Լրահոս

Ցույց տվեք մեկ այլ երկիր, որտեղ «ահաբեկիչներին» սատարում է ժողովուրդը

 

14085

7or.am — Հայաստանը յուրահատուկ երկիր է՝ իր ամեն ինչով, նույնիսկ քաղաքական պայքարի դրսևորումներով։ Վերջին օրերի զարգացումները դրա վառ ապացույցն են։ Ուրիշ էլ ո՞ր երկրում կտեսնեք, որ ոստիկանության ՊՊԾ գունդ գրաված զինված «ահաբեկիչներին» սատարի ժողովրդի զգալի հատվածը։ Ավելի՛ն, որպեսզի նրանց գլխից մի մազ անգամ չպակասի, գնան ու գիշեր–ցերեկ մնան փողոցում՝ այդպիսով պաշտպանելով «ահաբեկիչ» տղաներին «չահաբեկիչ» իշխանություններից։

Հատկապես երեկվա օրը ռուբիկոն էր վերջին շրջանի քաղաքական կյանքում. մարդիկ կրկին արթնացան թմբիրից, ինքնակազմակերպվեցին, ինքնաբուխ ոտքի կանգնեցին նաև Սարի թաղի երիտասարդները ու նույնիսկ տարեցները, մյուսներն էլ կամավոր ցույցի գնացին Խորենացի փողոց։ Իսկ բոլորի պահանջը ոչ թե զինված խմբին ոչնչացնելն էր, այլ իշխանության հարձակումից նրանց պաշտպանելը, արյունահեղությունը կանխելը և, իհարկե, Սերժ Սարգսյանի հրաժարականը։
«Եթե «Սասնա ծռերը» ահաբեկիչ են, ուրեմն մի ահաբեկիչ էլ մենք ենք»,–հայտարարում էին մարդիկ և բոլոր միջոցներով իրենց աջակցությունը ցույց տալիս խմբի անդամներին։ Բայց սա ոչ թե այն պատճառով է, որ հայերը հոգեբանությամբ ահաբեկիչ են և բռնության հանդեպ հակում ունեն։ Ամենևին էլ ո՛չ։ Սա այն պատճառով է, որ սովորական քաղաքացիները քաղաքական պայքար մղելու, իշխանություն փոխելու մնացած բոլոր քաղաքակիրթ տարբերակներից զրկված են։

Ընտրություն կեղծելով, տնտեսությունն ավերելով, քաղաքական մենաշնորհ ստեղծելով, սեփական ժողովրդին արհամարհելով ու իր նեղ շրջապատի հետ կարմիր գծերով, տեսախցիկներով, հարկային ռեպրեսիաներով մարդկանց տեռորի ենթարկելով՝ ուրիշ էլ ի՞նչ ճանապարհ է Սերժ Սարգսյանը թողել ժողովրդին, եթե ոչ քաղաքացիական անհնազանդությունը։ Ուրիշ էլ ո՞նց ժողովուրդը Սերժ Սարգսյանին աշոտյան անի, եթե ոչ նման ծայրահեղ ճանապարհով։ Ու այս հանգրվանի միակ մեղավորը հենց Սերժ Սարգսյանն է, ոչ թե ժողովուրդը, որ պայքարում է իր ոտնահարված իրավունքների և երկրի ապագայի համար։

Հիշե՛նք, Սերժ Սարգսյանն իր նախագահության առաջին տարիներին մեծ–մեծ կոչ էր անում, թե հավատանք, որ փոխվենք։
«Հավատանք, որ փոխենք մեզ ու մեր երկիրը, փոխենք մեր հոգեբանությունն ու վերաբերմունքը Հայաստան պետության հանդեպ, փոխենք մարդկանց, ովքեր իրենց տեղում չեն, փոխենք, որ հավատանք մարդկանց ու օրենքներին»,–հայտարարում էր նա։
Այն ժամանակ արդեն իսկ պարզ էր, սակայն այսօր առավել քան ակնհայտ է, որ նման բարձրագոչ խոսքեր ասելով՝ Սերժ Սարգսյանը պարզապես դեմագոգիայով էր զբաղված։ Իսկ իրականում նրա միակ նպատակն է ամեն գնով՝ թեկուզ հայրենիքը կործանելու, կառչած մնալ աթոռին, առավել ևս, որ այդ աթոռին մնալու ամեն մի օրը շատ կոնկրետ փող է բերում իր անձնական բանկային հաշվին։
Սերժ Սարգսյանը չհավատաց ու չփոխվեց, իսկ ես այսօր կոչ կանեմ գոնե մեկ անգամ իրոք լսենք Սերժ Սարգսյանին, հավատանք, որ փոխենք մեզ ու մեր երկիրը, փոխենք մեր հոգեբանությունն ու վերաբերմունքը Հայաստան պետության հանդեպ, փոխենք մարդկանց, ովքեր իրենց տեղում չեն, փոխենք, որ հավատանք մարդկանց ու օրենքներին, այսինքն՝ ….ՓՈԽԵՆՔ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ՛Ն։

Դավիթ Մարտոյանի ֆեյսբուքյան էջից

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...