Չորրորդ նախագահի առաջին երկու քայլերը

0

Մարտի 2-ին հայտնի դարձավ Հայաստանի չորրորդ նախագահը, թեեւ գործնականում խորհրդարանի ընտրությունը վերածվել էր ֆորմալության, եւ ավելի վաղ հստակ էր, որ մեծամասնության առաջադրած թեկնածուն՝ Արմեն Սարգսյանը, խորհրդարանում կստանա անհրաժեշտ քվեները առաջին փուլով նախագահ ընտրվելու համար:Կառավարման նոր մոդելի պայմաններում չորրորդ նախագահը ամենեւին չունի այն լիազորությունը, որ կար նախորդ երեքի ձեռքում: Ներկայիս իրավիճակում դա Արմեն Սարգսյանին ամենից հաճախ տրվող հարցն է, թերեւս մեկ էլ քաղաքացիության մասին հարցը:

Արմեն Սարգսյանը ձեւակերպել է իր իշխանության առանցքը՝ «խոսքի ուժը», ասելով, որ իշխանություն ունենում են ոչ միայն վարչական լծակի, այլ նաեւ գաղափարների, տեսլականների, մտքերի միջոցով: Անկասկած, անգամ այդ իշխանության համար պահանջվում է ռեսուրս, եւ Արմեն Սարգսյանը թերեւս ակնկալում է իշխանության այդ առանցքը՝ «խոսքի ուժը» ամրացնել այն տնտեսական եւ քաղաքական-դիվանագիտական ռեսուրսով, որ պաշարել է արտերկրում գործունեության, այդ թվում դիվանագիտական ծառայության ընթացքում:Ի՞նչ կստացվի Սարգսյանի մոտ: Չորրորդ նախագահի խնդիրը կղզիացած չէ Հայաստանի ներքաղաքական կյանքում եւ կազմում է խորքային համակարգային տրանսֆորմացիաների մաս:

Դրանք էլ իրենց հերթին ազդված են ոչ միայն ներքին իրողություններից ու անձանց ցանկություններից, այլ նաեւ արտաքին մեծ վերափոխումներից, որոնք թե ռիսկերի ու սպառնալիքների, թե նաեւ հնարավորությունների ահռելի պաշարով ծավալվում են աշխարհում եւ Հայաստանի շուրջ:«Խոսքի ուժի» հայեցակարգում Արմեն Սարգսյանն արդեն իսկ կատարել է երկու առանցքային քայլ, անելով երկու հիմնարար ձեւակերպում, որոնք կարող են դիտարկվել նաեւ քաղաքացիական-քաղաքական ազդակներ:Խոսքը վերաբերում է Հայաստանի չորրորդ հանրապետության առաջին նախագահը լինելու մասին նրա հայտարարությանը, ու նաեւ Արցախի բանակցային գործընթացում «ամեն ինչ ուզելու դիրքորոշմամբ» մասնակցելու անհրաժեշտության մասին հայտարարությանը:

Արմեն Սարգսյանն իհարկե հայտարարեց, որ չորրորդ հանրապետություն արտահայտությունը այլաբանություն է եւ չունի ուղղակի իմաստ: Իհարկե, փոքր ինչ տարօրինակ է, որ կային մարդիկ, որոնք ուղիղ իմաստով էին ընդունել այդ հայտարարությունը: Արմեն Սարգսյանն ազդարարում է, որ հնարավոր չէ բարեփոխել երրորդ հանրապետության իշխող համակարգը, քանի որ դա զուտ վատ անձերի համակարգ չէ, այլ խորքային բազմաթիվ արատներ ունեցող մի համակարգ, որը հնարավոր չէ ենթարկել որակական հիմնարար փոփոխության:Այդ համակարգը կամ կա այդպես, կամ չկա: Արմեն Սարգսյանի Չորրորդ հանրապետություն այլաբանության հաղորդագրությունը թերեւս այն է, որ այդ համակարգը հեռացնելու համար պետք է սկսել նոր համակարգի կառուցումը, որովհետեւ այլ կերպ գործողը հեռացնելը հնարավոր չէ, որակապես հիմնովին փոխելը հնարավոր չէ, իսկ առանց այլընտրանքի հեռացնելը հղի է լուրջ ռիսկերով, հաշվի առնելով Հայաստանի անվտանգային խնդիրները:

Գործնականում, Չորրորդ հանրապետություն այլաբանությունը նոր քաղաքացիական-քաղաքական համակարգ, այլ կերպ ասած մտածողություն կառուցելու առաջարկն է, քանի որ յուրաքանչյուր համակարգ նախ եւ առաջ մտածողություն է, արժեքներ:Արցախի հակամարտության գործընթացի մասով Արմեն Սարգսյանը փաստացի անում է աննախադեպ հայտարարություն, ասելով, որ ցանկացած բանակցության պետք է գնալ այն դիրքորոշմամբ, որ դիմացինը գիտենա՝ դու բանակցում ես ամեն ինչ ուզելու, ամեն ինչ վերցնելու համար:Սարգսյանի այդ ձեւակերպումը հիմնարար կերպով տարբերվում է Արցախի խնդրում հայկական պետական երկու տասնամյակի մոտեցման տրամաբանությունից, երբ բանակցային դիրքորոշումը հենց սզբից կառուցվել է ինչ որ բան տալու պատրաստակամության վրա, ինչն էլ բերել է նրան, որ Ադրբեջանը անընդհատ պահանջել է ինչ որ ավելի բան: Խորքային հետեւանքը փակուղին էր, ապրիլյան պատերազմի Ադրբեջանի կիսալեգիտիմ իրավունքը, որը չեղարկվեց միայն Հայաստանի զինուժի եւ հասարակության ամուր դաշինքով:

Բայց, եթե Հայաստանը չի փոխում բանակցային գործընթացի հանդեպ պետական մոտեցման փիլիսոփայությունը, հայեցակարգը, ապա իրավիճակը ներկայիս տրամաբանության պարագայում վաղ թե ուշ դարձյալ կարող է բերել Ադրբեջանի պատերազմի իրավունքի միջազգային լեգիտիմացման: Ըստ այդմ, Հայաստանի համար խնդրի լուծումը միայն պաշտպանական ամրությունը հզորացնելը չէ, այլ նաեւ խնդրի քաղաքական հայեցակարգը փոխելը, որպեսզի խաղաղության եւ անվտանգության ծանրությունը չընկնի անմիջապես ռազմական բաղադրիչի վրա:Արմեն Սարգսյանի երկու հիմնարար հաղորդագրությունների հանրային արձագանքը դեռեւս չունի մեծ շոշափելիություն: Միեւնույն ժամանակ, հայաստանյան իրողությունների պարագայում դա գուցե օբյեկտիվ իրավիճակ է:

Շոշափելիության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ Արմեն Սարգսյանը պետք է աշխատի, շատ: Գործնականում, նա թերեւս չունի էլ անելու այլ բան: Այդտեղից է սկսվում իր իշխանությունը, հակառակ դեպքում այդտեղ էլ այն կավարտվի:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache