինանսական խոշոր խմբերը ինչ չափով եւ ինչպես են դիտարկում Հայաստանը, կամ Ադրբեջանը, Կովկասը ընդհանրապես, ինչ շահեր կան եւ այլն:
Այդ իմաստով, Եվրամիության դեսպանն անում է ուշագրավ հայտարարություն, ասելով, որ Հայաստանի իշխանությունը մինչ այժմ չի կայացրել որեւէ որոշում, որը լուրջ տարաձայնություն կենթադրեր Եվրամիության հետ կամ կդիտվեր ԵՄ հանդեպ թշնամական: Ակնհայտ է, որ ԵՄ դեսպանը նոյեմբերից առաջ փորձում է թույլ չտալ Հայաստան-ԵՄ-Ռուսաստան տիրույթում որեւէ սուր անկյուն, որը կարող է Ռուսաստանի մեջ արթնացնել «խուլիգանին»:
Այդ իմաստով հատկանշական է երկկողմ օրակարգի վրա կենտրոնանալու Սվիտալսկու հայտարարությունը, առավել եւս ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը հայաստանյան օրակարգ ներմուծելու ԵԼՔ դաշինքի քայլի ֆոնին: Սվիտալսկին ասում է, որ հետեւում է այդ քայլին, բայց որոշում կայացնողը Հայաստանի ժողովուրդն է: ԵՄ դեսպանը փաստացի հայտարարում է, որ ԵՄ-ն որեւէ կերպ չի վերաբերում այդ որոշմանը, եւ մինչ այժմ էլ Հայաստանի որոշումները չի համարում թշնամական: Միեւնույն ժամանակ, նա կոչ է անում կենտրոնանալ երկկողմ օրակարգի վրա:
Փաստացի, ԵՄ դեսպանը փորձում է Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի գործընթացը հեռու պահել ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունից, Եվրամիությունը սահմանազատել դրանից, թերեւս կանխարգելելով որոշակի «մեղադրանքներ»՝ որ ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը արեւմտյան, եվրոպական նախաձեռնություն է: Դեսպանի հայտարարության տողատակում նշմարվում է մտահոգություն, որ կարող են գտնվել շրջանակներ, որոնք կփորձեն նախաձեռնությունն օգտագործել Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման հեռանկարի դեմ, փորձելով հավաստիացնել կամ համոզել Կրեմլի որոշում կայացնողին կամ կայացնողներին, որ պետք է տապալել շրջանակային համաձայնագրի ստորագրումը, քանի որ այն փաթեթային դավադրություն է ԵՏՄ դեմ:
Թերեւս այդ պատճառով ԵՄ դեսպանը շտապում է Եվրամիությանը հնարավորինս հեռու պահել այդ նախաձեռնությունից, այդպիսով հնարավոր մանիպուլյացիոն հետեւանից փորձելով զերծ պահել Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման գործընթացը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing