Լրահոս

Չընկնել «լարած թակարդը»

 

Սեպտեմբեր 12-ին Նյու Յորքում մեկնարկեց ամենահեղինակավոր միջազգային կառույցի՝ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը: Ընդհանուր բանավեճը, որի ընթացքում ուղերձներով հանդես կգան պետությունների նախագահները, վարչապետերը կամ արտգործնախարարները, սկսվելու է մեկ շաբաթից՝ սեպտեմբերի 19-ին:

Այս տարվա Ընդհանուր բանավեճի առանցքային թեման է՝ «Կենտրոնացում մարդկանց վրա, ձգտում կայուն մոլորակի վրա բոլոր մարդկանց համար խաղաղության և բարենպաստ կյանքի»: 72-րդ նստաշրջանին ընդառաջ ՄԱԿ-ը հրապարակել է օրակարգին վերաբերող փաստաթղթեր, որոնք առնչվում են կրթությանը, բնապահպանությանը և սոցիալական զարգացմանը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այս տարվա նստաշրջանը նախագահելու է Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը: Նա ասել է, որ իր նախագահության առաջնահերթություններն է համարում շարքային մարդկանց կյանքի բարելավումը, հարատև խաղաղությանն ուղղված բանակցությունները, միգրացիան, զարգացման կայուն նպատակների քաղաքական խթանումը, կլիման և մարդու իրավունքների ու հավասարության հարցերը:

Ընդհանուր բանավեճի ավանդական ընթացակարգով 193 երկրների և ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող կազմակերպությունների կամ կազմավորումների ներկայացուցիչներին ելույթի համար տրվում է 15 րոպե, սակայն պատմության ընթացքում բանախոսները հաճախ են գերազանցել այդ սահմանափակումը:

Ամենաերկար ճառով հանդես է եկել Կուբայի հանգուցյալ առաջնորդ Ֆիդել Կաստրոն, ով 1960 թվականի սեպտեմբերի 26-ին խոսել է 269 րոպե: ԱՄՆ-ի նախագահներից ամենաերկար ելույթները Բարաք Օբամայինն էին՝ ՄԱԿ-ում նրա ուղերձների միջին տևողությունը 38 րոպե էր: 72-րդ նստաշրջանն առաջինն է ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի համար: Ընդհանուր բանավեճի նախօրեին Թրամփը կազմակերպելու է համաժողով, որի ընթացքում կներկայացնի իր հայեցակարգը ՄԱԿ-ի կառուցվածքային փոփոխության վերաբերյալ: Ռուսաստանը հաղորդել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարվա Ընդհանուր բանավեճին չի մասնակցի, նրա փոխարեն Նյու Յորք կմեկնի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով ելույթ կունենա սեպտեմբերի 21-ին:

Հայաստանը ՄԱԿ-ի 72-րդ նստաշրջանում կներկայացնի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Նյու Յորքում սեպտեմբերի երկրորդ կեսին կհանդիպի իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ:

Այս հանդիպման հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որոշակի հույսեր են կապում: Բաքուն, սակայն, այս հանդիպմանն ընդառաջ կոչ է արել Անկարային ու Թբիլիսիին ընդլայնել փոխգործակցությունը հակամարտությունների կարգավորման հարցում: Այդ մասին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց օրեր առաջ Բաքվում եռակողմ հանդիպման արդյունքներով. «Անկասկած, մենք հանդես ենք գալիս դիվանագիտական ճանապարհով հակամարտությունների կարգավորման օգտին: Հակամարտությունների հարցը քննարկվում է բոլոր միջազգային կազմակերպություններում, և կարծում եմ՝ մենք պետք է է՛լ ավելի ընդլայնենք այդ հարցում փոխգործակցությունը»: Նա նշել է, որ ԳՈւԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) անդամ երկրների տարածքում չկարգավորված հակամարտությունների հարցը կրկին հայտնվել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանի օրակարգում:

Իհարկե, Ադրբեջանը մշտապես փորձել է օգտագործել ՄԱԿ-ի հարթակը` տեղափոխել ԼՂ խնդիր ՄԱԿ, ներկայացրել է բազմաթիվ բանաձևեր: Մի կողմից, Բաքուն Վրաստանին և Թուրքիային ուղղված իր կոչով, ցույց է տալիս, թե իբրև ցանկանում է հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն մյուս կողմից պարզ է, որ դա ամբողջությամբ պատրանք է և որոշակի ճնշման տարբերակ` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Եվ սա բոլորը, այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները շատ լավ գիտակցում են, Ալիևի «աճպարարությունները» ոչ ոքի համար նորություն չէ:

Բացի այդ, պաշտոնական Երևանին ձեռնտու չէ ՄԱԿ-ի օրակարգում ԼՂ խնդրի վերաբերյալ ադրբեջանական դիրքորոշմամբ, որ հայանպաստ ձևակերպումներով նոր փաստաթղթի շուրջ քննարկումները ՄԱԿ-ի ամբիոնից:

Բայց իրավիճակը այլ է, նաև այն առումով, որ հայկական կողմը, որոշակի առավելություններ, հարմար դիրք է ստացել` ապրիլյան պատերազմից հետո: Ադրբեջանական ռազմատենչ քաղաքականությունն ի ցույց դնելը կոնկրետ արդյունքներ կարող է տալ:

Եվ հաջորդը. կա նաև այլ խնդիր: Ադրբեջանը նոր սադրանք է լարել` ներքաշելով նաև Վրաստանին, կոչ անելով նաև Թբիլիսիին` ընդլայնել փոխգործակցությունը հակամարտությունների կարգավորման հարցում: Ադրբեջանն ակնհայտորեն փորձում է ներքաշել Վրաստանին, որպեսզի Երևանի և Թբիլիսիի փոխհարաբերություններում խնդիրները խորանան:

Սա լուրջ բացթողում կլինի, եթե հայկական դիվանագիտությունը դա թույլ տա տեղի ունենալ: Մանավանդ հիմա, երբ Երևան-Թբիլիսի հարաբերություններում որոշակի խնդիրներ են առաջացան այն բանից հետո, երբ Վրաստան-ԱՄՆ զորավարժություններին Հայաստանը հրաժարվեց մասնակցել: Այս խնդիրներով էր, թերևս, պայմանավորված օրերս Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի այցը Երևան:

Սեպտեմբերի 11-ին Սերժ Սարգսյանն այսօր ընդունել էր Միխեիլ Ջանելիձեին: Նրանք անդրադարձել են տարբեր ոլորտներում հայ-վրացական փոխգործակցությանը և երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերին: «Միխեիլ Ջանելիձեն հանդիպման սկզբում երախտագիտություն է հայտնել բարեկամ Հայաստանին՝ Բորժոմիում բռնկված անտառային խոշոր հրդեհի մարման գործում ցուցաբերած զգալի աջակցության համար: Սերժ Սարգսյանը և Միխեիլ Ջանելիձեն երկկողմ հարաբերություններից բացի քննարկել են միջազգային կառույցների շրջանակներում հայ-վրացական փոխգործակցությանը, ինչպես նաև բազմակողմ ձևաչափով հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, անդրադարձել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին»,- նշվել էր նախագահականի հաղորդագրության մեջ: Ջանելիձեին ընդունել էր նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ «նախարարները գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին տարիներին երկու հարևան ու բարեկամ երկրների հարաբերությունները զգալի զարգացում են ապրում»:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing