Չեզոքացվել է հայ-վրացական սահմանամերձ մարտահրավերը. Թբիլիսիի ժեստը

2

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այդ երկրի Մառնեուլի ադրբեջանաբնակ շրջանում մերժել է «Խոջալուի ցեղասպանության զոհերի» հիշատակ հարգելու ադրբեջանցի երիտասարդներից մեկի առաջարկը, ասելով, որ Վրաստանը հետեւում է արցախյան հակամարտությանը եւ դեմ է լարվածության աճին:Վրաստանի նախագահի քայլը կարեւոր քաղաքական դրվագ է թե հայ-վրացական ու վրաց-ադրբեջանական, թե ռեգիոնալ քաղաքականության տեսանկյունից:

Հայաստանի հանրության մի շարք շրջանակներ տարիներ շարունակ մեծ դժգոհությամբ են արձանագրել թե Ադրբեջանի, թե Թոււրքիայի հետ Վրաստանի լավ հարաբերությունն ու Վրաստանի տնտեսության մեջ ադրբեջանական, թուրքական ներդրումների հանգամանքը: Այդ հարցում հատկապես շատ է մեղադրվում նախկին նախագահ Սահակաշվիլին: Լիովին հասկանալի է հայկական վերաբերմունքի «արմատը», առավել եւս նկատի ունենալով հայերի ցեղասպանության վերաբերյալ Թբիլիսիի դիրքորոշումը:

Մյուս կողմից, Վրաստանն անշուշտ չի կարող առաջնորդվել հայկական էմոցիաներով եւ շահերով եւ դա չհասկանալը Հայաստանին չի տա ոչինչ, ավելորդ եւ անպետք լարվածությունից ու խնդիրներից բացի:Դրան զուգահեռ, Վրաստանն այդ իմաստով կարող է դիտարկվել նաեւ որպես ռեգիոնալ լարվածության յուրօրինակ լիցքաթափման հարթակ, որտեղ հնարավոր է անուղղակիորեն կառուցողականացնել Թուրքիայի եւ Ադրբեջանի ընդհանուր առմամբ դեստրուկտիվ եւ վտանգավոր քաղաքականությունը: Ընդ որում, մեծ հավանականությամբ Վրաստանը այդ դերում դիտարկվում է նաեւ Արեւմուտքում, ինչով պայմանավորված նկատելի է, որ Արեւմուտքը իր վրա է վերցրել Թբիլիսիի անվտանգային կարողությունները գեներացնելու պատասխանատվությունը՝ ներդրումային հնարավորությունները թողնելով այլ ուղղությունների վրա:

Գործնականում այստեղ էլ հնարավոր է ուշագրավ զուգահեռ Հայաստանի հետ, նոր իրավիճակում դերակատարման մասով, որտեղ Երեւանն էլ կարող է դառնալ Ռուսաստանի գլոբալ ապակառուցողականությունը լիցքաթափելու հարթակ Արեւմուտքի համար:Միաժամանակ, Թբիլիսին հստակ է պատկերացնում նաեւ իր շահը, որի սահմանը ադրբեջանա-թուրքական ներդրումների եւ Վրաստանի անվտանգության միջեւ բավական նուրբ է, բայց բավական հստակ է վրացական պետականության համար խախտման հետեւանքի առումով:

Վրաստանի նախագահը գործնականում դրսեւորել է հենց այդ առումով պետական «սահմանապահություն», ցույց տալով, որ Թբիլիսին Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ իր հարաբերությամբ հանդերձ, մտադիր չէ դառնալ նրանց քաղաքականության գործիքը տարածաշրջանում:Սա իհարկե ժեստ է նաեւ հայկական կողմին, դրացիական, քաղաքական, անվտանգային, որում ակնառու դրսեւորվում է անվտանգության ռազմավարական խնդիրների Թբիլիսիի ընկալումը:

Այդ ժեստն առավել ուշագրավ է դիտվում բառացիորեն օրերս Հայաստան Վրաստանի ներքին գործերի նախարար Գիրոգի Գախարիայի այցի ֆոնին: Հատկապես, որ Գախարիան Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը խոսել էր նաեւ «սահմանամերձ տարածաշրջաններում յուրահատուկ մարտահրավերների» մասին, կարեւոր համարելով հայ-վրացական երկկողմ հակազդեցությունը դրանց:Հայաստանում կայացած պաշտոնական քննարկման ֆոնին Վրաստանի նախագահի ժեստը Մառնեուլիում գործնականում փոխադարձ հայ-վրացական վստահության ժեստ է:Խոշոր հաշվով, հայ-վրացական փոխադարձ վստահության աստիճանով է պայմանավորված ռեգիոնալ անվտանգությունն ու դրա հեռանկարը, ինստիտուցիոնալ վերափոխման ռազմավարությունն ընդհանրապես:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache