Չընդունված օրենսգիրք. ինչ է սպառնում Փաշինյանին

85

ՀՀ ազգային ժողովում երկրորդ անգամ գումարված արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը կրկին չստացավ բավարար ձայներ:

Փաթեթի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն, մինչդեռ կողմ քվեարկեց 62-ը:

Այդ չարաբաստիկ 1 ձայնը կարող էր լինել ՀՅԴ-ից, բայց չեղավ: Դաշնակցությունն այն քաղաքական ուժն է, որին ինչ-որ բան համոզելն ամենապրիմիտիվ գործն է իշխող քաղաքական ուժի համար, անկախ նրանից, թե այդ իշխող ուժը որն է: Բավ է ասեք՝ Արծվիկ Մինասյանին նախարարական պորտֆել կտրվի, և Դաշնակցությունը կաներ այնպես, ինչպես պետք էր:

Սա է պատճառ դառնում, որ շատերի մոտ կարծիք է ձևավորվում, թե վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի մոտ ԸՕ-ն բարեփոխելու առաջանահերթություն չկար, նրա մտքին չկար այդ փոփոխություններն իրականացնել և դրա համար էլ չի գործադրել բավական ուժ, որպեսզի հասներ փաթեթն ընդունելուն:

Սակայն հին ԸՕ-ով անթույլատրելի է գնալ արտահերթ ընտրությունների, այս դեպքում չնախատեսված հանգուցալումը կարող է նոր իշխանությունների համար ցավոտ լինել և հեղափոխության մեջ մեծ նահանջ ապրեցնել:

Ինչևէ, ԸՕ-ն չի ընդունվել, ռեյտինգային համակարգը կգործի նաև խորհրդարանական այս ընտրությունների ժամանակ, իսկ ռեյտինգային թեկնածուներ Փաշինյանի թիմն այդպես էլ չի կարողացել ձևավորել: Չենք կարող թվարկել գոնե 5 թեկնածու, ովքեր կկարողանան ռեյտինգային համակարգով մրցել պայմանականորեն Սամվել Ալեքսանյանի, Բանանի արքա Միհրան Պողոսյանի, Տարոն Մարգարյանի աներձագ Ռոբերտ Սարգսյանի, ՍԱՍ-ի Արտակ Սարգսյանի, Ավշարի Արայիկի, Սյունիքում Վահե Հակոբյանի թիմի և այլոց հետ:

Փաշինյանի կառավարության համար կազուսային իրավիճակ է ստեղծվել, եթե այս ԸՕ-ով գնա արտահերթ ընտրությունների, կունենա այս խորհրդարանից քիչ տարբերվող հաջորդը, եթե երկրորդ ընտրության ժամանակ վարչապետ ընտրվի և շարունակի կառավարել, չի բացառվում, որ ՀՀԿ-ն կամ ՀՅԴ-ն կբարձրացնեն իմպիչմենտի հարցը:

Այնպես որ, Փաշինյանի միակ հնարավորությունն այս իրավիճակում կուլիսային և ոչ հրապարակային համաձայնություններ ձեռք բերելն է, որի ճանապարհն էլ կարծես թե Փաշինյանը բռնել է:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache