Լրահոս

Չկա մեկը, որ Արթուր Ասատրյանից (Դոն Պիպոյից) դժգոհ կամ հիասթափված լինի. Արտակ Սերգոյանը հերքում է

 

Մարտի 26-ին Էջմիածնի մշակույթի պալատում կազմակերպվել է հանդիպում: Էջմիածնեցիները սկայպի միջոցով կապ են հաստատել Իտալիայում բնակվող իրենց համաքաղաքացու՝ Արթուր Ասատրյանի (Դոն Պիպոյի) հետ: Վերջինս հայտարարել է, որ միանշանակ սատարելու է Կարեն Կարապետյանին, իսկ ռեյտինգայինում՝ ՀՀԿ ցուցակով առաջադրված գեներալ Սեյրան Սարոյանին:

Այս հանդիպումից հետո մամուլում սկսել են տարածվել լուրեր, թե Դոն Պիպոն իր շուրջն է համախմբել երիտասարդներին ու հեռվից հեռու իրենց հորդորել ընտրել ՀՀԿ-ականներին: Հրապարակման մեջ նշված է նաև, որ երիտասարդներն այս հանդիպումից դուրս են եկել հիասթափված, իսկ մի քանի սպորտսմեն տղաներ նույնիսկ իրենց դժգոհությունն են հայտնել այդ առնչությամբ:

Անդրադառնալով հրապարակմանը՝ NEWSPRESS.am-ի հետ զրույցում Արթուր Ասատրյանի օգնական Արտակ Սերգոյանը նկատեց, որ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

«Չկա մեկը, որ հիասթափված լինի Արթուր Ասատրյանից: Թող իրենք այդ սխալ կարծիքներն իրենց պահեն»,- ասաց նա:

Արտակ Սերգոյանի խոսքով՝ կան լրատվամիջոցներ, որոնք փորձում են երևույթը ներկայացնել հակառակ կողմից և քանդել երկիրը: Խոսելով մարզիկների հնարավոր հիասթափությունից և դժգոհությունից՝ Արտակ Սերգոյանը նշեց. «Էջմիածնեցի մեծ սպորտսմենների անուններ են տվել. մենք աշխարհի չեմպիոններ ունենք, որ եկել են մեր հանդիպմանը: Էջմիածնում չկա այդպիսի մարդ, որ զոռով ու պարտադրված է եկել: Բոլորը հաճույքով եկել են և կողմ են Արթուր Ասատրյանի ցանկացած դիրքորոշմանը: Դա մի կողմից, մյուս կողմից էլ հրապարակման մեջ ասվում է, որ այնտեղ միայն տղաներ են եղել: Թող նայեն տեսագրությունը. ամբողջ քաղաքն էր էնտեղ, մոտ հազար հոգի, մենք նաև հյուրեր ունեինք: Իսկ եթե նշվում է կոնկրետ սպորտի ոլորտը, թո՛ղ մտնեն ցանկացած մարզական սրահ և հարցնեն, թե ինչ դժգոհություններ ունեն»,- ասաց մեր զրուցակիցն ու հավելեց, որ քաղաքում չկան դժգոհություններ:

Արտակ Սերգոյանը ևս մեկ անգամ նկատեց, որ սատարում են Կարեն Կարապետյանին: Այդ նպատակով այսօր Հայաստանում է ավելի քան եվրոպական 200 կառույցի ներկայացուցիչ:

«Մենք հասկանում ենք՝ սրա հետևում ովքեր կան կանգնած, ովքեր են պատվիրատուները: Գիտենք, որ շատերը վատ կզգան, որ մենք ռեյտինգային ցուցակում ընդգրկվածներից Սեյրան Սարոյանին ենք սատարում և հայտարարեցինք, որ իրեն ենք ձայն տալու»,- նշեց Սերգոյանը՝ հավելելով, որ ավելի մանրամասն թեմային կանդրադառնա 2 օր հետո՝ ասուլիսի ժամանակ:

Նա միայն վստահեցրեց, որ քաղաքում բոլորն Արթուրին սիրում են, բոլորը սպասում են:

«Չկա մեկը, որ նրանից դժգոհ լինի կամ հիասթափված: Թո՛ղ գտնեն գոնե մեկ բնիկ էջմիածնեցի, որ ասի, թե ինքը հիասթափված է Արթուր Ասատրյանից, չկա նման բան»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

newspress.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing