Ցինիկ հարված սահմանին. իրավիճակի վտանգավոր նենգափոխում

0

Երեւանում տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. տեղական և միջազգային տեսանկյուններ» խորագրող միջազգային քննարկում , որին մասնակցել են նաեւ Հայաստանում աշխատող արտասահմանցի դիվանագետներ, Արցախի խնդրի ուղղությամբ աշխատած փորձագետներ եւ այլն:

Արցախի հակամարտությունից ի վեր, կամ առաջին պատերազմի հրադադարի հաստատումից, այսպես ասած կարգավորման գործընթացից հետո եղել են «խաղաղության» միջնորդության խորագրերով բազմաթիվ նախաձեռնություններ, կոնֆերսնաներ, հայ-ադրբեջանական տարաբնույթ շփումներ:Դժվար է ասել, թե այդ շարքում որերորդն է մարտի 15-ին Երեւանում անցկացված կոնֆերանսը:Այդ ամենի արդյունքը կամ հետեւանքը եղել է այն, որ հակամարտության կարգավորում կոչվող գործընթացը մտել է փակուղի, Ադրբեջանը ստացել է պատերազմի իրավունք, որն էլ փորձել է օգտագործել 2016-ի ապրիլին:Իհարկե, այդ ամենը բացառապես դրանց հետեւանքը չէր, այլ գուցե առաջին հերթին ուրիշ ազդեցիկ գործոնների, նաեւ հայկական դիվանագիտական սխալների:

Բայց ակնհայտ է, որ «խաղաղասիրական» այդ ծախսերը սնուցել են ոչ թե կայունությունն ու խաղաղությունը, այլ Ադրբեջանի ռազմատենչությունը: Այլ բան լինել չէր կարող, քանի որ ծախսի հիմքում, ով էլ այն անելիս լիներ, ինչպիսի դոնոր կազմակերպություն կամ կառավարություն էլ լիներ կազմակերպիչ, եղել է հայկական եւ ադրբեջանական կողմերի «համահարթեցումը»:Մի բան, որ էապես անհրաժեշտ է եղել Ադրբեջանին, օգնելով պատրաստվել պատերազմի:Օրինակ, ինչու՞ է խաղաղության հեռանկարների մասին կոնֆերանսը անցկացվում Հայաստանում: Իհարկե հնարավոր է ասել, թե սա դիվանագիտական հմտություն է՝ ռազմատենչ Ադրբեջանի ֆոնին Հայաստանում տեղի է ունենում խաղաղության կոնֆերանս, ցույց տալով, թե որքան առավել քաղաքակիրթ է Հայաստանը:Դա պարզունակ է, համենայն դեպս քանի դեռ այդ կոնֆերանսի մասնակից որեւէ արտասահմանցի դիվանագետ կամ փորձագետ միարժեք եւ հստակ չի հայտարարել, որ լարվածության եւ պատերազմի վտանգի համար միարժեք պատասխանատու է Ադրբեջանը, որը ցուցաբերում է բացահայտ ագրեսիվ քաղաքականություն, հռետորաբանություն, որը պարբերաբար դիմում է սադրանքների եւ չի համաձայնում հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի տեղակայմանը:Երբ Երեւանի խաղաղության միջազգային կոնֆերանսներում կհնչեն այդօրինակ հստակ գնահատականներ, այդ կոնֆերանսները կստանան Հայաստանի եւ ռեգիոնալ խաղաղության ու անվտանգության շահին համապատասանող իմաստ:

Այլապես հարց է առաջանում, թե որն է դրանց իմաստը, դրանց միջոցով երկու կողմերին հերթական անգամ «համահարթեցնելու», խաղաղության ու կայունության համար պատասխանատվությունը լղոզելու, կարգավորման վերացական տարբերակների մասին սեթեւեթելու իմաստը, երբ խաղաղությունը ներկայումս պահում է մեկ մարդ, եւ այդ մեկ մարդը հայ զինվորն ու հրամանատարն է:Կգնա՞ խաղաղության կոնֆերանսների եւ տարբեր նախաձեռնությունների, «փորձագիտական» աշխատությունների փողը խաղաղությունը իրապես պահող մարդուն՝ հայ զինվորին ու հրամանատարին որեւէ կերպ ծառայելու, նրա դիրքը, հետեւաբար խաղաղությունն ու կայունությունը ամրացնելուն:Չի գնա: Լավ, գոնե Ադրբեջան կգնա՞, որպեսզի այնտեղ վերածվի խաղաղության դիսկուրսի՝ պաշտոնական հայատյացության ֆոնին: Չի գնա, որովհետեւ դա արդեն չի լինի «համահարթեցում», մինչդեռ խնդիրը հենց դա է:Միեւնույն ժամանակ, կա նաեւ մեկ այլ խնդիր եւ համահարթեցման մեկ այլ տրենդ, որ կարծես թե ներկայում փորձում է նրբորեն առաջ մղել Ադրբեջանը:Խոսքն այն մասին է, թե խնդրի չկարգավորվածությունը պետք է միայն Ռուսաստանին, քանի որ դրա միջոցով է նաեւ ազդում Հայաստանի եւ Ադրբեջանի վրա:Ասել, թե այստեղ չկա ճշմարտություն այն մասով, որ Ռուսաստանի համար արցախյան խնդիրը ռեգիոնալ ազդեցության լծակ է թե Հայաստանի, թե Բաքվի վրա, կլինի իհարկե անմտություն:

Միեւնույն ժամանակ, նույնքան անմտություն կլինի ասել, թե որեւէ այլ աշխարհքաղաքական ուժային կենտրոնի համար արցախյան խնդիրը ոչ թե աշխարհքաղաքական սեփական շահը սպասարկելն ու ռեգիոնալ ազդեցության համար պայքարի միջոց է, այլ այդ կենտրոնները վառվում են պարզապես երկու ժողովուրդներին հաշտեցնելու ցանկությամբ:Բայց, տվյալ պահին շահերն ու մարդասիրությունը անկասկած պետք է դիտարկել լիովին տարբերակված, սակայն բավական հստակ նկատելի է մի բան. Ադրբեջանի համար Ռուսաստանի գործոնը դառնում է «համահարթեցման» նոր կռվան կամ գաղափար:

Տողատակում պարզ ու թափանցիկ ակնարկն է՝ Ադրբեջանն էլ զոհ է, Ռուսաստանի կայսերապաշտության զոհը, ամեն ինչ կազմակերպեց ԿԳԲ-ն, կռվացրեց երկու ժողովուրդներին, իսկ հիմա թույլ չի տալիս հաշտվել արդեն ռուսական ԿԳԲ-ն:Այդ «տրենդը» հատկապես վերջին շրջանում Ադրբեջանը փորձում է առաջ մղել միջազգային որոշ «անկախ փորձագետների» միջոցով, իսկ Սումգայիթի ջարդերի օրերին դրա մասին ուղղակի բաց տեքստով խոսում էին ադրբեջանցի պաշտոնյաները, թե այդ ամենը կազմակերպել էր ԿԳԲ-ն, ադրբեջանցիները ընդամենը զոհ-գործիք էին:Այդ իսկ պատճառով «խաղաղության կոնֆերանսները» գալիս են Երեւան, ոչ թե գնում են Բաքու: Գուցե այն պատճառով, որ դրանք գալիս են հենց Բաքվից, ուղղակի մի քանի տրանզիտով:Համենայն դեպս ակնհայտ է, որ խաղաղության կարգախոսների եւ դեկլարատիֆ տեքստերի ֆոնին իրականում տեղի է ունենում խաղաղության հեռանկարի աղճատում, Ադրբեջանի պատասխանատվության փոշիացում եւ պատերազմի իրավունքի սնուցում: Տեղի է ունենում խաղաղության եւ պատերազմի հասկացությունների նենգափոխում, որի ծանր հետեւանքը  կյանքի գնով զսպում են հայ զինվորն ու սպան:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache