Լրահոս

Չեխիայի պատգամավորների 90 տոկոսից ավելին կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը

 
 chexia-parlament

 yerkirmedia.am-ը գրում է. Չեխական մամուլը պատգամավորների շրջանում հարցում է անցկացրել, և հարցմանը մասնակցած պատգամավորների գերակշիռ մասը` 90 տոկոսից ավելին, կողմ է արտահայտվել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Չեխիայի «orer.eu» եվրոպական անկախ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը:

«Հարցմանը մասնակցել են պատգամավորներ թե իշխանական, թե ընդդիմադիր կուսակցություններից: Նրանք ասել են, որ 1915 թվականին կատարվածը  ցեղասպանություն է, և պետք է դա ընդունվի: Այնտեղ մեկ, երկու պատգամավորներ կան, որոնք նաև Եվրախորհրդարանի անդամ են և ամբողջությամբ թուրքամետ, ադրբեջանամետ են: Նրանք տարիներ շարունակ դեմ են եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, բայց այս անգամ և’ հասարակական կարծիքը, և’ քաղաքական մթնոլորտը բարենպաստ են: Չի բացառվում, որ ավելի հավանական դառնա Հայոց ցեղասպանության ճանաչման տարբերակը»,-ասաց Հակոբ Ասատրյանը: Նրա տեղեկացմամբ, պատգամավորներից մեկն առաջարկել էր, որ նախագահ Զեմանը նախագահի նստավայրում բացի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես:

Հակոբ Ասատրյանը նշեց, որ տեղի հայ համայնքը պետք է շարունակի իր ունեցած միջոցներով նպաստել այդ ճանաչման գործընթացին: Նախագահի վերադարձից հետո այդ թեմայի շուրջ քննարկումները կշարունակվեն, և հույս կա, որ ինչպես պատգամավորներից մեկն է ասել, աշնանային շրջանում այդ հարցը կդրվի քննարկման:

Ինչ վերաբերում է թուրքական լոբբիին, ապա նա ասաց, որ այն միշտ ակտիվ գործում է: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բոլոր միջոցառումներին Թուրքիայի դեսպանը գալիս էր, ելույթ էր ունենում, բայց դա հակառակ ազդեցությունն էր թողնում լսարանի վրա: Ըստ նրա` հիմա էլ Թուրքիան գործի կդնի իր դիվանագիտական խողովակները, և չպետք է մոռանալ, որ Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկը սերտ հարաբերություներ ունի թուրքերի հետ:

«Կարծում եմ, տեսնելով հասարակական կարծիքի բուռն արձագանքը, Չեխիայի նախագահի, ինչպես նաև մյուս քաղաքական ուժերի աջակցությունը, ամեն դեպքում առաջընթաց կլինի: Կարող ենք ասել, որ դեռ նախորդ տարվանից հող է նախապատրաստված: Նախորդ տարի Չեխիայի խորհրդարանի պատագամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության մասին, դա նույնպես կարելի է օգտագործել»,-ավելացրեց Հակոբ Ասատրյանը:

Հակոբ Ասատրյանը նշեց, որ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը` Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկան, Հայոց ցեղասպանոթյան ճանաչման ջատագովներից է: Կաթոլիկ եկեղեցին աջակցում է հայ համայնքին:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...