Չեղարկվեց Կազանյան պլանի վերջին էջը

0

ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման Սերժ Սարգսյանի քայլին, ասել է, թե Ռուսաստանն իր կողմից ամեն ինչ արել է երկու երկրների հարաբերության կարգավորման համար, ինչն ըստ նրա բխում է երկու երկրների շահից:Ռուսաստանն անշուշտ արել է շատ բան հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության արդյունավետության համար: Այդ գործընթացին զուգահեռ, Ռուսաստանն առաջ էր մղում այսպես կոչված կազանյան պլանը, որի առաջընթացով ուղղակիորեն պայմանավորվում էր հայ-թուրքական արձանագրությունների առաջընթացը:

Երբ ապրիլի քառօրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանը բացահայտեց կազանյան պլանը՝ փաստացի հաստատելով այն, ինչի մասին մինչ այդ ահազանգում եւ պատերազմի ռիսկի մասին էին զգուշացնում ընդամենը մեկ-երկու լրատվամիջոց ու մի քանի փորձագետ՝ արժանանալով կամ մեղադրանքների, կամ հեգնանքի, առավել պարզ դարձավ, որ այդ պլանը լիովին համապատասխանում էր Թուրքիայի առաջադրած պայմաններին:

Սերժ Սարգսյանի համար թե ֆուտբոլային դիվանագիտությունը, թե կազանյան գործընթացը Հայաստանում իր բավական երերուն իշխանությունն ամրացնելու միջոց էր: Նա թերեւս չէր հավատում թե մեկի, թե մյուսի հաջողությանը, կազանյան պլանի դեպքում լավ պատկերացնելով, որ դրա «իրականացում» հնարավոր է միայն Հայաստանին պատերազմով պարտության մատնելու դեպքում:Ի վերջո, Ադրբեջանը հենց պատերազմով էլ փորձեց իրականացնել պլանը, եւ Ռուսաստանն էլ մի քանի օր փորձեց չխանգարել, բայց այդ պլանին խանգարեցին հայկական զինուժն ու հանրությունը, որից հետո էլ Սերժ Սարգսյանը բացահայտեց ու այդպիսով փաստորեն չեղարկեց կազանյան պլանը: Երկու տարի անց էլ Սարգսյանը չեղարկում է այդ պլանի ստվերը՝ հայ-թուրքական արձանագրությունները:Ըստ երեւույթին, հայ-թուրքական արձանագրությունները պետք է լինեին Հայաստանի «մխիթարությունը» պատերազմում պարտության դիմաց:

Հաշվարկե՞լ էին Սերժ Սարգսյանն ու Արեւմուտքը, որ չնայած Ռուսաստանից ստացած բազմամիլիարդ հարձակողական սպառազինությանը եւ Հայաստանի՝ Ռուսաստանից չստացած 200 միլիոն դոլարի զենքին, Հայաստանը դիմադրելու է եւ չի պարտվելու, փաստացի հաղթելու է, էապես փոխելով տարածաշրջանի իրավիճակը:Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը այդ ցիկլի ավարտն է, եւ Սարգսյանը դրանով գործնականում արձանագրում է Հայաստանի հանդեպ եւ տարածաշրջանում ռուսական տասնամյա քաղաքականության ու ռազմավարության խոշոր պարտությունը:Միեւնույն ժամանակ, Երեւանն այդպիսով Ռուսաստանին ընձեռում է քաղաքականության վերանայման նոր շանս, այդ թվում իհարկե հայ-թուրքական հարաբերության գործոնին հղում անելու միջոցով, բայց արդեն դե ֆակտո արգելափակելով այդ հարցում Արցախը մանրադրամ դարձնելու գործնական հնարավորությունը:

Ապրիլի պատերազմից առաջ Ադրբեջանի սպառազինության երկրորդ խոշորագույն մատակարար Իսրայելը հայ-թուրքական սահմանի հարեւանությամբ Հայաստանին առաջարկում է ներդրում Ազատ տնտեսակա գոտի ձեւավորելու համար՝ Գյումրի-Մարմաշեն ճանապարհին, դեպի ԵՏՄ լոգիստիկ կենտրոն դառնալու հեռանկարով, շեշտը դնելով առայժմ օդային հաղորդակցության վրա:Սերժ Սարգսյանն ամիսներ առաջ Ռուսաստանին առաջարկել էր Գյումրին դարձնել ռազմարդյունաբերական կենտրոն՝ ռուսական ռազմակայանի բազայի վրա, այդ ռազմակայանի գոյությունը փաստացի վերաիմաստավորելու առաջարկով ու հնարավորությամբ:

Ռուսաստանն առայժմ գոնե հրապարակավ չի արձագանքել այդ առաջարկին: Ինչ կլինի հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումից հետո, հատկապես, երբ Ռուսաստանը մտնում է մի փուլ, երբ ավելի ու ավելի շատ քննարկումներ են սպասվում «կյանքը Պուտինից հետո» թեմայով:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache