Չստացվեց պայման դնել Փաշինյանի առաջ. ՀՅԴ առերեսումը

162

1in.am — Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչներ, Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին, Սպարտակ Սեյրանյանին և Արսեն Համբարձումյանին, որոնց հետ քննարկվել են ընթացիկ իրավիճակին ու առաջիկա զարգացումներին վերաբերող հարցեր: Հատկանշական է, որ Փաշինյանի հետ հանդիպմանը չկան կուսակցության փաստացի ղեկավար Հրանտ Մարգարյանը, խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հիշարժան է նաև, որ այդ հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Փարիզում Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը մասնակցելու առիթով գտնվելու ընթացքում հանդիպել է Դաշնակցության սփյուռքյան ներկայացուցիչների հետ և քննարկել Հայաստանի իրավիճակի հետ կապված հարցեր:

Նիկոլ Փաշինյանն այդպիսով բավական թափանցիկ կերպով ակնարկեց, որ ՀՅԴ-ն դիտարկում է այդ կուսակցության լայն շրջանակով, այդպիսով նաև հոկտեմբերի 2-ի առնչությամբ իր վերաբերմունքը հայտնելով կուսակցության դե ֆակտո ղեկավարների հասցեին: Այդ ղեկավարների հանդեպ վերաբերմունքը, ինչպես հայտնի է, շատ վաղուց միարժեք չէ նաև Դաշնակցության սփյուռքյան կառույցներում, որոնք մի քանի փորձեր են արել ղեկավարությունը փոխելու համար, տարբեր տարիներին, սակայն մշտապես բախվել ոչ այնքան ՀՅԴ ներկայիս ղեկավարների, ինչքան Հայաստանի իշխանության դիմադրությանը: Թե ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը դիմադրում դրան, լիովին հասկանալի է: Դաշնակցության ղեկավարության, և այդ միջոցով քաղաքական դիրքորոշումների սկզբունքային փոփոխությունը կարող էր բերել նրան, որ նախկին իշխանությունը՝ ի դեմս ՀՅԴ-ի, կունենա ոչ թե իշխանության համար ամեն ինչի պատրաստ հարմարվողական մի ուժ, այլ ընդդիմություն, ընդ որում՝ եզակի կամ բացառիկ գաղափարական և կենսունակ: Ի վերջո` նաև այստեղ է խնդիրը, որ նոր Հայաստանում, երբ պահանջվում են արդեն իսկապես քաղաքական որակներ, ՀՅԴ-ն կենսունակ չգտնվեց և գործնականում աչքի ընկավ ոչ թե նոր իրավիճակին համահունչ գործողություններով, այլ դրան տրամագծորեն հակառակ, դառնալով հոկտեմբերի 2-ի արկածախնդրության մասնակիցներից մեկը: Դա գուցե նաև վերջին կաթիլն էր, կամ գուցե ՀՅԴ ղեկավարների վերջին փո՞րձը՝ իրավիճակը կամ կուսակցության լիդերությունը փրկելու հարցում:

Այսինքն՝ ներկայիս զարգացումները ոչ թե առաջացել են հոկտեմբերի 2-ից, այլ կային գուցե վաղուց, և ՀՅԴ-ում էլ նոր իրավիճակը փորձ է արվել աստիճանաբար ծառայեցնել կուսակցության ռեֆորմացիային, և հոկտեմբերի 2-ին կատարված քայլը ՀՅԴ հայաստանյան լիդերների փորձն էր փրկել իրավիճակը կամ ստեղծել մի վիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը կգնար իրենց հետ բանակցելու և այդ ժամանակ նրա սեղանին կդրվեր սփյուռքյան կառույցների հետ հակադրության մեջ իրենց աջակցելու հարցը՝ ինչպես նախկին իշխանության դեպքում: Սակայն այդ վերջին փորձը տապալվեց, և ոչ թե Նիկոլ Փաշինյանի առաջ է դրվում պայման, այլ փաստորեն Փաշինյանն է պայման դնում, կամ պարզապես չի խանգարում սփյուռքյան կառույցներին դնել այդ պայմանը ՀՅԴ լիդերների առաջ և, այսպես ասած, վերադարձնել գաղափարական Դաշնակցությունը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache