Չստացված խոստում. Ելքը կարծես թե գտնվեց

5

   lragir.am -Երեկ Հանրապետության հրապարակում ընդդիմությունը հռչակեց պայքարի նոր փուլը՝ թավշյա հեղափոխություն: Հայաստանով մեկ պետք է ստեղծվեն հեղափոխական կոմիտեներ, շարունակվի կառավարության աշխատանքը կաթվածահար անելու մարտավարությունը:

«Առաջիկա օրերին կձևավորենք ժողովրդական թավշյա հեղափոխության կոմիտեներ, որը կղեկավարի այս շարժումը և կհասցնի հաղթական ավարտին: Հեղափոխական կոմիտեներ կստեղծվեն հանրապետության բոլոր բնակավայրերում ու մարզերում: Շատ շուտով ՀՀ բոլոր գերատեսչությունները, այդ թվում՝ ոստիկանությունը պետք է կատարեն ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ հեղափոխական կոմիտեների հրամանները», հանրահավաքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Երեկ խորհրդարանի երեք խմբակցությունները՝ ՀՀԿ, Ծառուկյան եւ ՀՅԴ, վարչապետ ընտրեցին Սերժ Սարգսյանին: Նիկոլ Փաշինյանը եւ այլ խմբեր նախաձեռնել էին Սերժ Սարգսյանի վարչապետությունը տապալելու փորձ, որն անհաջողության մատնվեց: Ապրիլի 16-ին Բաղրամյան փողոցում փորձ արվեց ճեղքել ոստիկանական շղթան ու շրջափակել ԱԺ-ի շենքը, եղավ բախում, սակայն փորձը տապալվեց: Ապրիլի 17-ին փորձը չկրկնվեց:

Նիկոլը ավելի վաղ խոստացել էր, որ տապալելու են Սերժ Սարգսյանի վարչապետությունը: Դժվար է ասել՝ արդյոք իսկապես կար համոզմունք, որ ոստիկանությունը չի փակելու ցուցարարների ճանապարհը, թե բավարար չի եղել հավաքվածների քանակը, որպեսզի ոստիկանությունը տեղի տա: Գուցե ժամանակը չէր բավականացրել, կամ գուցե անպատրաստ են եղել, սակայն ապրիլի 16-ի զարգացումները ցույց տվեցին, որ քիչ ինչ խախտված էր պայքարի քայլերի «հաջորդականությունը»:

Վերջին օրերի փողոցային պայքարն ուժեղ է իր մեխանիզմներով ու տեխնոլոգիաներով, սակայն ինչպես նշում են շատ փորձագետներ, պակասում է «դահլիճային մասը»: Այսինքն, նախքան փողոց դուրս գալը պետք էր նախապատրաստել փաթեթ, որն ուղղված կլիներ հանրության ամենատարբեր շերտերին, որում հստակ պարզաբանված կլինեին թե պայքարի նպատակներն ու դրանց հասնելու մեխանիզմները, թե նաեւ այն, թե ինչ է սպասվում իրենց: Դա փաստացի չի արվել, փոխարենը ակցիաների ընթացքում հընթացս կոչեր էին հնչում ոստիկաններին, գործարարներին եւ այլոց, որ այս ամենը նաեւ իրենց համար է:

Շատերն այս օրերին բերում են Սերբիայի Օտպոր շարժման օրինակը, որը հասավ Միլոշեւիչին իշխանությունից հեռացնելուն: Սակայն կար մի էական տարբերություն՝ նախքան հրապարակ մտնելը արվել էր հսկայական նախապատրաստական աշխատանք, այդ թվում ոստիկանության, օլիգարխների, նոմենկլատուրայի հետ: Եվ երբ շարժումը փողոց դուրս եկավ, այն արդեն հաղթած էր՝ փողոցում ընդամենն արձանագրվեց այդ հաղթանակը:

Երեկվա հանրահավաքում հնչած պայքարի նոր փուլի ու մեխանիզմների վերաբերյալ հայտարարությունը կարող է դառնալ նման աշխատանքի սկիզբը: Շարժման ղեկավարները հայտարարում են, որ տարածքներ են վերցրել Երեւանում, սակայն ֆիզիկական նվաճումները բավարար չեն. Դա պետք է լրացվի այնպիսի բովանդակությամբ, որը կլուծի ավելի խորքային խնդիրներ, ընդհուպ մտածողության ու արժեհամակարգի քայլ առ քայլ նվաճումը:

Սա ծանր ու հնարավոր է երկարատեւ աշխատանք է, որը չի արել ոչ մի ընդդիմություն, բայց որը Հայաստանում ծայրից ծայր դեգրադացված հանրային-պետական կյանքն ու արժեհամակարգը փոխելու եւ իշխող համակարգին հաղթելու թերեւս ամենաարդյունավետ եղանակն է:

Իշխող համակարգը միայն իշխանությունը չէ, այն հիմնված է նախեւառաջ հանրային դեգրադացված արժեհամակարգի վրա: Իշխանության հանդեպ համատարած ատելությունը, որին հղում են անում շարժման ղեկավարները որպես հաջողության երաշխիք, շատ քիչ բան է նշանակում, իրականում այդ ատողների մեծ մասը նույն արժեհամակարգի կրողն են:

Կարո՞ղ են շարժման ղեկավարներն անել այս բարդ ու պատասխանատու քայլը: Դրա հնարավորությունը եւ հիմքը կա՝ ակտիվ ու արժանապատիվ երիտասարդությունը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache